«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ իրավապահները գաղտնալսման գործով «հանցավոր խումբ» բացահայտեն:
Ինչպես հայտնի է` 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին եղել Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Արդյունքում` դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով), հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց` նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ` ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հրապարակված գաղտնալսումից անցել է 10 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, կամ երկու, կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք, իսկ թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Իսկ մինչ այդ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը հարցաքննվել է այդ գաղտնալսումների գործով, վկայի կարգավիճակով, բնականաբար: Վանեցյանը մանրամասներ չի հայտնել` տեղեկացնելով, որ ինքը փաստաթուղթ է ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին:
Քնար Մանուկյան