Ինչո՞ւ են բուհերի խորհուրդներում ՀՀԿ-ականները փոխարինվում ՔՊ-ականներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ձեր նախաձեռնությամբ վերջին շրջանում հայաստանյան մի շարք բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմը փոփոխության են ենթարկվում…

-Լուրեր չեն, դրանք իրականություն են. ըստ էության մենք մի շարք բուհերում փոփոխություն ունեցել ենք: Եւ արդեն այնտեղ գործընթացներ են գնացել: Օրինակ` Շիրակի պետական, ագրարային համալսարաններում: Բնականաբար, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոնյաներն առայժմ կարող են տեղ զբաղեցնել եւ ըստ պաշտոնների տեղ են զբաղեցնում բուհերի հոգաբարձուների խորհրդում:

Բայց քանի որ եղել են բազմաթիվ հրաժարականներ, տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ փոփոխությունները, բնականաբար, պետք է լինեին նաեւ հոգաբարձուների խորհուրդում: Եւ դա գործընթաց է, որը հիմա շարունակվում է, եւ բոլոր բուհերում էլ այդ փոփոխությունները պետք է լինեն:

-Կնշեք, թե կառավարության եւ ԿԳՆ-ի կողմից ի՞նչ սկզբունքով են ընտրվում խորհրդի անդամները, նախագահները:

-Տվյալ բուհի հետ որոշակի առնչությունները, մասնագիտական որակներն ու հմտությունները… բազմաթիվ սկզբունքներ կան: Իրականում մենք շուտով կհրապարակենք նաեւ մյուս բուհերի կազմերը: Բավականին դժվար է ընտրել կազմերը, որոնք կլինեն պատասխանատու, որոնք կլինեն իրենց որոշումներում անկախ եւ նախկին` մեկ կենտրոնից թելադրվող փոփոխություններ չեն լինի բուհերում:

Ըստ էության սա շատ կարճաժամկետ գործընթաց է, որովհետեւ մենք հիմա պատրաստ ենք եւ խորհրդարան կմտցնենք, դա ամիսների հարց է: Խոսքը «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մասին է, որով պաշտոնապես կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Սրանով մենք լիարժեք ու բավարար ինքնավարություն ու ակադեմիական ազատություններ կտանք բուհերին:

-Այսինքն` ՀՀԿ-ականները չեն փոխարինվի ՔՊ-ականներով…

-Դա նոր օրենքով, բայց հիմա մենք դրանից չենք կարող խուսափել. տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կլինեն, որովհետեւ ներկայում կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք ե՛ւ ՔՊ-ից են, ե՛ւ ՀՅԴ-ից: Դրանից մենք այս` գործող օրենքով մանավանդ չենք կարող խուսափել: Բայց նոր օրենքը, որը գալու է, կբացառի պետական պաշտոնյաների ներկայությունը կառավարման խորհուրդներում:

-Ի՞նչ են արվում` խորհուրդների անդամներին, նախագահներին կուսակցականացումից զերծ պահելու համար:

-Օրենքը կփոխվի եւ այդ հարցը կլուծվի:

-Արդյո՞ք ապաքաղաքական անձինք են ընտրվում խորհրդի անդամ կամ նախագահ:

-Մենք չենք կարող նշանակել նախագահ. կրթության եւ գիտության նախարարությունը իր 25 տոկոս անդամներին է առաջարկում, կառավարությունը` իր 25 տոկոսին, 25 տոկոս էլ ուսանողներն են առաջարկում, 25 տոկոս էլ` բուհերի գիտական խորհուրդը, այնուհետեւ այդ 100 տոկոսը, նայած բուհերում տարբեր թվեր են` 28 հոգի, 36 եւ այլն, ընտրում են իրենց խորհրդի նախագահ: Օրինակ` ագրարային համալսարանում ընտրություն է տեղի ունեցել, եւ խորհրդի նախագահ է ընտրվել անկուսակցական, նախկինում գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, ով այդ ոլորտի լավագույն մասնագետներից է,  Գյումրիում Շիրակի պետական համալսարանի խորհուրդի նախագահ է ընտրվել Լեւոն Բարսեղյանը: Այսինքն` այդ նախկին մի կուսակցությունից թելադրվող եւ նշանակվող նախագահներ այլեւս չեն լինելու:

-Պարո՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ Դուք Ձեր ՔՊ-ական մտերիմիներին, ծանոթներին նշանակելու եք հոգաբարձուների խորհուրդներում… 

-ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայում վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, եւ մենք չենք կարող դրանից խուսափել, որովհետեւ նրանք զբաղեցնում են վարչական եւ համապատասխան պաշտոններ: Բայց ներկայում ՔՊ-ն` նույն «Քաղաքացիական պայամանագրի» ներկայացուցիչները, կառավարությունը եւ կրթության գիտության նախարարությունը մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որը առաջիկա ամիսներին կընդունվի, եւ որով կբացառվի որեւէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում:

Մինչեւ տարվերջ: Այսինքն` այս խորհուրդները շատ կարճ ժամանակ են ունենալու, իսկ փոփոխություններն էլ մենք անում ենք այն պատճառով, որովհետեւ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս