Ու՞ր է կորել երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը և ինչո՞վ է զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն էկրաններին չի երեւում։ «Հավատա» երգի հիման վրա Արսեն Սաֆարյանի հետ հայտնի դուետից հետո նա նոր երգով կամ տեսահոլովակով չի ներկայացել։ Երկրպագուները հետաքրքրվում են՝ ուր է նա կորել եւ ինչով է զբաղված։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռուզաննան նշեց, որ կյանքի այս փուլում իրեն նվիրել է անձնական կյանքին. «Հիմա ընտանիքիս ավելի մեծ կարեւություն եմ տալիս։

Արդեն երկու բալիկ ունեմ եւ ժամանակիս մեծ մասը հենց նրանց եմ նվիրում։ Ինձ թվում է՝ երկրպագուներն ըմբռնումով կմոտենան այս ամենին։ Նրանք շատ լավ գիտեն, թե որքան կարեւոր են ինձ համար։ Իհարկե, բոլոր դեպքերում պատրաստվում եմ նոր աշխատանքներ ներկայացնել եւ նոր թափ հաղորդել կարիերայիս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում բաց չեմ թողնի նրանց հետ հանդիպելու հնարավորությունս»,- ասաց նա։

Մենք հետաքրքրվեցինք՝ ոլորտից կտրուկ «անհետանալու», ընտանիքին նվիրվելու արդյունքում վտանգ չկա՞ արդյոք, որ կարող է կարիերան տուժել։ Ռուզաննան պատասխանեց, որ ոլորտից չի հեռացել եւ իր գործունեությունն ամբողջությամբ չի դադարեցրել, ավելին՝ հիմա զբաղված է երկու նոր երգերի ձայնագրությամբ. «Դրանցից մեկն ավելի մելոդիկ, հանգիստ երգ է, որի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ, իսկ մյուսը պարային գործ է։ Հուսամ՝ մինչեւ ամանորյա տոները կկարողանամ դրանք հանձնել հանդիսատեսի դատին։ Ամեն բան կախված է աշխատանքիս ընթացքից։ Համենայն դեպս, երկրպագուներիս սպասումով չեմ թողնի»,-մանրամասնեց երգչուհին։

«Ժողովուրդ»-ը նաեւ հարցրեց՝ Ռուզաննայից նոր դուետ սպասե՞նք.«Չեմ կարծում, դեռեւս ոչ»,-պատասխանեց մեր զրուցակիցը։

Ռուզաննան նաեւ տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներից ունի համերգային հրավեր, այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում հանդիպում լինի իր եւ արտերկրի երկրպագուների միջեւ։

Անի Անտոնյան




Լրահոս