«Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Ղարախանյանը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բողոք է ներկայացրել այդ ընկերության գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի դեմ: Նա ոստիկանությանը հայտնել է, որ 2017թ. «Տավուշ» ՋՕԸ-ն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ոռոգման ցանցից ճյուղավորում կազմող ջրագիծ է կառուցել, այդ ծրագրում «Տավուշ» ՋՕԸ-ն հանդես է եկել ե՛ւ նյութեր գնող, ե՛ւ ջրագիծ կառուցող: Ս. Ղարախանյանը, որը նախկինում բազում շինարարական աշխատանքներ է ղեկավարել, հաշվարկել է, որ այդ նպատակով ծախսված 6.8 միլիոն դրամից առնվազն 1.8 միլիոն դրամի հավելագրում է կատարվել, այն յուրացվել է: Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»):
Ս. Ղարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ Յու. Որսկանյանը «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն է դարձել այն բանի շնորհիվ, որ Ջրային կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Միքայել Մակինյանը նրա հարազատ քրոջ որդին էր, վերջինս սատարում էր քեռուն: Օգոստոսի 31-ին վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ` Մ. Մակինյանը իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից: Յուրա Որսկանյանը նախկինում լրագրողիս արդարացել է, որ Ոսկեվանում ոռոգման ջրագիծ կառուցելու համար ջրային տնտեսության պետական կոմիտեն սեփական միջոցներից 6.8 միլիոն դրամ է հատկացրել, այն նպատակային նշանակությամբ է ծախսվել, Ոսկեվանի համայնքապետարանը հետեւել է, որ ջրագծի կառուցումը նախագծի համաձայն կատարվի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ