Ժամանակները փոխվում են, պանթուրքիզմի սարսափը` ոչ. Էրդողանի այցելությունը Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներքաղաքական սրացումների համատեքստում անուշադրության մատնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Ադրբեջան: Էրդողանը Բաքվում կրկնեց իր նախկին հայտարարությունները` ցուցադրելով թուրքական քաղաքականության կայուն անտարբերությունը Հայաստանի նկատմամբ: Հայաստանում առիթը փորձեցին օգտագործել հանրապետականները` վախեցնելով մշտական սպառնալիք համարվող պանթուրքիզմով:

1988թ. Արցախյան շարժման շրջանում Հայաստանի ինքնուրույնության նկրտումները հետեւողականորեն սաստվում էին պանթուրքիզմի վտանգը մատնանշելու միջոցով: 1990-91թթ. այս առումով հատկապես ակտիվ դեր էին ստանձնել կոմունիստներն ու դաշնակցականները, որոնք ամեն քայլափոխի հիշեցնում էին պանթուրքիզմի սպառնալիքը: Երբ Հայաստանը փորձում էր ինքնուրույն հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ, անմիջապես թերթերում հայտնվում էին առանց Կրեմլի ապրելու անհնարինության ու արդյունքում թուրքական «յաթաղանի» վտանգի մասին ահազանգերը:

Երբ Հայաստանը հրաժարվում էր ենթարկվել Կրեմլին ու անկախություն էր պահանջում, կրկին նույն շրջանակները խոսում էին թուրք-ադրբեջանական դաշինքի մասին եւ համոզում, որ անկախությունը ձախողակ ձեռնարկ է: 1991թ. սեպտեմբերի 21-ից առաջ նրանք համոզված էին, որ ինքնուրույնանալու պարագայում Հայաստանը, զրկվելով ԽՍՀՄ անվտանգության հովանոցից, անկարող էր լինելու դիմագրավել Թուրքիայի նեոպանթուրքիստական քաղաքականությանը: Այդ շահարկումները որքան էլ կարող էին բխել մարդուն բնորոշ բնական վախից ու անհանգստությունից, քաղաքականապես միտված էին զսպելու Հայաստանի ինքնիշխանության ձգտումը:

Որքան Հայաստանն ապրեր թուրքական վտանգից խեղճացածի կարգավիճակում, այնքան ամուր պետք է կառչեր ռուսական բանակի պաշտպանությունից: Հետեւաբար, որքան երկար մնար ռուսական բանակը Հայաստանում, այնքան կենսունակ կլիներ 5-րդ շարասյունը իր պահանջված ծառայությամբ:

Պատմությունը, սակայն, փաստեց, որ Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները անհուսալիորեն խեղդվել են դեռ Առաջին աշխարհամարտում եւ այնքան ժամանակ այդպես կմնան, քանի դեռ գործում է հեգեմոնալ աշխարհակարգը: Թուրքիայի համար պանթուրքիստական քաղաքականության հաջողության կարեւորագույն պայմանը կայսերական բնույթի պետություն լինելն է, որը բավարար հարթակ կարող է ապահովել Ադրիատիկ ծովից մինչեւ Չինաստան թյուրքալեզու ժողովուրդներին մեկ միասնական պետության մեջ համախմբելու համար:

Իսկ մեծ տերություններից այդ ո՞ր մեկն այսօր կհանդուրժի, որ Թուրքիային հաջողվի իրականացնելու այդ ծրագիրը: Թուրքիային նույնիսկ նման թույլտվություն չէր պատրաստվում տալ դաշնակից Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում: Թուրքիայի համար պանթուրքիզմը, կարելի է համարել, մի մաքսիմալ ու իդեալական նպատակ է, որը գործնական առնչություն չունի ռեալ աշխարհաքաղաքական շախմատի հետ:

Ինչ-ինչ, բայց թուրքական ընտրախավն ընդհանուր առմամբ հաջողությամբ է խաղարկել անհրաժեշտ մինիմումի ծրագիրը իր պատմության մեջ: Իսկ ահա հայկական շրջանակները, թերեւս, պայմանավորված նաեւ 19-րդ դարի վերջին հայկական «հեղափոխության» շարունակական ձախողմամբ եւ Ցեղասպանության բարդույթով, հակված են չափազանցելու թուրքական վտանգը` տեղ-տեղ հասնելով հիվանդագին արձագանքների` հանձինս հայերին ամեն գնով կոտորելու թուրքական մարմաջի ու ատելության:

Այսօր պանթուրքիզմի մասին արդեն խոսում են ՀՀԿ-ականները, մասնավորապես` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Էրդողանի ու Ալիեւի հանդիպմանն ու հայտարարություններին: «Ազգային միասնության» կոչ հղելով ՀՀ իշխանություններին` նա շեշտում էր, որ «նոր իրողությունների պայմաններում եւս մեր երկրի համար թիվ մեկ սպառնալիքը շարունակում է մնալ պանթուրքիզմը»:

Մի կողմ թողնենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում նույնքան «ջերմ եւ եղբայրական» էին Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչը, սակայն, չէր մտահոգում Է. Շարմազանովին: Առավել հետաքրքրական է, որ ըստ ԱԺ փոխխոսնակի` Էրդողանը, հայտարարելով, որ աջակցում է Ադրբեջանի բոլոր նախաձեռնություններին, «կոպտորեն խախտեց Ցյուրիխյան պրոտոկոլները»: Բայց մի՞թե ԱԺ փոխխոսնակը մոռացել է, որ ս.թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանն ինքն է պաշտոնապես չեղարկել դրանք:

Արդյոք հնարավո՞ր է խախտել մի համաձայնագիր, որը երկու կողմերից մեկի նախաձեռնությամբ «գրողի ծոցն» է ուղարկվել դեռ ՄԱԿ-ի ամբիոնից: Ինչու ոչ, նաեւ ի պատիվ Սերժ Սարգսյանի` Հայաստանը Թուրքիայի հետ ուներ պաշտոնապես ստորագրված փաստաթուղթ, որը աշխարհաքաղաքական կոնկրետ զարգացումների պարագայում կարող էր վավերացվել եւ գործադրվել:

Ըստ էության, մի ձեռքով Սերժ Սարգսյանը սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ. զրոյական լեգիտիմությունը ծածկելու, մյուսով չեղարկեց գործընթացը 2018թ. վարչապետությունը մաքուր էջից ստանձնելու մղումներով: Արդ, այսօր հայ-թուրքական պաշտոնական փաստաթղթեր ունենալու համար կրկին հսկայական դիվանագիտական ջանքեր կպահանջվեն` էլ չխոսած աշխարհաքաղաքական հարմար իրադրության մասին:

Սակայն ՀՀ իշխանությունների ընդդիմախոսների կողմից պանթուրքիզմի սարսափով վախեցնելը թերեւս նույն նպատակներն է հետապնդում, ինչ ԽՍՀՄ անկման շրջափուլում: Հայաստանը փորձում է հղկել մեջքը` հանդես գալով ներքին ինքնուրույնությամբ եւ արտաքին այնպիսի պարտնյորի կարգավիճակով, որի հետ պետք է պայմանավորվել առանց հրամայելու: Ցավալիորեն, թուրքական իշխանությունները չեն նկատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները` գործելով հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ-ի հարցին շաղկապելու այն նույն սխալը, ինչ իրենց նախորդները 1990-ական թթ.:

Սակայն թե՛ այդ մարտավարությունը, թե՛ Էրդողանի վարքագիծը չպետք է խոչընդոտ հանդիսանան ՀՀ իշխանությունների համար հայ-թուրքական հարաբերություններում դիվանագիտական նոր նախաձեռնություններով հանդես գալու համար: Հայաստանի ինքնիշխանության աստիճանը, ըստ էության, ուղիղ համեմատական է դիֆերենցված արտաքին քաղաքականությանը:

Ն. Հովսեփյան




Լրահոս