Մարտի 1-ի գործով Ներքին զորքերի զինվորներին հարցաքննում են` շեշտադրելով մեկ հարց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն են հրավիրում 2008 թվականին մարտի 1-ի Ներքին զորքերի  ծառայողներին, 4 օր առաջ ՀՔԾ է հրավիրվել մարտի 1-ին Ներքին զորքերի  նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանին  եւ մի շարք հարցադրումներ արել կոնկրետ մեկ հարցի մասով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին` այլ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՔԾ պետը` Սասուն Խաչատրյանը, մարտի 1-ի թեմայով մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Մասնավորապես այն, որ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Ըստ Սասուն Խաչատրյանի` «Տիգրան Աբգարյանի` ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, եւ այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել: Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ, հստակ ապացույցներ։ Այսինքն` ինչի՞ մասին է սա խոսում. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է: Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ` իմ եւ պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Հատուկ քննչական ծառայությունն այս օրերին ակտիվ հարցաքնության է հրավիրում  2008 թվականի մարտի 1-ին Ներքին զորքերում ծառայած զինվորներին, ինչպես նաեւ  պաշտոնատար անձանց: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն`  հարցաքննվել են Ներքին զորքերի մի քանի զինվորականներ, որոնցից առաջին հերթին Հատուկ քննչական ծառայության քննիչները հետաքրքրվել են բանակի ներգրավածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման,  գործողությունների կամ հրամանների մասին:

Մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր:

Ստացվում է, որ  քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են  բանակի ներգրավածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա:

Հավելենք, որ մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` գործով դեռեւս ծանուցում ուղարկված չէ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ անգամ են հարցաքննել, այն էլ՝ 2008 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք:

Դատելով իրավիճակից, որ իրավապահները սկսել են հարցաքննության հրավիրել 2008 թվականի մարտի 1-ի Ներքին զորքերի հրամաատարական կազմին, զինվորներին` ապա առաջիկայում նաեւ գործը կհասնի գլխավոր հրամանատարին` Գրիգոր Գրիգորյանին` Շերիֆին:

Ի դեպ, 2018 թվականի հունիսի 14-ին նա, մեզ հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ի բացահայտման թեմային, ասել էր. «Ես ասում եմ, ես իրավաբան եմ, հասկանում եմ այս ամեն ինչի կարեւորությունը ու ես պատրաստ եմ իմ բոլոր կարգադրությունների, հրահանգների ու կատարածի համար պատասխան տալու, այլապես ես Հայաստանում չէի լինի: Այսինքն` ես ոչ մի արարք, որի համար մտավախություն ունենամ, չեմ կատարել ու նման հրահանգներ չեմ տվել  եւ ոչ էլ որեւէ մեկից նման հրահանգներ եմ ստացել»:

 Քնար Մանուկյան




Լրահոս