Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ  քրեական գործը նոր ընթացք է ստանում:  «Ժողովուրդ» օրաթերթին  հայտնի դարձավ, որ ՀՔԾ գործով փորձաքննություններ է  նշանակել, սակայն ամենակարեւոր փորձաքննությունը վերաբերում է դատապայթունատեխնիկական փորձաքննությանը:

Ինչպես հայտնի է, ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքի մասնակիցների հետ միասին Նիկոլ Փաշինյանը շարժվեց Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Նա հորդորեց ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան, որպեսզի ինքը ցուցարարների հետ գնա Ազգային ժողով: Այն ժամանակ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ թավշյա հեղափոխությունից հետո դարձավ ՀՀ ոստիկանապետ, հորդորեց Փաշինյանին չսադրել, իրավիճակը չլարել, սակայն ոստիկանության հորդորները որեւէ կերպ չփրկեցին լարված դրությունը: Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քայլը: Վերջինս փորձեց անցնել ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրած փշալարերի միջով, ինչի արդյունքում ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեց:

Արդյունքում մի շարք մարդիկ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Գրել էինք, որ ի սկզբանե  գործը գտնվում էր ՀՀ քննչական կոմիտեում, սակայն հաշվի առնելով  որ գործով ներագրվված են  պաշտոնատար անձինք` ՀՀ  քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցվել էր քրեական գործ`Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց  կամ պետության օրինական շահերին, պատժվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով, որից հետո  էլ գործը ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն:

Նռակի օգտագործման դեպքից անցել է 6 ամիս, եւ տեղեկացանք, որ գործով ՀՔԾ քննիչները նոր փորձաքնություններ են նշանակել, որոնք հարուցված քրեական գործին, ըստ էության, նոր երանգ կհաղորդեն:

Տեղեկությունը փորձեցինք պարզել Հատուկ Քննչական Ծառայությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործով նշանակվել են բազմաթիվ` դատաբժշկական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական եւ դատաապայթունատեխնիկական փորձաքննություններ:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն`  առայժմ հարուցված քրեական գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Քնար Մանուկյան 




Լրահոս