Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Շահեն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելուն ուղղված միջոցառումների հանդեպ իր բողոքն արտահայտելու նպատակով 2018թ. օգոստոսի լույս 13-ի գիշերը կազմակերպել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9-րդ եւ 11-րդ պահաբաժիններում 21 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումը` պետությանը պատճառելով 2 միլիոն 567 հազար 500 դրամի վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության` Մանուչարյանն ունեցել է նաեւ օժանդակողներ` համագյուղացի Դավիթ Հովհաննիսյանը, Գեւորգ Բաբինյանը եւ Վալարիկ Թամամյանը: Ապօրինի ծառահատումներին Դ. Հովհաննիսյանի օժանդակությունը եղել է այն, որ նա բենզասղոցը դեպքի վայր է հասցրել եւ էլեկտրական լամպերով անտառը լուսավորել է:
Շ. Մանուչարյանին եւ Դ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով («Հանցակցությունը ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով» ), Գ. Բաբինյանին եւ Վ. Թամամյանին`296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»):
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը վարույթ է ընդունել օգոստոսի 31-ին, դատաքննության առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին: Հետաքրքիրն այն է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է տեղի ունեցած ապօրինի ծառահատումից ընդամենը 18 օր հետո եւ այն ուղարկվել է դատարան: Նման արագությունը բացատրվում է այն բանով, որ այդ ծառահատումն իրականացվել է որպես ապօրինի ծառահատումները կանխարգելող միջոցառումների դեմ բողոքի գործողություն:
Օգոստոսի 11-ին Հաղարծինում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը, տոնական միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, կոչ արեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները» եւ միացնել միտքը»:
Նա հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով: «Դրուժբաները» անջատելու մասին Փաշինյանի հորդորը Շ. Մանուչարյանը չընդունելով մեկ օր հետո կազմակերպել է գիշերով 21 ծառի ապօրինի հատումը:
Ոսկան Սարգսյան