Պետական գումարները փոշիացել են, սակայն բնակչության խմելու ջրի հարցը չի լուծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակչության կեսից ավելին խմելու ջուր չունի: Խնդիրը նոր չէ:  Գյուղական բնակավայրում ջրագծերը վաղուց են մաշվել, եւ տարեց տարի շարքից դուրս են գալիս, ու ջուր չունեցողների թիվն առավել է մեծանում: 2016 թվականին կառավարության որոշմամբ ֆինսանական միջոցներ տրամադրվեցին ջարգծերն  ամբողջությամբ փոխելու համար: Ծրագիրը հաստատվեց, գումարն էլ տրամադրվեց: Մրցույթով հաղթած շինկազմակերպությունը մոտ մեկ տարի գյուղում շինարարական աշխատանքներ իրականացրեց: Սակայն արդյունքը գոհացնող չէ: Գյուղացիների հույսերն ու ականկալիքները մնացին առկախ:  Պետական գումարները փոշիացան, գործն էլ մնաց անավարտ:

Բնակիչները բազմիցս բողոքել են, բայց անօգուտ. «Ցանցը չի շահագործվում: Հսկայական փողեր ծախսեցին:  Մեզ անհասկանալի է, թե ո՞րն է պատճառը,  որ համակարգը չի շահագործվում: Ի դեպ, նշենք, որ համակարգը ինքնահոս է, այսինքն` գումար չի ծախսվում ջրամատակարարման վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բողոքեց բնակիչներից մեկը: Մյուսն էլ ավելացնում է. «Դժվարությունները ակնհայտ են դառնում ձմռանը,  երբ սկսվում է առկա համակարգի սառցակալումը: Անգամ դույլերով ջուրը տուն  հասցնելը դառնում է անհնար: Մեր կարծիքով` խնդիրը սխալ ծրագրավորման ու շինարարական թերի աշխատանքների մեջ է»:

Գյուղում բացի նորոգված ու չաշխատող համակարգից եւս 7 կմ երկարությամբ ջրագիծ ընդհանրապես չի փոխվել:  Ջրագծի այդ հատվածը ամբողջությամբ քայքայված է, բայց ջրամատակարարումը հենց այդ ջրագծերով է իրականացվում:  Բնակիչների հավաստմամբ ջուրը որոկյալ չէ, խմելու համար էլ ոչ պիտանի. «Աղբյուրի ջրի ակունքը բաց է, եւ ջուրն էլ գյուղացուն հասնում է որակազրկված: Գարնանն էլ սելավաջրերն են խառնվում  խմելու ջրին: Սարսափելի հոտ է գալիս: Մենք անգամ չգիտենք` այդ ջուրը երբեւէ ուսումնասիրվել է, թե ոչ: Երեխաներին էլ չենք տալիս: Դեռ չփոխված 7 կմ-նոց հատվածով է գալիս խմելու ջուրը, ու չգիտենք` ինչ  վիճակով»,- ասաց սառնաղբյուրի բնակիչներից մեկը:

Գյուղի վարչական ղեկավարը խնդիրը բազմիցս բարձրաձայնել է: Բայց խոշորացումից հետո պատասխանատվությունը, այսպես ասած, անցել է Անի խոշորացված համայնքի ղեկավարին:

«Ըստ կառավարության որոշման` աշխատանքների փաթեթը  պետք է   հանձնվեր համայնքին, որը հանձնվեց Անի համայնքին: Համայնքը դրանից հետո պետք է հանձներ Ջրպետկոմին:  Վերջինս էլ փաստաթղթային փաթեթը պետք է հանձներ «Վեոլիա ջուր» ընկերությանը: Բայց թե ինչ ընթացքի մեջ է, տեղեկություններ չունենք»,- ասաց համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը  ու ավելացրեց.  «Որոշ մասին ջուրը մեծ ծավալով է հասնում, մյուս կեսին գրեթե չի հասնում: Եթե ջրաչափ տեղադրվի, համաչափ բաշխում կլինի: Մենք  առավոտ 2 ժամ ենք միացնում նոր համակարգով, ու վերջանում է ջուրը: Եթե հավասար բաշխվի, խնդիր չի ծագի»:

Իսկ գյուղացիները ջրաչափեր տեղադրելուն դեմ են: Նախ պահանջում է ջրագծերի նորոգումը ավարտին հասցնել ու ջրի որակի բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Մենք ջրաչափ թույլ չենք տա տեղադրել, քանի որ ջրագծերի կեսը հին է, կեղտոտ ջրի վրա ջրաչափ դնում են` ինչ անենք, ստացվում է` վճարելու ենք կեղտոտ ջրի դիմաց: Մենք դեմ ենք»,- ասում են բնակիչները:

Խնդրի առնչությամբ Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը պարզաբանեց. «Խնդիրներ կան ջրային ակունքներում: Կան որոշակի վթարներ, ջրային պաշարներն էլ քիչ են, որի պատճառով են առաջանում խնդիրները: Բացի այդ, Սառնաղբյուրը ռելիեֆային է, ինչի հետեւանքով կան պաշարների ճիշտ բաշխման, ջրաչափերի տեղադրման խնդիրներ: Քննարկել ենք հարցը Ջրպետկոմի հետ, նաեւ «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ, որոնց հանձնվելու է ջրամատակարարման սպասարկումը: Խնդիրը կա, մեկ օրվա լուծման էլ չի, ժամանակ է անհրաժեշտ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար»:

Փաստորեն, պետք է արձանագրենք Սառնաղբյուրում ոչ միայն աղբյուրները սառը չեն, այլեւ, ընդհանրապես, գյուղում խմելու ջրի խնդիրը գնալով ավելի ու ավելի է սրվում: Մանավանդ շոգ եղանակներին:

Հեղինե Մանուկյան




Լրահոս