Նախորդ տարի Գյումրիում շահագործման հանձնվեց 1056 բնակարան: Մուշ-2 նորակառույց թաղամասի շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը: Ու չնայած այդ ընկերության կառուցած շենքերի անորակության մասին բազմաթիվ ահազանգերին` «Գլենդել Հիլզ»-ը դարձյալ շարունակում է իր գործունեությունը Շիրակի մարզում` ստանալով նորանոր աշխատանքների պետական պատվերներ: Հարկ է նշել, որ նորակառույց թաղամասը թերբնակեցված է: Շիրակի մարզպետարանի տրամադրած տեղեկությունների համաձայն առ այսօր թաղամասում բնակություն է հաստատել մոտ 700 ընտանիք, մյուսները դեռեւս հապաղում են: Թե որն է այդ հապաղման պատճառը, մարզպետարանում դժվարացան ասել: Միքայելյանների ընտանիքը բնակբաշխման դեռեւս նախորդ փուլի ժամանակ բնակարան է ստացել Մուշ-2 նորակառույց թաղամասում, սակայն առայժմ նրանք չեն շտապում տեղափոխվել նոր բնակարան: Հարցին, թե ինչո՞ւ, պատասխանում են` մատնանշելով մի քանի պատճառներ: Նախ այն, որ բնակարանն անորակ է. «Էդ բնակարանը տեղով թերություն էր: Տեսքից շատ սիրուն է, բայց ինչի ձեռք ես տալիս, փչանում է, փլվում, կոտրվում: Զամոկը սարքել ենք, դռները փոխել: Էլ չթվարկեմ, խայտառակություն էր: Էնքան որ ժողովրդին խաբեցին»: Թերություններ կան ջեռուցման, կոյուղատար համակարգերում եւ ոչ միայն: Ուստի Միքայելյանները ստիպված են նորակառույց բնակարանը դարձյալ վերանորոգել: «Աշխատանքներն ավարտելուն պես կտեղափոխվենք»-,հավաստիացրեց Հայաստան Միքայելյանը: Թաղամասում բնակարան ստացած ընտանիքների մեծ մասն անցած 20 տարիների ընթացքում իրենց «դոմիկները» դարձրել են բավական հարմարավետ. ունեն ավտոտնակ, հավելյալ շինություններ: Մինչդեռ ստացած 40-65 քմ մակերեսով բնակարաններում բազմանդամ ընտանիքները չեն կարող տանելի պայմաններ ստեղծել: Նաեւ դա է պատճառը, որ նորակառույցներում բնակարաններ ստացողները չեն շտապում ժամանակավոր կացարանները հանձնելու հարցում:Պարզելու համար առկա պատկերը` «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց նորակառույց թաղամասում: Արդյունքում տեսանք բազմաթիվ փակ դռներ: Անորակ բնակարաններ ստացած գյումրեցիներից մի քանիսը մեզ տեղեկացրին, որ «Գլենդել Հիլզ»-ի ներկայացուցիչները թաղամասի բնակիչներին անընդհատ հորդորում են լրագրողներին չհայտնել իրենց խնդիրների մասին` հակառակ դեպքում սպառնալով չբավարարել իրենց դիմած բնակիչների` եղած թերությունները վերացնելու պահանջները: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի խնդիրներ ունեն բնակարանների շահառուները, պետության պահանջը չի փոխվում. բնակարան ստացած ընտանիքները հնարավորինս շուտ պարտավոր են ազատել եւ տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: ՇՄ քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքերով դրա համար տնակատերերին մինչեւ ապրիլի 20-ը ժամանակ է տրված, որի լրանալուն պես կամովին չտեղափոխվող բնակիչների տնակն, առանց տանտիրոջ կարծիքը հաշվի առնելու, կապամոնտաժվի:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի
ԵԹԵ ՈՉ, ԿԱՊԱՄՈՆՏԱԺԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ