ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե նախկինում շտաբների մոտ լինում էին ծեծկռտուքներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել. Օսիպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը:

«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների մոտ, լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, և դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»,-ասաց ոստիկանության պետը:

Վալերի Օսիպյանը շեշտեց, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են և ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները:

Ոստիկանության պետը հիշեցրեց, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, մեքենաների կուտակումը, և նման դրսևորումները պետք է բացառել, անկախ նրանից, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պաշտոն կամ կուսակցական պատկանելություն ունեն:

Նա ընդգծեց, որ պետք է լինել հետևողական և թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել:

Վալերիյ Օսիպյանը հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չպետք է հանդուրժել ընտակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները իրենց վերադասների հետ կպատժվեն խստագույնս։

«Հարկավոր է լինել, սկզբունքային, խիստ: Օրենքի առաջ բոլորն են հավասար»,- ասաց ոստիկանության պետը: Խորհդակցության ընթացքում քննարկվեցին ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս:




Լրահոս