Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից:

Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:

Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը: Նրանք նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը:

«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018թ.- ի վերջին, սակայն ՀԲ ներկայացուցչի և նախարարի քննարկման ընթացքում դիտարկվեց ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին:

Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝ Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս