Երևանի ավագանու ընտրություններում թաղային խուժանը չկարողացավ ոչինչ անել. Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: «Իմ քայլը» դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիների 81.1% ձայնը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն է», որի օգտին քվեարկել է քաղաքացիների 7%-ը: Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5 %-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքի, ընդհանուր տպավորությունների եւ սպասելիքների մասին զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:

Երեւանի ավագանու ընտրություններից հետո վերջապես տեսանք արդարության հաղթանակ: Այս ընտրությունները շատ էին տարբերվում իմ տեսած նախորդ ընտրություններից: Մարդիկ ավելի հանգիստ, հպարտ հոգեվիճակում էին, խաղաղ նայում էին իրար աչքերի մեջ: Նրանք լցված էին հույսով ու հավատով: Այս անգամ թաղային խուժանը չկարողացավ ոչինչ անել:

Չկային կուտակումներ, առկա չէր լարվածություն: Հանձնաժողովի անդամներն էլ էին հանգիստ, զգում էին, որ այդպիսին պետք է լինեն իսկական ընտրությունները: Մարդիկ վերջապես հասկացան, որ որոշ ուժերի կողմից իրենց շպրտած երկու կոպեկի հազարապատիկը հետո խլելու էին իրենցից, հետո պետք է ոտնահարվեր իրենց ինքնասիրությունը: Հուսով եմ, որ խորհրդարանական ընտրությունները եւս նույնչափ թափանցիկ կլինեն: Բոլորին մաղթում եմ հաջողություն:

Ակնկալում եմ, որ մյուս կուսակցությունները, որոնք ունեին գեղեցիկ ծրագրեր, հետամուտ լինեն դրանք միասնական ուժերով իրականացնելու համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս