Հետևություններ. Դաշնակցությունը ճիշտ չհասկացվեց հասարակության կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի, սպասումների եւ մի շարք այլ հարցերի մասին խոսեց Երեւանի ավագանու ընտրություններում «ՀՅԴ» կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն պարոն Դավիթ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված սպասո՞ւմ էիք նման ընթացքի:

-Մեր կուսակցության հետ կապված սպասումները բնականաբար ավելի մեծ էին: Բայց խոստովանեմ` քարոզարշավի ընթացքում արդեն հասկանալի էր, որ սեւի-սպիտակի, հնի-նորի, նախորդ նախագահների վերադարձի հետ կապված տարբեր ասեկոսեների շարանը, որը կար որոշ լրատվամիջոցներում, կարող է բերել այս վիճակին: Մեր հանրությունը ոչ թե ընտրեց Երեւանի ավագանի, այլ հերթական անգամ իր վստահության քվեն տվեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը:

-Շատ հանգիստ: Մենք մեր քարոզարշավի ժամանակ հանդես ենք եկել խաղաղության, միավորվելու, խոհեմության կոչերով: Չի կարելի սեւացնել, թշնամանքի տանել եւ պատերազմ դարձնել, կյանքի ու մահվան խնդիր դարձնել: Ի վերջո, ընտրություններից հետո մենք պետք է իրար տեսնենք, նույն քաղաքում միասին ապրենք: Երեւանը բոլորիս քաղաքն է:

-ՀՅԴ-ն չմասնակցեց նախորդ տարի տեղի ունեցած ավագանու հերթական ընտրություններին, բայց 2013 թվականի ավագանու ընտրություններում «ՀՅԴ»-ն Երեւանում հավաքեց 16.000 ձայն, իսկ այս անգամ մոտավորապես` 5800: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է սա պայմանավորված:

-Ընդհանուր առմամբ, մեր հասարակությունը դժվար կացության մեջ է հայտնվել վերջին տարիներին: Մի դեպքում մենք հանդիպում էինք ընտրությունների, որտեղ օգտագործվում էին ֆինանսական եւ պաշտոնական ռեսուրսներ, այսինքն` նախապես կանխորոշված ընտրությունների, եւ այդ դեպքում դժվար էր քարոզարշավում լիարժեք պատկեր ստանալը, իսկ այս ընտրությունները, որը ավելի արդար ու թափանցիկ էր, հետեւեց այն հեղափոխական գործընթացին, որի արդյունքում շատ դժվար էր բոլոր քաղաքական ուժերի համար: Ի վերջո, մենք տեսանք վարչապետի աջակցությունը կոնկրետ թեկնածուի:

Հույս ունեմ, որ սրանից հետո բոլոր ընտրությունները կանցնեն քաղաքական պայքարի, ծրագրերի մրցակցության պայմաններում, եւ, իհարկե, հնարավորություն կունենանք տեսնել այն բոլոր խոստումները, որոնց սպասում ենք մենք եւ ողջ հայ ժողովուրդը:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան գալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ-ն ցրելու հարցով: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցի շուրջ:

-Չեմ կարող շատ խորը պատասխանել այդ հարցին, որովհետեւ ընդամենը Երեւանի ավագանու թեկնածու եմ: Իմ կարծիքով` պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի Հայաստանում վերջապես ամեն ինչ իր տեղն ընկնի:

-«ՀՅԴ»-ն ի՞նչ հետեւություններ արեց այս ընտրություններից:

-Կարող եմ ասել` «Դաշնակցությունը» ընդամենը հերթական անգամ ճիշտ չհասկացվեց հասարակության կողմից: Անկախ ընտրության արդյունքներից` մենք մշտապես պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար, եւ դա երբեք չի թուլանալու:

Քաղաքականության մեջ հիմա շատ կան կուսակցություններ, որոնք իրենց քվեների քանակով են պայմանավորում երկրի, հայ ժողովրդի հարցերի մեջ իրենց մասնակցությունը: Մեզ համար քվեն ընդամենը միջոց է մեր ծրագրերը իրականացնելու, բայց պատասխանատվության զգացումը երբեք չի մարում:

-Դուք հետագա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք իշխող կուսակցության հետ:

-Դաշնակցությունը չի համագործակցում անձերի կամ կուսակցությունների հետ: Մենք համագործակցում ենք միայն մեր պետության հետ:

Լուսինե Մինասյան




Լրահոս