Ինչպես հայտնի է, «Զիբիլիքսի» գործով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել 11 անձի: Գլխավոր դերերում Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը եւ «ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանն են եղել:
Նախքննությունը իրականացնող մարմինը պարզել էր, որ 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Հանրապետական կուսակցության» օգտին առավելագույն քվեներ ապահովելու համար վերոնշյալ անձանց գլխավորությամբ 10 հազարական դրամ կաշառք է բաժանվել ընտրողներին:
Նշենք, որ Հրայր Անտոնյանն այդ ժամանակ գլխավորում էր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեի նախընտրական շտաբը: Եվ ահա բացի վերոնշյալ անձանցից ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաեւ այլ անձինք, որոնք եւս նախկինում այլ պատմությունների մեջ են հայտնվել:
Մասնավորապես, այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Արմեն Ազոյանը, որ օժանդակել է Հրայր Անտոնյանին «Հանրապետական Կուսակցության» օգտին քվեարկելու համար կաշառք տալ տարբեր մարդկանց: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ազոյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում Դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի վեցին` սահմանադրական հանրաքվեի օրը, Ազոյանը եղել է Երեւան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ, եւ նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել:
Նույն արարքի համար մեղադրյալի աթոռին են հայտնվել Երվանդ Բեգլարյանը, Հովհաննես Գալստյանը, որը եղել է 4/14-ի պատասխանատու, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը եւ Հեղինե Փոգրարյանը:
Նկատենք, որ գործով բոլոր մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը, եւ 154.2–րդ հոդվածի երկրորդ մասի` ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից կաշառք ստանալը, կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Հավելենք, որ այս գործը քննելու է ժիրայր Սեֆիլյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:
Ի դեպ, «Զիբիլիքսի» գործով դեռեւս ՀՔԾ-ում մաս կա անջատված, եւ գործով քննություն է իրականացվում, եւ չի բացառվում, որ մեղադրյալների թիվը այսքանով սահմանափակվի:
Քնար Մանուկյան