Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ։
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղություններով վարվող քաղաքականությունը։ «Բնություն՝ արտաքին պարտք» մեխանիզմը որոշակիորեն ձևափոխվել է, քանի որ մենք այս գործիքի կիրառումը պայմանավորում ենք, ոչ թե արտաքին պարտքի մարման գործընթացով, այլ բնապահպանական գլոբալ պատասխանատվությամբ, և ուրախ ենք, որ նախաձեռնությունն աջակցություն է ստացել Համաշխարհային բանկի կողմից>>,- նշել է բնապահպանության նախարարը և համոզմունք հայտնել, որ կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի գործողությունների ճանապարհային քարտեզը։
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսուտղոն վերահաստատել է Հայաստանին աջակցելու Բանկի պատրաստակամությունը և անդրադարձել է «Ֆինանսների մոբիլիզացում բնապահպանական առաջնահերթությունների համար» ծրագրի հիմնական բաղադրիչներին։ Ծրագիրը ներկայացրել է թիմի բնապահպանական հարցերով առաջատար խորհրդատու Ադրիանա Դամիանովան՝ առանձնացնելով Հայաստանի բնապահպանական հիմնական ռիսկերը, դրանց դեմ պայքարի միջոցները և հատուկ անդրադառնալով ֆինանսական ներքին և արտաքին ռեսուրսների ներգրավման մեխանիզմներին։
Մասնակիցներին ներկայացվել է նաև, որ ընթացող գործընթացների համատեքստում հայկական կողմն դիտարկում է Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքի 20,1 տոկոսն անտառապատ դարձնելը, ինչը չափելի գործընթաց է և այն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլար։