«ժողովուրդ»-ի երեկվա համարի առաջին էջում պատկերված 51 DD 100 համարներով «Մերսեդես» մեքենան, որը կայանված էր Աբովյան փողոցի մայթի վրա, բուռն քննարկումների պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ շաբաթ կեսօրին այդ մեքենան կանգնած էր Աբովյան փողոցի ս. Կաթողիկե եկեղեցու դիմացի մայթին` կարաոկե-բարի մոտ: Նշենք, որ այդ կարաոկե-բարը, որտեղ «ոսկե երիտասարդությունը» հավաքույթներ է կազմակերպում, պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ տարածքը վարձակալության է տվել: Նշենք, որ օրվա ընթացքում մեզ զանգահարեցին թե՛ տարածքի «տեր ու տիրակալները», թե՛ ընթերցողները, որոնք եւս նկատել էին տեւական ժամանակ այդ տարածքում կայանած մեքենան: Մեր ընթերցողներին անհանգստացնում էր նաեւ այդ կարաոկեի «հաճախորդների» վարքագիծը: Նրանք վրդովված ասում էին, որ այդ տարածքում հաճախ են հանդիպում երիտասարդների, որոնք «խմած, ձմռան կեսին կարճաթեւ շորերով, անցորդներին «կոմպլիմենտներ» են անում»: «Իրանց տեսքից մարդ սարսափում ա, բա դա հայ երիտասարդի վիճա՞կ ա, ամոթ ա, ամոթ»,-իր տեսակետը խնդրեց փոխանցել մեր ընթերցողը: Քանի որ թերթի խմբագրություն էր զանգահարել նաեւ տվյալ տարածքի սեփականատեր Էդուարդ Մադաթյանի աշխատակազմի ղեկավարը (պարզվում է` նա նաեւ աշխատակազմ եւ դրա ղեկավար ունի) եւ ասել, որ իրենք պատրաստ են պարզաբանել կարաոկեի հետ կապված միջադեպը: «Ժողովուրդ»-ը այցելեց տվյալ կարաոկե` լսելու ներկայացվող պարզաբանումները: Մեզ դիմավորեց «Գաուդի» կարաոկեի ղեկավարը, ինչպես նաեւ նախկին նախարարի տարածքի շահերը պաշտպանող ինչ-որ անձինք, որոնք հարկ չհամարեցին ներկայանալ: Մեզ տրվեց հետեւյալ բացատրությունը. «Տարածքը տրված է վարձակալությամբ, այստեղ աշխատում է երիտասարդ կազմ, որն ամեն ինչ անում է, որ հավաքույթները կազմակերպվեն պատշաճ մակարդակով: Մենք ուզում ենք ձեզ հետ միասին պարզաբանել, թե իրականում ինչ է կատարվել»: «Գաուդի» կարաոկեի ղեկավար Արմեն Գալուստովն ասաց, որ իրենք այդ մեքնայի սեփականատիրոջը ծանոթ չեն. «Ամսի 5-ին ա նման բան եղել, ինչ-որ մի մեքենայա կանգնած եղել մայթի վրա, բայց, ասենք, մի 15 րոպե հետո դուրս ա եկել, բայց ո՞վ էր, ի՞նչ էր ու ո՞ւր էր եկել, մենք տեղյակ չենք, ինքը մեր հաճախորդը չի եղել: Մենք դրսում ենք տեսել, որ մեքենան կանգնած ա եղել, խնդրել ենք` դուրս են հանել, էսքան բան: Իսկ ինչ վերաբերում ա նրան, որ մեր հաճախորդնեը խմած դուրս են գալիս, իրանց լավ չեն պահում, ասեմ, որ լյուբոյ հաճախորդ, որ ըստեղից դուրս ա գալիս, անվտանգությունը իր հետեւից դուրս ա գալիս, մենք իրանց ճանապարհում ենք, մինչեւ մեր տարածքից դուրս ա գալիս, հեռու ա գնում, դրանից հետո ախրանան գալիս ա իրա գործին»: Արմեն Գալուստովն իր խոսքում նշեց նաեւ, որ կարոկեն թե՛ ներսում, թե՛ դրսում վերահսկվում է. «Հա՛մ սպեցի աշխատողների կողմից, հա՛մ մեր անվտանգության կողմից անընդհատ վերահսկվում ա»: Կարաոկեի ղեկավարը վստահեցրեց, որ իրենք «աչքները չորս արած» հետեւում են ամեն ինչին: «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանին, ով ավելի վաղ մեզ խոստացել էր պարզաբանել կատարվածը: Պարոն Արշակյանը տեղեկացրեց, որ տվյալ մեքենայի հետ կապված արձանագրություն է կազմվել. «Տեղում տուգանքը գրված է: Թերթում, որ տպագրել եք, նույնիսկ վարչապետն է հարցրել: Ես էլ զեկուցել եմ, որ այդ մեքենայի վրա արձանագրությունը կազմած է: Չեմ պարզել, թե ում է պատկանում այդ մեքենան, որովհետեւ դրա համարանիշը աճուրդային, թանկանոց համարներից չի, որ ուշադրություն գրավի, այն ճանաչելի համար չէ: Նման խախտումներ մենք օրական մի հազար հատ արձանագրում ենք, ինքը խախտումն արել է ու տուգանվել 10 հազար դրամով»: Նկատենք, որ ցանկության դեպքում ճանապարհային ոստիկանության պետի համար բոլորովին դժվար չէ պարզել ցանկացած, անգամ ամենասովորական համարանիշով մեքենայի տիրոջ անունը: Սակայն այս դեպքում պարոն Արշակյանը թաքցրեց մեքենայի իրավախախտ սեփականատիրոջը` պատճառաբանելով, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է: Պարզվում է` մարդու իրավունքներն այդքա~ն հարգող ճանապարհային ոստիկանություն ունենք: Էլ ի՞նչ դարդ ունենք: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՅԹՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ «ՀԵՐՈՍԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ