Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը դեռեւս օգոստոսի 23-ին ներկայացրել են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որն արդեն երկու փորձաքննության է ենթարկվել: Նրանք ցանկանում են սահմանել, որ տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:
Նախագծի հեղինակները նշում են, որ ներկայումս անմիջականորեն տոտալիզատորի եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում՝ խաղասրահի միջոցով տոտալիզատորների գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսագիտական փորձաքննության վարչությունը եզրակացություն է տվել, ըստ որի` առաջարկված տարբերակով հնարավոր չէ լուծել նախագծով հետապնդվող խնդիրների մի մասը, իսկ դրանց ամրագրման դեպքում էականորեն կարող են վնասվել վիճակախաղերի կազմակերպիչների ֆինանսատնտեսական շահերը, ինչպես նաեւ առկա շրջանառությունը կամ դրա մի մասը կարող է ուղղորդվել դեպի արտասահմանյան կայքեր` նպաստելով ՀՀ-ից ֆինանսական միջոցների արտահոսքին: