Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին. «Մենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնում ենք արդարության զգացումը, մենք քաղաքացիների անունից ասում ենք` որեւէ մեկը չի կարող ՀՀ-ում իրեն արտոնյալ զգալ, ուրիշներին սպանել անպատիժ, ուրիշներին թալանել անպատիժ, եւ որեւէ մեկը չմտածի, ընդ որում` իմ ասածը չի վերաբերում միայն նախորդ կառավարություններին, իմ ասածը վերաբերում է էսօրվա կառավարությանը, իմ ասածը վերաբերում է անձամբ ինձ… Հայ ժողովուրդը պատասխան է պահանջելու ամեն թալանչիից գողացված ամեն լումայի, ամեն դրամի համար»:
Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը գործի անցավ, եւ մեկը մյուսի հետեւից սկսեցին կալանավորումները: Բայց ուսումնասիրելով աղմակահարույց գործերը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործերի ելքն այդքան էլ խոստումնալից չէ:
Սկիզբն ազդարարեց գեներալը
Ըստ էության, աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ: Հունիսի 18-ին իրավապահ համակարգը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը՝ նրան մեղադրանք առաջադրելով ապօրինի զենք ունենալու եւ իր վստահությանը հանձնված ուրիշի գույքի հափշտակության համար:
Կալանքից մի քանի օր անց ձերբակալվեց գեներալի կինը` Նազիկ Ամիրյանը, որին եւս մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք պահելու համար, եւ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Այժմ Նազիկ Ամիրյանն ազատության մեջ է, իսկ նրա ամուսինը երեք ամիս է` կալանքի տակ է: Գործով նախաքննությունը շարունակվում է:
Սերժի Վաչոն
Հունիսի 27-ին կալանավորվեց ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչագան Ղազարյանը: Նրան մեղադրանք առաջադրվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու համար: Սակայն նա կալանքի տակ մնաց ընդամենը 20 օր եւ 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Օգոստոսի 3-ին Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, եւս մեղադրանք առաջադրվեց ապօրինի հարստացման համար, եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի ընտանիքի շուրջ աղմակահարույց քրեական գործն էլ հետեւյալ ելքն ունեցավ. ընտանիքի անդամները մեղադրյալներ են, գտնվում են ազատության մեջ, իսկ գործով նախաքննությունը էլի շարունակվում է:
Սարգսյանների գերդաստանը
Հերթը հասավ նաեւ Սերժ Սարգսյանի հարազատներին: Օգոստոսի 17-ին սպանության փորձի համար մեղադրանք առաջադրվեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, եւ նրան կալանավորեցին, սակայն սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց նա հայտնվեց ազատության մեջ: Ի դեպ, այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ ահա նրա եղբոր՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ օգոստոսի 20-ից հայտարարվել է միջազգային հետախուզում:
Հուլիսի 9-ից նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք է դրվել:Այս իրավիճակի մասով «Դավիթաշեն» թաղամասում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը: Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, եւ այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: «Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է եւ վերադարձնելու է կամավոր պետական բյուջե»:
Ի պատասխան` Ալեքսանդր Սարգսյանն էլ հրապարակավ հայտարարել էր, որ իրեն պատկանող դրամական միջոցներն օրինական են` Փաշինյանին հորդորելով իրավապահներին կոչ անել կալանքից ազատել իր եւ ընտանիքին պատկանող դրամական միջոցները: Այդպես էլ օդից կախված է մնում` ի վերջո, կալանքը հանվե՞լ է, Ալեքսանդր Սարգսյանի դրամական միջոցները եւ, առհասարակ, Ալեքսանդր Սարգսյանը կատարե՞լ է Նիկոլ Փաշինյանի հրահանգը, փողերը հե՞տ է վերադարձրել բյուջե, թե՞ ոչ:
Սարգսյանների շուրջ ստեղծված քաոսը այսքանով չի ավարտվում: ՀՔԾ-ն ապօրինի հարստացման համար մեղադրանք առաջադրեց նաեւ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, նրա դստերը եւ որդուն՝ Անի եւ Նարեկ Սարգսյաններին, ապօրինի հարստացման համար: Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ նրա դստեր եւ որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Արդեն հրապարակվել է, որ Լեւոն Սարգսյանը Լիբանանում ապաստան է ստացել:
Բանը հասավ հիմնադրամներին
«Երեւան» հիմնադրամից հափշտակությունների գործով հունիսի 14-ին ձերբակալվեց տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: Սակայն երկուսն էլ ավելի ուշ ազատ արձակվեցին: Օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ այս գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ նրանից իրավապահները առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը յուրացվել էր «Երեւան» հիմնադրամից:
Հուլիսի 3-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք էր առաջադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Նա էլ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: ԱԱԾ-ն հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է` տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի` վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:
Ըստ ԱԱԾ-ի` միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ:
Մարտի 1
Իրավիճակը նույն է 2008 թվականի մարտի 1-ի գործով: 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, սակայն 18 անց հայտնվեց ազատության մեջ, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան դեռ փնտրում են, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ արձակվեց գրավի դիմաց:
Այսպես կարելի է շարունակել աղմկահարույց քրեական գործերի անավարտ ընթացքը, սակայն ուսումնասիրելով առավել հնչեղություն ստացած դեպքերը` նկատում ենք, որ թեեւ վերը թվարկված անձինք մեծ շուքով կալանավորվեցին, սակայն կարճ ժամանակ անց գրավ վճարելով` հայտնվեցին ազատության մեջ, շատերն էլ դեռ փնտրվում են:
Ահա թե ինչ ելք ունեցան 4 ամիս առաջ մեծ շուքով բացահայտված աղմակահարույց քրեական գործերը. առ այսօր որեւէ մեկը պատիժ չի կրել: Իսկ կպատժվեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան