Ինչպե՞ս է կորել 8 հեկտար տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը եւ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վարդան Գրիգորյանի հետ քննարկել են քարտեզագրման անճշտության հետ կապված հարց:

Քննարկմանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, համապատասխան մասնագետներ: Խնդիրն առնչվում է համայնքի եւ ազգային պարկի միջեւ սահմաններին, ժամանակին սխալ քարտեզագրման արդյունքում Դիլիջան քաղաքից 8 հեկտար տարածք անցել է ազգային պարկին: 1968 թվականին Դիլիջանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի կառուցման համար հատկացվել է 18 հեկտար հողատարածք:

2010 թվականին իրականացվել է առողջարանի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքների պետական գրանցում, համաձայն որի` հողամասի մակերեսը 18 հեկտարի փոխարեն կազմել է 10 հեկտար, իսկ տարբերություն 8 հեկտարը քարտեզում ներկայացվել է որպես ազգային պարկի տարածք: Դիլիջանի համայնքապետարանում քննարկվել է այդ 8 հեկտար տարածքի նպատակային նշանակությունը փոխելու հարցը:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը 10 հեկտարը սեփականաշնորհել է, անճշտության պատճառով նշված 8 հեկտարը դուրս է մնացել սեփականաշնորհումից, այժմ քաղաքացին ցանկանում է նաեւ այդ տարածքում ներդրումային ծրագիր իրականացնել: Դիլիջանի համանքապետարանում քննարկման արդյունքում բնապահպանության նախարարի խորհրդական Վ. Գրիգորյանն ասել է, որ հարցի մասին մանրամասն կզեկուցի կառավարություն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս