ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Հատկանշական է փաստը, որ երեկվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր միայն ԱԺ-ն, մինչդեռ ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի կայքում այդ մասին չկար որեւէ տող: Փաշինյանն ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին չի գրել անգամ ֆեյսբուքյան իր էջում: Կարելի է ենթադրել, նա պարզապես չի կարեւորել տեղի ունեցածը: Փոխարենը, ԱԺ հաղորդագրության մեջ մանրամասներ կան հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները արձանագրել են. «եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը»: Նաեւ խոսք կա առավելագույնը մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին. դրույթ, որն ամրագրված է նաեւ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրում, եւ որի մասին հիշատակվել է նաեւ Փաշինյան-Բաբլոյան հանդիպման ժամանակ: Ու պետք է արձանագրենք. երեկվա հանդիպմամբ ԱԺ ՀՀԿ-ական նախագահն ինքը եւս մեկ անգամ փաստել է, որ խորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, անգամ այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելուն: Պարզապես հիմա այդ ուղղությամբ պետք է լայն քննարկումներ ընթանան: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է` արդյոք խորհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, լինելով Փաշինյանի կառավարության կազմում, շարունակո՞ւմ են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում, թե՞ նրանց համար այդ սցենարն այլեւս անցանկալի է, եւ կփորձեն ընդդիմանալ այդ հեռանկարին:

 

 

Սերժ Սարգսյանի խնամին՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը, դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Այս գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը: Բանն այն է, որ հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն Արա Մինասյանի, այլ նաեւ բժշկական կոլեկտիվի հասցեին: «Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից»,- ասել էր նա: Հավանաբար այս արտահայտություններն էլ առիթ են դարձել, որ Մինասյանը դիմի դատարան: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին Մինասյանը բացակայում է ՀՀ-ից:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ հիմա անգամ նիստ չի գումարել: Ասել է թե` 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչ այժմ չի գումարվել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արտակ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե հանձնաժողովի անդրանիկ նիստը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում: Նիստերը նախատեսվում է անցկացնել, որպես կանոն, շաբաթական մեկ անգամ:

 

 

 

Հայաստանում ավիափոխադրումն աննախանձելի վիճակում է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող: Ու հիմա հայկական երկինքը տնօրինում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջերս այստեղ գործունեություն է ծավալում վրացական «Ջորջիան Էյրլայնս» ընկերությունը, որի ներկայացուցիչը ՀՀ-ում համարվում է «Արմենիա» ավիաընկերությունը: Միայն թե սա էլ ընդամենը մեկ ինքնաթիռ ունի, եւ հաճախ նրանց օգնության են հասնում հենց «Ջորջիան Էյրլայնս»-ի ինքնաթիռները՝ վրացական դրոշով։ Նկատենք, որ այս ոլորտը ՀՀ փոխվարչապետներից Տիգրան Ավինյանն է համակարգում, բայց արի ու տես, որ նա քայլ անգամ չի անում այդ ուղղությամբ. արդեն տեւական ժամանակ է` ժամանակ չի գտնում հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլեւ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկելու ստեղծված իրավիճակը: Էլ չենք ասում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանի մասին, որը, ասում են, չի տիրապետում ոլորտին:

 

 

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՃԻՇՏ ԷՐ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված մեղադրանքին: Իր հարցազրույցում Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակին ինքը դեմ է եղել այդ նշանակմանը, այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: «Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է Լուկաշենկոն: Անդրադառնալով ՀՀ-ում Յուրի Խաչատուրովին Սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքին` Լուկաշենկոն պատմել է, որ իրավիճակը քննարկվել է նաեւ օգոստոսի 22-ին Սոչիում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: «Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը… Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում եւ գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- պնդել է նա:
Այսպիսով, եթե հիշում եք, նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում էին համոզել, թե Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրելը կարող է բացասական ազդել ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Նման պնդումների համար հիմք էին հանդիսացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները: ՀՀ կառավարությունն իհարկե բավական կոռեկտ, միաժամանակ ճիշտ շեշտադրումներով արձագանքեց Լավրովի հայտարարություններին: Պարզ է՝ այդ թեման քննարկվել է նաեւ հետագայում Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումների ընթացքում: Ու թեման շատ արագ փակվեց:
Իսկ հիմա ՀԱՊԿ անդամ պետություններից Բելառուսի ղեկավարը ոչ միայն չի պաշտպանում Խաչատուրովին, այլ, ընդհակառակը, հայտարարում է, թե իրենք ի սկզբանե համաձայն չեն եղել Խաչատուրովի թեկնածությանը: Ու նա բացահայտում է, որ դեմ լինելով հանդերձ` Խաչատուրովին ստիպված են ընդունել:
Իսկ հիշո՞ւմ եք՝ ինչպիսի դժվարությամբ Յուրի Խաչատուրովը հաստատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. այդ հարցը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվեց` տեղափոխվելով ՀԱՊԿ նստաշրջանից նստաշրջան: Հիմա, պարզվում է, հետաձգման իրական պատճառները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում անհամաձայնություններն են եղել:




Լրահոս