Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել են: Հանդիպման այլ մանրամասների, արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, Ձեզ հայտնի՞ են Փաշինյան-Բաբլոյան հանդիպումից այլ մանրամասներ, բացի այն, ինչ տարածվեց հաղորդագրության մեջ:
-Ինչ քննարկվել է, հիմնականում տարածվել է մամլո հաղորդագրության մեջ: Գիտեք, Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքին ելույթից հետո ԱԺ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ պատրաստ է հանդիպել վարչապետի, նախագահի, ՄԻՊ-ի եւ եթե չեմ սխալվում, ԲԴԽ նախագահի կամ անդամների հետ:
-ԱԺ-ն ներկայում քաղաքական ընդհանուր իրավիճակը, խճանկարը չի արտացոլում: Որքանով է, ըստ Ձեզ, ճիշտ, որ ՀՀԿ-ն, որին մերժեց փողոցում պայքարող քաղաքացին, շարունակի ԱԺ-ում աշխատանքը ղեկավար կազմում:
-Աժ-ն ընտրվել է մինչեւ 2022 թվականը: Ընտրությունները կլինեն 9 ամիս հետո, 6 ամիս հետո, 1 ամիս հետո, ես պատրաստ չեմ ասել: ՀՀԿ-ն, ես ինքս մշտապես առաջնորդվել եմ պետական շահով: Ինչպես այդ շահը պահանջի, այդպես էլ կվարվենք: Բայց որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ 5 տարվա ընթացքում խճանկարը կարող է փոխվել: Ինչ կլինի՝ 5 ամիս, 6 ամիս հետո՝ չեմ կարող ասել. ընտրություններ կլինեն, թե ոչ, կամ եթե լինեն, ինչպիսի պատկեր կունենանք: Ես ուզում եմ, որպեսզի ֆիքսենք. Հանրապետականն ուղղակի չի քննադատում նոր կառավարությունը քննադատելու համար, եթե այս կառավարությունը մի լավ քայլ անի, ես կողջունեմ, եթե սխալ քայլ լինի, պետք է քննադատեմ:
-Քննադատություն արդեն հնչել է, իսկ կարո՞ղ եք նոր կառավարության որեւէ դրական քայլ նշել:
-ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հարաբերությունների զարգացումը համարում եմ դրական: Բայց մյուս կողմից այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրով, նման բան չէր եղել: Այսօր շատ կարեւոր հարց է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության նախագահությունը շարունակի Հայաստանը: Հենց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքից էլ երեւում է, որ այդ պաշտոնն օդից մեզ ոչ ոք չէր նվիրել: Դա տեղի է ունեցել լուրջ պայքարի արդյունքում: Լուկաշենկոն իրավունք չուներ եւ չէր կարող ասել՝ Խաչատուրովին դեմ եմ, Շարմազանովին նշանակեք: Եթե Լուկաշենկոն այլ թեկնածու է ունեցել, նա կարող էր միայն Բելառուսը ներկայացնել: Այսինքն` սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես առաջնորդ, ՀԱՊԿ-ում այնքան է ամրացրել մեր դիրքերը, որ պայքարի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը դարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սա հաջողությու՞ն է, թե՞ ոչ: Իսկ եթե սա չի բարձրաձայնվել, շոու չենք արել, փիար չենք արել, սա կարող է մեր թերությունն է եղել: Բայց որ Փաշինյանը խոսում է, թե ամեն ինչ լավ է հայ-ռուսական հարաբերություններում, ես դեռեւս միայն հակառակն եմ տեսնում: Երանի լավ լինի, կարո՞ղ է ես վատն եմ ուզում: Հիմա օրակարգային հարց է առաջացել Հայաստանի համար ՀԱՊԿ-ում, որը մեր շահերից չի բխում: Եվ եթե ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի քաղաքացուց անցնի այլ երկրի քաղաքացու, այստեղ իր պատասխանատվության բաժինն ունի նախեւառաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը, որն այդ հեղինակավոր միջազգային ռազմաքաղաքական կառույցում նախագահությունը կնվիրի այլ պետության:
-Դուք եւ այլ ՀՀԿ-ականներ նշում էիք, որ նոր իշխանության կողմից խոսքի սահմանափակում կա, նաեւ հալածանք: Իսկ Սերժ Սարգսյանի եւ իրենից առաջ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Դուք նման խնդիրներ չէի՞ք նկատում ընդդիմության հանդեպ:
-Ինչ կապ ունի՝ ինչ է եղել այն ժամանակ: Մենք հիմա խոսում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին: Հանրապետականի իշխանությունը եթե անթերի լիներ, մենք կլինեինք այսօր իշխանություն:
-Այսինքն, ընդունում եք, որ կային սխալներ:
-Եթե 3 ամսվա մեջ Ն. Փաշինյանը հարյուրավոր սխալներ է արել, ինչպես կարող է ՀՀԿ-ն 20 տարվա մեջ սխալներ չաներ: Մենք էլ հազարավոր սխալներ ենք արել 20 տարվա մեջ: Բայց եթե ինքը 20 տարի մնա եւ այս պրոգրեսիայով գնա, կարող է 20 տարվա մեջ Հայաստան չմնա: ՀՀԿ-ն, օրինակ, երբեք չի ասել, որ եթե մեկն այսպիսի բան ասի, ԱԱԾ-ն իրենով կզբաղվի:
-ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին ո՞ր ուժին է սատարելու:
-Այդ թեմայով քննարկում չի եղել:
-Տեղեկություն կար, որ ՀՀԿ-ն աջակցելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին:
-Ես շատ հարգում եմ Արտակ Զեյնալյանին, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկի համար գնալու եմ քարոզ անեմ: Ես Ալավերդիում եմ գրանցված եւ չեմ քվեարկելու այս ընտրություններին: Իսկ ընտանիքիս մյուս անդամները կքվեարկեն՝ տեսնելով թեկնածուների ծրագրերը:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԻՍ
ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որ այդ պաշտոնին է նշանակվել վերջերս, փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ ոստիկանությունում կադրային նշանակումների հարցում: Ընդ որում, նրա միջնորդության շնորհիվ ոստիկանությունում աշխատանքի են տեղավորվում անձին, որոնք համակարգից ազատվել են տարբեր պատմությունների արդյունքում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ոստիկանության` «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Լյովա Բեգոյանը, սակայն շատ կարճ ժամանակով: Մի քանի օր անց Կարեն Կարապետյանի միջամտության արդյունքում նա նորից վերականգնվել է իր պաշտոնին: Նման մի դեպք էլ վերջերս եղել է ոստիկանության ՃՈ քննական-հաշվառման Երեւան քաղաքի պետ Արմեն Դավթյանի հետ կապված. նա համարվում է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Կարապետյանի շրջապատի անձանցից մեկը եւ հիմա պաշտոնավարում է Կարապետյանի միջնորդության շնորհիվ:
Նույն շրջանակների հետ սերտ կապեր ունի նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից Գեւորգ Ասլանյանը, որն աշխատանքից ազատվել էր, բայց Կարեն Կարապետյանի միջնորդության արդյունքում հիմա աշխատում է ԿՀԴՊ ԳՎ-ում՝ վեցերորդ վարչությունում շատ ավելի բարձր պաշտոնի: Եւ վերջապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Կարեն Կարապետյանի միջնորդությամբ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել Մելիքսեթ Արզումանյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, սերտ կապեր ունի քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Թե ինչու է նա այսպես ակտիվ միջնորդում այս կամ այն անձի` ոստիկանությունում նշանակելու համար, մնում է միայն ենթադրել:
Ի դեպ, հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի անունը վերջերս մամուլում շատ է շրջանառվում բացասական կոնտեքստում: Ըստ մամուլի հրապարակումների` նա աղմկոտ անցյալ ունի, ներգրավված է եղել կոռուպցիոն մի քանի պատմությունների մեջ: Ավելին, հիմա ՊԵԿ-ում Կարեն Կարապետյանի հետ կապված ծառայողական քննություն է ընթանում: Այդ մասին դեռ հուլիսին ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ում հրամանով էլ նշանակվել էր ծառայողական քննությունը: «Կա ծառայողական քննություն, որն իրականացվում է չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով: Ստացված տեղեկատվության հիման վրա իմ հրամանով ծառայողական քննությունն է իրականացվում: Հնարավոր երեք ելք կարող է լինել՝ առաջին՝ հերքվում է տեղեկատվությունը, եւ Կարեն Կարապետյանը շարունակում է իր պաշտոնավարումը, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է ճշտվում, մյուս մասը՝ հերքվում, եւ այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարության նպատակահարմարությունը: Երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո, օրինակ, ՀՔԾ ուղարկելու նյութեր ենք ունենում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ոստիկանությունում կադրային որոշ նշանակումների հարցում մեծ դերակատարություն ունի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որի միջնորդությամբ աշխատանքի են վերականգնվել պաշտոնանկ արված մի քանի հոգի: Սակայն Ահարոնյանը հերքեց. «Ոստիկանության կադրային քաղաքականությունը բացառապես ոստիկանության ղեկավարության իրավասության շրջանակներում է: Իսկ ձեր կողմից բարձրացված հարցը իրականությանը չի համապատասխանում»:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԳՆԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը, ով հանդիսանում է Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ, քարոզարշավի մեկնարկի հետ մեկտեղ կմեկնի արձակուրդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց անտառային կոմիտեի նախագահի օգնական, մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանը: Միեւնույն ժամանակ Հակոբյանի խոսքերով` Միքայել Մանուկյանն ընտրությունների եւ քարոզարշավի ընթացքը պատկերացնում է սիրո եւ համերաշխության մթնոլորտում: Հիշեցնենք, որ Միքայել Մանուկյանը 2007-2012 թվականներին ապա 2014 թվականից ԱԺ պատգամավոր է եղել համամասնական ընտրակարգով: Նշենք, որ Միքայել Մանուկյանը 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել էր Երեւանի Դավթաշեն, Աջափնյակ եւ Արաբկիր համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում եւ ստացել 917 ձայն:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾԸ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը անմրցելի է հողամասներ ձեռք բերելու հարցում: Գեղարքունիքի դաշնակցական մարզպետ Իշխան Սաղաթելյանի եղբայրը հայտարարագրել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն, 8 հատ հողամաս, Toyota Corrola 1.8 մակնիշի մեկ ավտոմեքենա: Բացի այս, Սաղաթելյանը մեկ ընկերությունում ունի 16 հազար 670 դրամի բաժնեմաս: Չնայած երիտասարդ տարիքին` Սաղաթելյանի դրամական միջոցները կազմում են 12 մլն դրամ, 34 հազար դոլար, 21 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 645 հազար դրամ: Նկատենք, որ նրա հայրը Գեղամավանի գյուղապետն է:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ
Շուտով կլրանա երկու ամիս, ինչ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը` Գազի Կոլյան, ինքնասպանություն գործեց: Հիշեցնենք, որ նա ինքնասպան էր եղել իր տանը՝ պարգեւատրված զենքով կրակելով բերանի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բնակարանում, որտեղ Նիկոլայ Գաբիրելյանը ինքնասպան է եղել, հարազատներն այլեւս չեն բնակվում. տեւական ժամանակ է` այլ տեղ են տեղափոխվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գործը, ի պատասխան հայտնեցին, որ քննությունը շարունակվում է: ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մշակվել էր քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ: