2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ հիմա անգամ նիստ չի գումարել:
Նշենք, որ հանձնաժողովի կազմավորումն ի սկզբանե հարթ չընթացավ: Սկզբում այնտեղ պատգամավորներց որեւէ մեկն ընդգրկված չէր: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը աղմուկ բարձրացրեց, որից հետո արդեն հանձնաժողով ստեղծելու որոշման մեջ լրացում կատարվեց, ի պաշտոնե ավելացվեց նաեւ նրա անունը: Ընդ որում, այդ հանձնաժողովը ստեղծվեց բավական ուշ` համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց միայն:
Իսկ համաձայնագրի դրույթների իրագործման մեկնարկը պետք է տրվի հենց կառավարության մակարդակով: Բոլոր գերատեսչությունները պետք է գործողությունների ծրագիր մշակեն` ելնելով հենց այդ համաձայնագրում ամրագրված դրույթներից: Եվ միեւնույն ժամանակ ավելի քան հրատապ է գործողությունների ծրագրի մշակումն ու հաստատումը:
Հետաքրքիր է, որ նաեւ հունիսին, երբ հանդիպել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանցի պաշտոնյան վերահաստատել էր՝ կառավարությունը հավատարիմ է մնում նախկինում ձեռք բերված գերակայություններին: Եվ այս առումով այժմ պետք է լինի տարեկան պլան, որով կկարողանան առաջնորդվել եւ ֆինանսական աջակցություն ստանալ: Սակայն հիմա ո՛չ տարեկան ծրագիրն է առկա, ո՛չ էլ նիստ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչ այժմ չի գումարվել եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Արտակ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե հանձնաժողովի անդրանիկ նիստը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում: Նիստերը նախատեսվում է անցկացնել, որպես կանոն, շաբաթական մեկ անգամ:
Ընդ որում, Արտակ Բարսեղյանը մեզ ուղարկված պատասխանում նաեւ նշել է հանձնաժողովի առաջնային խնդիրների մասին: Ըստ այդմ, միջգերատեսչական հանձնաժողովի առաջնային խնդիրներից է իրականացնել ճանապարհային քարտեզ մշակելու համակարգման աշխատանքները, ինչը հնարավոր է մեկնարկել միայն պատասխանատու մարմինների կողմից համապատասխան աշխատանքներ տանելուց եւ առաջարկություններ ներկայացնելուց հետո:
«Հանձնաժողովի ստեղծման պահից սկսած մինչ օրս գրասենյակի հետ համագործակցությամբ բոլոր պատասխանատու պետական մարմինների կողմից կատարվել են աշխատանքներ՝ ուղղված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող եւ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների ցանկ կազմելուն ու դրա շուրջ աշխատանքային քննարկումներ անցկացնելուն: Արդեն իսկ բոլոր պատասխանատու մարմինները միջազգային փորձի վրա հիմնված եւ գրասենյակի կողմից տրամադրված ձեւաչափով մշակել են ճանապարհային քարտեզում ըստ ոլորտների ներառվող միջոցառումների ցանկերը, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն հանձնաժողովի նիստերում»:
Մնում է հուսալ, որ հանձնաժողովին կհաջողվի բոլոր աշխատանքները պատշաճ կատարել եւ հասնել դրական արդյունքների:
Հ.Գ. Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս Հայաստան այցի ժամանակ հայտարարեց, թե Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը սկսի գործել: ՈՒ հիմա հայկական կողմից արագ քայլերն այս առումով խիստ կարեւոր են:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱՐՈՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի` նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գեւորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, ամբողջական բուժման համար: Օգնականի խոսքով` Սեյրան Սարոյանը բուժումների նպատակով հաճախ է լինում արտերկրում, սակայն մշտապես կիսատ է թողնում այն: Սակայն այս անգամ պատգամավորի օգնականի խոսքով` նա Հայաստան կվերադառնա միայն ամբողջական բուժման կուրս անցնելուց հետո:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պետական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի նախկին ղեկավար Արամ Բաբայանը դիմել է դատարան: Վերջինս պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է դատավոր Ժաննա Ասատրյանը: Որպես պատասխանող ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարությունը, որի կազմում էլ ՊՈԱԿ-ն է: Նշենք, որ Բաբայանը արգելոց-թանգարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն տեւական ժամանակ: Թե ինչն է եղել նրան աշխատանքից ազատելու պատճառը, պարզ չէ:
ՀԱՎԵՐԸ ԱՆԿՈՒՄ ԵՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի գյուղերի բնակիչները հայտնվել են ծանր դրության մեջ: Գյուղերում արդեն տեւական ժամանակ է՝ հավերի, ճտերի, հնդկահավերի մասսայական անկման դեպքեր են գրանցվել: Ըստ ֆերմերների` նախնական տվյալներով հավերը անկում են ժանտախտ հիվանդությունից: «Ժողովուրդ» օրաթերթին գյուղացիները պատմել են, որ թռչունների հերձումից հետո պարզվել է՝ ներքին օրգանները ախտահարված են եղել սեւ բիբարի հատիկների նմանվող գոյացություններով: Մեզ հայտնի դարձավ, որ տարածքային անասնաբույժներն այս օրերին այցելում են գյուղացիների տներ եւ հավերին ակտիվ պատվաստումներ անում: Հուսանք` այսպես իրավիճակը հնարավոր կլինի կանխել: Իսկ թե այս ընթացքում թռչունների անկումից գյուղացիները որքան վնաս են կրել, դեռ հաշվարկված չէ:
«ԼՈՒՅՍ» ԱՆՎԱՄԲ
«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Նրանց ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարը կլինի Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իսկ երրորդը՝ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որով Արտակ Կրկյաշարյանը, Սամվել Ավետիսյանն ու Արման Պողոսյանը նշանակվել են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ: Մեկ այլ որոշման համաձայն Շուշանիկ Ներսիսյանը նշանակել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
ՉԵՆ ՓԱԿՎԻ
Սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու, հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ: «Երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ համայնքներում են գտնվում: Մենք փոքր դպրոցների զարգացման համար հեռանկարային ենք համարում համայնքային կենտրոնի վերածելու մոդելը: Սահմանամերձ գյուղում դպրոցը բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է, սա կառավարության համար քաղաքական դիրքորոշում է»,-հայտարարել է ԿԳ նախարարը: Նրա խոսքով` վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձեւը եւ, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաեւ գործակից` ըստ դասարանների թվի: Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019թ. բյուջետային հայտի մշակման համատեքստում:
ԴԵՍՊԱՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում Հայաստանի դեսպան: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
ԾԱՆՐՈՐԴԸ` ԹԵԿՆԱԾՈՒ
Հայտնի ծանրորդ Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երեւանի ավագանու թեկնածու ԲՀԿ կողմից: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Ավդալյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից` տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել եւ մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլեւ հարազատ մարդ եւ ընտանիքի անդամ»,-սոցցանցի իր էջում գրել է Ն. Ավդալյանը:
ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել: Սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, որոնք փորձել են լողալով անցնել Արաքս գետը: Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են պետական սահմանը եւ փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահներին հաջողվել է ձերբակալել նրանց: Պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Օրենսդրական կարգի համաձայն, սահմանախախտները փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն հայ-թուրքական սահմանը խախտելու նպատակները: