ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ սահմանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ իրավապահների կողմից բացահայտված դեպքերի մասին, թե ինչպես են զինկոմները կլորիկ գումարի դիմաց մի շարք անձանց ազատում պարտադիր ժամկետային ծառայությունից:

-Պարո՛ն Դավթյան, վերջին շրջանում նկատում ենք` թշնամու կողմից դիվերսիոն հարձակման փորձերը շատացել են. ինչպիսի՞ իրավիճակ է սահմանում:
-Վերջին շրջանում առաջխաղացումը չգիտեմ` ինչով եք կապում, եւ, առհասարակ, որտեղից տեղեկատվությունը. նման խնդիրներ չկան: Տեղաշարժերը մեր կողմից, ինչպես նաեւ հակառակորդի կողմից իրականացվում են բացարձակապես նախկինում զբաղեցրած բնագծերի հատվածներում, որը միշտ եղել է եւ ինձ թվում է` կշարունակվի: Իսկ եթե ընդհանուր իրավիճակը վերցնենք, նախկինում համեմատած` բավականին հանգիստ է ե՛ւ կրակոցների քանակի քչությամբ, ե՛ւ դեպքերի պատահարների առումով:
– Դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ մշտապես իրավապահ մարմինների կողմնից բացահայտվել են բանակում հրամանատարական կազմի կողմից չարաշահումների` դիզվառելիքի, սնունդի յուրացումների հետ կապված դեպքերը, եւ գործընթացը շարունակվում է նաեւ հիմա: Որպես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ` Դուք ի՞նչ եք անում հրամանատարներին, ՊՆ պաշտոնյաներին զսպելու համար:
-Տանում ենք այն աշխատանքը,ինչը անում էր նախկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քչացնենք, հնարավորության դեպքում նաեւ վերացնենք, որը մոտիկ ժամանակներում չեմ կարծում, որ հնարավոր կլինի: Բայց արդեն քչացել է, եւ հրապարակումները, որոնք կան, նպաստում են մեզ այդ գործընթացը ավելի լավ իրականացնելու:
-Ի՞նչ եք անում Զինկոմներին կաշառքից զերծ պահելու համար: Փորձը ցույց է տվել, որ անգամ զինկոմներին կալանավորում են, ազատազրկման են դատապարտում, նրանք այդ ամենից դասեր չեն քաղում եւ կրկին գնում են գործարքների. կլորիկ գումարի դիմաց քաղաքացիների են ազատում կամ տարկետում տալիս պարտադիր ծառայությունից խուսափելու համար:
-Իրավիճակը շտկելու վերաբերյալ պատիժներով դեռեւս ոչ մի երկրի մեջ չեն կարողացել իրավիճակ փոխել: Անգամ եթե գողության համար ձեռքները կտրում էին, ամենաշատ գողություն կատարում էին ձեռք կտրելու ցուցադրման ժամանակ, այնպես որ պետք է աշխատենք` փոխենք հասարակության մտածելակերպը, կեցությունը, ինձ թվում է` կհասնենք արդյունքի, բայց ժամանակ է պետք:
-Պաշտպանության նախարարությունում օրերս անսպասելի աշխատանքից ազատման դեպք արձանագրվեց: Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Բոլորը նրան համարում են պրոֆեսիոնալ, բայց մեզ հասած լուրերի համաձայն` նա ասել է, որ հոգնել է եւ չի ցանկանում մնալ, միգուցե ներկայիս իշխանությունների հետ չցանկացա՞վ աշխատել եւ հեռացավ, թե՞ այլ խնդիր կար:
-Պարոն Յոլչյանը լավագույն մասնագետներից մեկն էր, գնալու վերաբերյալ հարցը պետք է ուղղել իրեն, ինքը գնացել է օրենքի տառին համապատասխան` պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, չցանկացավ երկարացնել եւ գնաց:
-Զինված ուժերի համար, գիտեք, որքան կարեւոր է նյութատեխնիկական դեպարտամենտի գործունեությունը. ի վերջո այդ դեպարտամենտն է մրցույթներ հայտարարում, եւ համապատասխան տեխնիկան, սնունդը եւ այլ իրերը մատակարարվում են բանակ, սակայն հիմա ունենք մի իրավիճակ, որ որեւէ մեկը չի ցանկանում աշխատել այդ պաշտոնում, քանի որ նշում են, եթե աշխատեն, ի վերջո դատվելու են: Ձեզ չի՞ մտահոգում, որ այդ պաշտոնը մնացել է դատարկ:
-Նյութատեխնիկական դեպարտամենտը չի մտնում Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ, եւ այդ հարցով իրավասու չեմ որեւէ մեկնաբանություն կատարելու:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Բարձրագույն դատական խորհրդի գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթական դատավորն է ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացրել դատարան:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:
Մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Լիզա Գրիգորյանը ցանկացել է դառնալ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր եւ ընդգրկվել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Սակայն ԲԴԽ-ն նրան չի ընտրել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, այսքանից հետո դատավոր Լիզա Գրիգորյանը ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, սակայն այս անգամ էլ ԲԴԽ-ի կոմից չի ընտրվել դատարանի դատավոր:
Եվ ահա ԲԴԽ-ի այս որոշումները վերացնելու համար դատավորը դիմել է ՀՀ վարչական դատարան: Ի դեպ, դատավորները բարձրաձայնում են այն մասին, թե ինչու ԲԴԽ-ն չի պատճառաբանում` ինչու ԲԴԽ-ի հավանությանը չեն արժանանում: Դատավորները նշում են, եթե իրենք դատական ակտ են կայացնում եւ չեն պատճառաբանում իրենց կայացրած ակտը, կարգապահական պատասխանատվության են ենթարկում, իսկ ինչպես հասկանալ ԲԴԽ-ի գործելաոճը, որ իրենց զրկում են մեկ այլ դատարանում դատավոր աշխատելու հնարավորությունից եւ ոչ մի պատճառաբանություն չի ներկայացնում, թե ինչի համար են նման որոշում կայացրել, միգուցե իրենց սանրվածքը դուր չի եկել, կամ պետք է կապույտ աչքեր ունենան կամ բազմաթիվ բեկանումներն են պատճառը, որ չընտրվեցին:
Նշենք, որ Լիզա Գրիգորյանը միակ դատավորը չէ, որ ԲԴԽ-ին դատի է տվել. Երեւան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը եւս դատի են տվել, քանի որ վերջիններս դիմել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել: Ինչ կլինի դատավորների հայցերի հետ, արդյոք նրանց հայցերը ՀՀ վարչական դատարանը վարույթ կընդունի եւ դուրս կգա ԲԴԽ-ի դեմ, ցույց կտա ժամանակը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԵԽԱԾ ԴԻ
«Արտաշատ» բկ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի` դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում: Կնոջ դին հայտնաբերվել է ծննդատան սենյակներից մեկում` մահճակալին պառկած վիճակում, սակայն ինչպես պարզել են, այն եղել է նեխած վիճակում: Հայտնի է նաեւ, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ թե ինչպես է դին այնտեղ հայտնվել, կպարզվի քննությամբ:

 

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Երեկ Արմավիր-Երեւան երթուղու վարորդները գործադուլ են արել. ուղեւորները ստիպված տաքսիներով են եկել Երեւան: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը մեկնել է Արմավիր քաղաք խնդիրը տեղում հասկանալու եւ լուծում տալու համար: Ըստ նրա` վարորդները բողոքում են գծատերերի` օրվա պլանի բարձրացումից: Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էլ նշել է, որ խոսքը ոչ թե Արմավիր քաղաքում, այլ Արմավիր-Երեւան երթուղու մասին է, հետեւաբար, քաղաքապետարանն այս հարցում անելիք չունի: «Վարորդները պնդում են, որ այս գործն այլեւս եկամտաբեր չէ, որովհետեւ իրենցից բացի ուղեւորափոխադրում են իրականացնում նաեւ այլ անձինք` մասնավոր տաքսիներ, այլ գյուղերից Արմավիրով անցնող երթուղայիններ եւ այլն: Վարորդները պլանի իջեցում են պահանջում կամ էլ պահանջում են, որ ուղեւորափոխադրումը միայն իրենց կազմակերպության միջոցով կատարվի»,-ասել է Դ. Խուդաթյանը:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Բնակարանի ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ` 38-ամյա Նաիրի Մովսեսյանի` երկաթե խողովակից կախված դին: Նշենք, որ ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Ն. Մովսեսյանը աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում` որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա` տղա եւ աղջիկ:

 

 

ՉՎԵՐԹԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ
Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ եւ ռումինական «Տարոմ» ավիաընկերության միջեւ: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ-Երեւան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը: Չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ
2015թ. սեպտեմբերի 19-ին` առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: Ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով, ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհ»-ին, անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը: Երեկ դատարանը հրապարակել է նրանց դատավճիռը: Ըստ այդմ` Անդրանիկ Գաբրիելյանը դատապարտվել է ազատազրկման 16 տարի յոթ ամիս ժամկետով, Գարիկ Բաբախանյանը` 5 տարի վեց ամիս ժամկետով, Հակոբ Բոյաջյանը` 7 տարի 7 ամիս եւ Սամվել Սաֆարյանը 4 տարի ժամկետով:




Լրահոս