Շաբաթ օրը 81 տարեկանում իր մահկանացուն կնքեց ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնը: ԱՄՆ պետական կյանքի ականավոր ներկայացուցչի մահը դարձավ ամերիկյան ներքաղաքական լարվածության հերթական բորբոքիչը` կրկին քննադատության սլաքներ թեքելով նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ: Ի դեպ, ՄըքՔեյնի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում իրապես նշանակալից է եղել 1990-ական թթ.:
ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնի մոտ նախորդ տարի բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել, ինչը ստիպել էր սենատորին հեռանալ ակտիվ քաղաքականությունից` կենտրոնանալով սեփական առողջության վերականգնման վրա: ՄըքՔեյնը, սակայն, բուժման հետ զուգահեռ շարունակում էր հանդես գալ հայտարարություններով ու մեկնաբանություններով ինչպես պետության ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Հատկանշական է, որ ՄըքՔեյնի այդ հայտարարությունները բավականին լայն արձագանք էին գտնում, հատկապես, եթե դրանք քննադատական ուղերձներ էին` հղված նախագահ Դոնալդ Թրամփին:
ՄըքՔեյնի եւ Թրամփի հարաբերությունները լարված էին դեռեւս նախընտրական շրջանից, երբ Թրամփը պայքարում էր ԱՄՆ հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակի համար: Այնժամ ՄըքՔեյնը` որպես կուսակցության հարգված առաջնորդներից մեկը, քանիցս դժգոհություն էր հայտնել Թրամփի հռետորաբանության առթիվ, իսկ վերջինս, ինչպես հայտնի է, խիստ անհանդուրժող է իր ուղղությամբ նույնիսկ խեթ նայողների նկատմամբ: Եվ ահա այդ շրջանում Թրամփը կասկածի տակ էր դրել ՄըքՔեյնի` վիետնամական պատերազմում հերոսի համարումը: Թրամփը հայտարարել էր, որ իր համար չի կարող հերոս լինել մի մարդ, որը գերի էր ընկել: Մինչդեռ հայտնի փաստ էր, որ ՄըքՔեյնը գերության ժամանակ աննկարագրելի կտտանքների էր ենթարկվել ու ամուր կամային հատկությունների շնորհիվ փրկվել: Եվ ահա Թրամփի նման գռեհիկ արտահայտությունը մեծ քննադատության արժանացավ մրցակիցների կողմից: Տպավորություն էր, որ պատերազմի վետերանի մասին անհարգալից ձեւակերպումը կտապալեր Թրամփի նախընտրական արշավը, սակայն Թրամփի այդ վրիպումը խոշոր նշանակություն չունեցավ ամերիկյան ընտրողների աչքում: Հետաքրքիր է, որ Թրամփը հետագայում շտկեց իր սխալը` հրապարակավ ընդունելով, որ ՄըքՔեյնը հերոս է եղել, թեպետ այդպես էլ ներողություն չխնդրեց իր նախկին ձեւակերպման համար:
Այժմ այս պատմությունը դարձել է ամերիկյան լրատվականներին ամենաշատը հուզող հարցերից մեկը: Խնդիրն այն է, որ, ըստ որոշ տեղեկությունների, սենատորը ընտանիքին պատվիրել է, որ թույլ չտան նախագահ Թրամփին մասնակցելու իր հուղարկավորության արարողությանը: Միաժամանակ, ՄըքՔեյնը խնդրել է, որ ելույթով հանդես գան նախկին նախագահներ Ջորջ Բուշ Կրտսերն ու Բարաք Օբաման: Սա, կարելի է ասել, ապտակ է գործող նախագահին, որը ներկայացնում է հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդներից ու նախագահի թեկնածուներից է եղել ՄըքՔեյնը: Թեպետ առայժմ այս տեղեկությունները չեն հաստատվել, սակայն խիստ հավանական են` հաշվի առնելով Թրամփի ու ՄըքՔեյնի հարաբերությունները: Սենատորի մահվան լուրը ստանալուն պես ամերիկյան գրեթե ողջ պետաքաղաքական դասը հանդես եկավ ցավակցական հայտարարություններով: Իրենց ուղերձները հղեցին ԱՄՆ նախկին բոլոր նախագահները, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ԱՄՆ Կոնգրեսի նախկին ու ներկա ղեկավարները, հայտնի կուսակցական գործիչներ եւ այլն: Մինչդեռ Սպիտակ տունը այդպես էլ պաշտոնապես լուռ մնաց: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի նախաձեռնությամբ հատուկ ցավակցական տեքստ էր պատրաստվել, որը պետք է հանրայնացվեր ԱՄՆ նախագահի անունից, սակայն Թրամփը չի լսել խորհրդականների հորդորը եւ թույլ չի տվել Սպիտակ տնից պաշտոնական ցավակցագրի տարածումը: ԱՄՆ նախագահը բավարարվել է թվիթերյան մի հակիրճ գրառմամբ, որտեղ որեւէ գնահատական չի տվել սենատորի անցած ուղուն եւ դերակատարությանը ԱՄՆ պետական կյանքում: Ի հեճուկս դրան` ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ավելի շռայլ է գտնվել` շեշտելով, որ ՄըքՔեյնը անուրանալի ծառայություններ է մատուցել ազգին: Թրամփի այսպիսի վերաբերմունքը, ըստ էության, օրինաչափ է` հաշվի առնելով նախագահի խառնվածքը, որը թշնամաբար է ընդունում ցանկացած քննություն, իսկ դրա հեղինակին համարում աններելի թշնամի: Այսօրինակ վարքագիծը, սակայն, բնորոշ չէ ամերիկյան ժողովրդավարության ավանդույթներին, որտեղ նախագահները վայրկենապես կարող են հեղինակազրկվել այդ բարձր պաշտոնը սեփական նախասիրությունների պատանդը դարձնելու համար:
Հատկանշական է, որ 1990-ական թթ. Ջոն ՄըքՔեյնը եղել է Հայաստանի բարեկամներից մեկը, որի անմիջական ջանքերի արդյունքում ընթացել է հայ-ամերիկյան հարաբերությունների ձեւավորումը: Մասնավորապես, սենատորը մեծ ներդրում է ունեցել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի միջազգայնացման գործում, ինչպես նաեւ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ բանաձեւի ընդունմանը, որով արգելվում էր զենքի վաճառքն Ադրբեջանին: Այս տեսնակյունից խիստ կարեւոր է նաեւ Հայաստանի պետական իշխանության դիրքորոշման հանրայնացումը ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում հայկական առանձին շրջանակներ հրապարակավ ցավակցություններ են հղել սենատորի ընտանիքին, սակայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անձամբ նման նախաձեռնություն չի ցուցաբերվել: Նկատելի է, որ Հայաստանի հրապարակավ պասիվությունն այս հարցում մասամբ կարելի է ճիշտ համարել` պայմանավորված ռուսական վերնախավի` ՄըքՔեյնի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքով: Սակայն, այդուհանդերձ, կարծելի է, որ ՀՀ նախագահի կամ վարչապետի անունից` ՄըքՔեյնի ու Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները շեշտադրող այդպիսի ցավակցագիրը ավելի կբարձրացնի ՀՀ-ի` ԱՄՆ պետական շրջանակներում ունեցած համարումը, քան խանդի առարկա կդառնա Թրամփի կամ Պուտինի համար:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ԵԿՄ-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԼԱՐՎԱԾ ԵՆ
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը Շիրակի մարզում քարոզարշավ է սկսել: Վերջինս ԵԿՄ համագումարին ընդառաջ իր թիմակիցների հետ Գյումրի է եկել ու փորձել ներկայացնել իր նախընտրական ծրագիրը: Խուդավերդյանի կողքին Շիրակի մարզից մի քանի հոգի են կանգնած, նրանք Երկրապահ Կամավորական միության Շիրակի մարզային կառույցից «նեղվածներն» են: Վերջիններս վատ հարաբերությունների մեջ են Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի հետ ու վստահեցնում են, որ Ալեքսանյան Յուրան գեներալ Մանվելի կողմնակիցն է եւ պետք է հեռանա երկրապահից:
Օրերս Յուրա Ալեքսանյանի «հակառակորդները» մարզային հեռուստաընկերություններում հայտարարություն էին տարածել, որ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցում նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Հայտարարությունը ընդամենը ժամեր անց հերքվեց: Պարզվեց՝ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախագահ Յուրա Ալեքսանյանն էլ անակնկալի էր եկել Խուդավերդյանի այցից. «Եկել հասել են Երկրապահի բակը, ես էլ խնդրել էի մեր տղերքին այդտեղ չմնալ, որ արյուն չթափվի: Բայց մեր տղաներին չէի կարողացել համոզել: Մի երեք հոգի եկել են մեր գրասենյակ ու հանդիպել դրանց հետ: Վերջիններս զարմացել են, երբ իմացել են որ Գյումրիում լուրեր են տարածվել այն մասին, որ նախագահի ընտրություն է լինելու: Կոռնիձորի Արոն էլ վստահեցրել է, որ այցի նպատակը միայն քարոզարշավի համար է»,- ասել է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը:
ԵԿՄ անդամները Կոռնիձորի Արոյին ներկայացրել են, որ վերջինիս թիմը համալրած Շիրակցի ներկայացուցիչները իրականում որեւէ կապ չունեն ԵԿՄ-ի հետ. «Եթե որոշել էին գալ ու մեր մարզում քարոզարշավ անել, նախ պետք է մարզային կառույցի ղեկավարի հետ խոսեին: Ասեին, մեր ամբողջ անձնակազմին կհավաքեի, խնդիր չկար, թող գային իրենց ծրագիրը ներկայացնեին: Հայտարարել է, որ ինձ հետ «չերեզով» է կապ հաստատել»,-ասել է Յուրա Ալեքսանյանը:
Նշենք, որ այժմ կրքերը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցում լարված են:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
«ԶԻՆՏԱՔՍԻ»` ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈ՞Ւ, ԹԵ՞ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդեն երկու օր է, ինչ Երեւանում ավելացել է եւս մեկ տաքսի ծառայություն՝ «Զին տաքսի» անվամբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների` եկամուտների զգալի մասը` 80 տոկոսը, ուղղվելու է բարեգործության նպատակներով զինծառայողներին եւ անապահով ընտանիքներին: Նկատենք, որ այս տաքսի ծառայությունը ստեղծվել է «Զինվորի Քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական ռեգիստրից, որ «Զին տաքսի» ընկերությունը ստեղծվել է հուլիսի 10-ին, իսկ հիմնադիրն է Հայկ Մարգարյանը: Իսկ ահա «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն հիմնվել է օգոստոսի 8-ին: Այս կազմակերպության հիմնադիրների մասին տեղեկությունը պետական ռեգիստրում բացակայում է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Զին տաքսի» ընկերության Հայկ ներկայացած աշխատակիցն ասաց, որ բարեգործական ՀԿ-ն ստեղծվել է Հովհաննես Մարգարյանի կողմից: «Բանակի դեպքում բարեգործական ՀԿ-ի խորհուրդը որոշում է սիգարե՞տ ուղարկել զինվորին, թե՞ շապիկ, վարտիք կամ գուլպա»,- բացատրեց Հայկը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչո՞ւ, «Զինվորի Քավոր Մարգարյան», ընկերության աշխատակից Հայկն ասաց. «Դե ով որ հիմնել է ՀԿ-ն, իրեն անընդհատ քավոր-քավոր են ասել, ինքն էլ որոշել է այդպես կոչել: Ինքը քաղաքականության, պաշտոնի հետ կապ չունի: Ուղղակի գործարար է: Բարեգործությունը վերահսկվելու է արդարադատության նախարարության կողմից: Մենք չենք շահարկում զինվորի, հայոց բանակի անունը: Ժամանակ առ ժամանակ մենք հայտարարություններ կտեղադրենք, կտեղեկացնենք մեր կողմից արվող բարեգործությունների մասին»:
Հուսանք, որ այս կազմակերպությունը չի շահարկի զինվորի, հայոց բանակի անունը շահույթ ստանալու համար, որովհետեւ տպավորություն է, թե իրականում տաքսի ծառայությունն իր անվան մեջ «զինվոր» բառն օգտագործում է՝ ընդամենը քարոզչական նպատակներով, որ շահույթ ստանա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ