«Երևան» հիմնադրամի նախկին տնօրենի որդին` Ղազարյան Սերգեյը, պարզվում է աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ավելին` նա այս կառույցում պետի պաշտոն է զբաղեցնում. 2018 թվականի մայիսի 8-ից Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 13 բաժնի պետն է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երևան» հիմնադրամում:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հոդվածներով: Հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը ձերբակալվել էին: