Ազգային ավիափոխադրող ունենալու հարցում Հայաստանի բախտն այդպես էլ չի բերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիացիոն ոլորտի մասնագետները տեւական ժամանակ է՝ փորձում են այս հարցով հանդիպել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ում համակարգման տիրույթում է խնդիրը, սակայն ապարդյուն: Եւ սա այն դեպքում, երբ ազգային ավիաընկերության ստեղծումը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար պետք է առաջնահերթ խնդիր համարվի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամանակ չի գտնում հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլեւ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ: Փոխարենը Ավինյանի գրասենյակը օրեր առաջ ամփոփ տեղեկանք էր հրապարակել մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում իրականացված իրենց աշխատանքների մասին: Այնտեղ, ի դեպ, անդրադարձ կար նաեւ զբոսաշրջության ոլորտին, օդանավակայանների ընդլայնման ծրագրերին: Ըստ Ավինյանի գրասենյակի` քննարկման փուլում են գտնվում գերցածր գնային առաջարկ ներկայացնող ավիաընկերությունների` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու ֆինանսատնտեսական հնարավորությունները: Իսկ ազգային ավիափոխադրող ունենալու մասին` ոչինչ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ավինյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Նրա գրասենյակից եւս մեզ չպատասխանեցին:
Իսկ ավիացիոն ոլորտի մասնագետների կողմից բարձրացրած թիվ մեկ խնդիրը ազգային ավիափոխադրող ունենալն է: Մասնագետները բարձրաձայնում են` Հայաստանի ամբողջ ավիացիոն ոլորտը տրված է Ռուսաստանին: ՈՒ հենց ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մենք հայկական ավիափոխադրող ունենանք, որովհետեւ բեռնաուղեւորափոխադրումների ողջ շուկան ՌԴ-ն է տնօրինում:
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման գործընթացից հետո ոլորտը տրվեց «Արմավիա»-ին: Ապա մի քանի տարի անց «Արմավիա»-ն սնանկացավ: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն` «Էյր Արմենիա», եւ այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն` հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը` ամբողջությամբ տրվեց օտարներին: «Էյր Արմենիա»-ն անմիջապես սնանկացավ եւ չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Արդյունքում, հիմա սեփական ավիաընկերություն չունենք: Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել ազգային ավիափոխադրող ունենալու հարցը: Իր մտերիմ շրջապատում նույն հայտարարությունն է արել նաեւ «Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նկատենք, որ երկուսն էլ իրենցից հետո միլիոնների հասնող պարտքեր են կուտակել ե՛ւ աշխատավարձերի, ե՛ւ հարկային պարտավորությունների գծով:
Բացի այս, ավիաընկերությունների ներկայացուցիչները դժգոհում են մեր երկրի գլխավոր օդանավակայանի` «Զվարթնոց»-ի սպասարկման վարձերից: Ինչպես հայտնի է, ավիացիոն փոխադրումների գինն առաջանում է օդանավի վարձակալության, նավթի գնի, օդանավակայանի սպասարկման վարձերից: Իսկ մեզ մոտ վառելիքի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում: Բնական է, որ եթե ավստրիական ընկերությունը գալիս է եւ այստեղից է նավթ լիցքավորում, ապա ինքը կրկնակի թանկ է վճարում, քան Թբիլիսիում կվճարեր: Այսինքն` վառելիք ներկրողը x գումարով վաճառում է օդանավակայանին, որն էլ 2 անգամ թանկ գնով վաճառում է օդանավերին: Մինչդեռ օդանավակայանը կարող է իր սպասարկման գումարը ավելացնել, իսկ վառելիքը վաճառել այն գնով, որով գնել է: Դրա համար էլ ավիատոմսերի գները Հայաստանում այդքան թանկ են: Բացի այս` օդանավը այստեղ մի քանի հարյուր դոլարով թանկ է կայանում, քան Թբիլիսիի կամ այլ օդանավակայաններում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, օրինակ, վառելիքի մեկ տոննան Իրանում 200 դոլար է կազմում, Դոմոդեվոյի օդանավակայանում` 700-800 դոլար: Փոխարենը մեզ մոտ 1 տոննայի դիմաց վճարը 1200 դոլարը գերազանցում է: Անգամ Փարիզի «Շառլ դե Գոլ»-ում 1200 դոլար չէ, այստեղ վառելիքի մեկ տոննան կազմում է շուրջ 800-900 դոլար: Ավիացիոն ոլորտի մասնագետները պայքարում են, որ Հայաստանում գոնե ստեղծվի 2-3 ավիաընկերություն, որից մեկը ազգային ավիափոխադրող լինի:
Բոլորին հայտնի է, որ բաց երկնքի քաղաքականությունը առաջին հերթին ձեռնտու է «Զվարթնոց» օդանավակայանին: Չէ՞ որ այս դեպքում բազմաթիվ ավիաընկերություններ գալիս-գնում են բարձր գներով: Բայց տեղական փոխադրողի դեպքում նախ օդանավակայանը սպասարկող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պետք է զեղչի թե՛ շենքի, թե՛ թռիչքի, վայրէջքի համար: Իսկ մյուս ավիաընկերությունները, բնականաբար չեն օգտվում այդ զեղչերից:
Մյուս կողմից` սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է, որ օտարերկյա փոխադրողները հաճախ թելադրեն իրենց գները: Օրինակ, ռուսական ավիաընկերությունները գերիշխում են ՀՀ երկնքում` թելադրելով իրենց գնային քաղաքականությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշ ավիաընկերությունների ներկայացուցիչներ, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, հույս ունեն, որ կառավարությունը հնարավորություն կգտնի միջամտել եւ Էռնեկյանին պատկանող ընկերությունից պահանջել փոքր-ինչ նվազեցնել սակագները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
3 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում էր Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982 թվականի ծնված Արթուր Պապինյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա Սոֆյա Վոսկրեսենսկայի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»): Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Սոֆյա Վոսկրեսենսկայան բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո նա մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցել: Ա. Պապինյանն ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չէ անգամ իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Այդ գործով դատավարության օգոստոսի 2-ի նիստում քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Ա.Պապինյանին մեղավոր ճանաչել բռնաբարության հոդվածով եւ նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, այդ ժամկետից հանել Ա. Պապինյանի կալանքի մեջ գտնվելու 3 ամիսը եւ նրան դատապարտել 3 տարի, 9 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական ճառով հանդես գալով` Ա. Պապինյանի պաշտպան, փաստաբան Սարգիս Խաչատրյանը դատարանին միջնորդել է Արթուր Պապինյանին անմեղ ճանաչել կամ նրա նկատմամբ պատժաչափ նշանակել պայմանական ազատազրկումը:
Օգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման:Ամենայն հավանականությամբ, Ա. Պապինյանի պաշտպանը կբողոքարկի այդ դատավճիռը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ըստ ֆերմեր Հարություն Մնացականյանի` գյուղատնտեսական մի քանի ապրանքների թանկացումը պայմանավորված է աննախադեպ շոգ եղանակային պայմաններով: «Այս տարի աննախադեպ շոգերով է պայմանավորված ձմերուկի եւ լոլիկի գների նման աճը»,-ասել է նա:
Ֆերմերի խոսքով` չնայած պնդումներին` կարտոֆիլի գնաճ չի եղել: «Շոգերը դաշտերին ահագին մեծ վնաս հասցրին, որի պատճառով լոլիկի ու ձմերուկի դեֆիցիտ առաջացավ, եւ նույնիսկ ձմերուկի որոշ չափաբաժին ներմուծվեց»,-ասել է նա: Ֆերմերը նշել է, որ ձմերուկի դեֆիցիտն արդեն աստիճանաբար վերականգնվում է: «Նորագավիթում գինը իջել է, մեծ ձմերուկները 80 դրամ, փոքրերի կիլոգրամը 50 դրամ է, սուպերմարկետներում 110 դրամ է, լոլիկը խանութներում 200-250 դրամ արժե»,-ասել է նա: Հ. Մնացականյանը նշել է, որ պետք է հետեւողական աշխատանք ու ագրարային քաղաքականություն տարվի: «Վարկերի խնդիրն է, պետք է գյուղացիական վարկերի տոկոսների շեմը իջեցվի, եւ հետեւողական աշխատանք տարվի, որ վարկը չվերցնի, տղային հարսանիք անի, այլ բանկը վերահսկի»,-ասել է նա: Նրա խոսքով` պետք է ոչ ավանդական բարձրարժեք բույսերի մշակմամբ զբաղվել, եւ ինքը նախաձեռնել է սիսեռ ցանել: «9 մլն սիսեռի պատվեր եմ ստացել եկող տարվանից: Սիսեռը եւ հողի որակն է բարելավում, հույս ունեմ` լավ ապագա ունի»,-ասել է նա: Վերջինս խոսել է մսամթերքի գնի աճից. «Ոչխարի միսը թանկանալու է տարեցտարի, քանի որ Մերձավոր Արեւելքում պահանջարկը մեծ է»,-ասել է նա: