«Թավշյա հեղափոխությունից տասն օր առաջ նյարդային համակարգս տեղի տվեց, հասկացա, որ օպերային թատրոնում իրավիճակ չի փոխվում, դիմում գրեցի եւ աշխատանքից դուրս եկա»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի արդեն նախկին տեղակալ Կարեն Շահինյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի օգոստոսի 27-ի այն հայտարարությանը, թե օպերային թատրոնում արմատական փոփոխությունների կարիք կա:
Պարոն Շահինյանի խոսքով՝ ինքը 4 տարի շարունակ բարձրաձայնել է այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն լսող չի եղել. «Ես ասում էի, որ այդպես աշխատել չի կարելի, բայց ոչ մի օգուտ, ինձ խանգարում էին: Իսկ ես թասիբ ունեմ: Կոնստանտին Օրբելյանն իմ 35 տարվա ընկերն է, պատրաստ եմ նրան մինչեւ վերջ պաշտպանելու, բայց նրա հավաքած թիմը շտկվելու կարիք ունի: Օրբելյանի մեղքը թատրոնում տիրող իրավիճակի հարցում չնչին է, մաեստրոն պետք է մեզ իր անունով եւ կապերով, նրան պետք չէ նեղացնել, պարզապես չպետք է թույլ տալ, որ Օրբելյանին օգտագործեն անձնական շահերի համար՝ այդպիսով վարկաբեկելով նրան»:
Մշակույթի նախարարը, լրագրողների հետ զրույցում ամփոփելով աշխատանքային 100 օրը, նշել էր. «Օրբելյանի հետ խոսել ենք նաեւ թատրոնում դիրիժորի հաստիքի կարեւորության մասին: Բացի այդ՝ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքներն առանձնացնելու մասին ենք խոսել» (Նշենք, որ 2015 թվականից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը չունի գլխավոր դիրիժոր, իսկ 2016-ին էլ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ այժմ հանդիսանում է նաեւ նույն թատրոնի տնօրեն-հեղ.):
Կարեն Շահինյանը, սակայն, այն համոզման է, որ նշյալ պաշտոնները տարբեր մարդկանց տրամադրելով` օպերային թատրոնի խնդիրները չեն լուծվի. «Եթե աշխատանքները ճիշտ են տարվում, կարող է թատրոնի տնօրենն էլ, գեղղեկավարն էլ նույն մարդը լինել, բայց թատրոնը կարող է ունենալ հրաշք գեղղեկավար եւ հիմար տնօրեն, կամ հակառակը, ու աշխատանքները կրկին կտուժեն: Քանի դեռ այդ բոլոր օղակները նույն մտքի չեն, նույն գաղափարին չեն ծառայում, մտածում են ոչ թե թատրոնի բյուջեի, այլ սեփական գրպանը լցնելու մասին, ոչինչ էլ չի փոխվի: Իսկ մենք այսօր թատրոնում շատ հզոր ուժեր ունենք, լավ կադրերի պակաս չկա: Միայն սրտացավ վերաբերմունքն է պակասում»:
Պարոն Շահինյանը 16 տարեկանից աշխատել է օպերային թատրոնում եւ, ինչպես ինքն է ասում, շփվել է գիգանտների հետ, դասեր առել նրանցից: Հիմա էլ չի պատրաստվում հանձնվել, ասում է՝ եթե նույնիսկ թատրոնում չաշխատի, կռիվ է տալու արդարության համար:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, ում հաստիքը 2015-ին կրճատվել էր, եւ թատրոնը մինչ օրս աշխատում է առանց գլխավոր դիրիժորի: Նրա կարծիքով՝ օպերային թատրոնն անշուշտ պետք է ունենա տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, եւ այդ պաշտոնները պետք է զբաղեցնեն առանձին անձինք. «Միջազգային ստանդարտներն այպիսին են: Օպերային թատրոնն ամբողջ իր պատմության մեջ ունեցել է գլխավոր դիրիժորներ, տնօրենի հաստիքն էլ առանձին է եղել: Թատրոնի ամեն մի կառույց պետք է ունենա իր պատասխանատուն, որը պետք է ապահովի որակ»:
Միեւնույն ժամանակ պարոն Դուրգարյանը մեջբերեց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի փորձը. «Այնտեղ տնօրենը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Վալերի Գերգիեւն է, բայց նա ունի այնպիսի ընկերական հարաբերություն երկրի ղեկավարության հետ, որ կարողանում է գումարներ հայթայթել, որպեսզի թատրոնը լավ աշխատի: Իսկ, օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնն ունի առանձին տնօրեն, գլխավոր դիրիժոր, բայց ոչ գեղարվեստական ղեկավար: Տնօրենի ֆունկցիան այս պարագայում բավական կարեւոր է, նա պետք է ունենա միջազգային կապեր եւ օրենսդրությանը համապատասխանող պահանջներ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Լիլիթ Մակունցի հետ եղե՞լ են քննարկումներ իր՝ օպերային թատրոն վերադառնալու վերաբերյալ. «Ո՛չ, այդ մասին մենք չենք խոսել: Դա նախարարության գործն է: Իսկ ես պատրաստ եմ ցանկացած պահի օգտակար լինել իմ երկրին եւ թատրոնին, ու սրանք լոկ խոսքեր չեն»,-եզրափակեց պարոն Դուրգարյանը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԼԵԼ ԵՆ ԻՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ»
«Նախորդ կառավարությունները խլել են իմ երիտասարդությունը: Մենք պետք է ավելի լավ ապրեինք, դրա հնարավորությունը կար, բայց այդպես չեղավ: Հիմա, վստահելով նոր կառավարությանը, հույս ունեմ, որ արդեն մեր երեխաները կապրեն ավելի լավ Հայաստանում: Իհարկե, դրա համար ժամանակ է պետք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է համբերատար լինել, որպեսզի այն սպասումները, որոնք ունի ժողովուրդը, իրականանան. «Փաստ է, որ երկրում իրավիճակ է փոխվել, դա իսկապես ողջունելի է: Ծափահարում եմ փոփոխություններին, պետք է այս երկրում օրենք հաստատվի, ես վստահ եմ»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե հեղափոխությունը հասցրել է արդյոք մտնել նաեւ թատրոններ, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Դեռ ոչ, բայց հույսով սպասում ենք: Նախ պետք է դերասանների ֆինանսական խնդիրները լուծել, նրանց աշխատավարձերը բարձրացնել, հետո հարկավոր է տեղ տալ նոր գաղափարներին: 21-րդ դարում պետք է կիրառել ավելի մոդեռն մոտեցումներ: Իսկ շնորհալի երիտասարդներ մեր երկրում շատ կան, ուղղակի պետք է գտնել նրանց: Ճիշտ կլինի ազատվել հին բարքերից»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ նոր նախագծերում է ընդգրկվել դերասանը: Նա պատմեց, որ նկարահանվել է մի կատակերգությունում, որի գլխավոր դերակատարը Մկրտիչ Արզումանյանն է՝ Մկոն: «Այն կերպարը, որը մարմնավորեցի, ինձ շատ հոգեհարազատ էր: Մանրամասներ դեռ չեմ հայտնի, միայն կասեմ, որ ֆիլմի նախնական անունն է «Գործակալ 044»,-ասաց նա:
Որոշ ժամանակ առաջ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հեղինակած գործի հիման վրա «Իմ կինը, ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» ներկայացման պրեմիերան: Դերասանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից այն կրկին կներկայացվի հանդիսատեսին:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Հայազգի դերասան Դեն Բիլզերյանը եւ նրա եղբայրը դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը: «Դեն եւ Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,-սոցցանցի իր էջում գրել է Մ. Բիչախչյանն ու կից լուսանկար հրապարակել:
Ավելի ուշ Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում. նա ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այս մասին տեղեկացրել են ՀՀ Պաշտպանության նախարարությունից` հիշեցնելով, որ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, ապա ավտոմատ կերպով պետք է նաեւ հաշվառման կանգնի:
Հիշեցնենք, որ «Պոկերի արքա», դերասան եւ Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիզլերյանը օգոստոսի 27-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, ժամանել է Երեւան: Նա Հայաստան է եկել իր մասնավոր ինքնաթիռով: 37-ամյա աստղը հայրենիք է ժամանել ոչ թե հատուկ հրավերով, այլ սեփական նախաձեռնությամբ: Դենի այցը կարճատեւ է, նա Հայաստանում կանցկացնի մի քանի օր, իսկ Հայաստանից հետո նա մեկնելու է Թաիլանդ: Դ. Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով: Նրա ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար:
ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«Լիվերպուլ»-ի եւ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը սոցցանցի իր էջում դիմել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային. «Սովորաբար ֆուտբոլային միությունը փորձում է լուծել իր ֆուտբոլիստների խնդիրները, որպեսզի նրանց համար հարմարավետ պայմաններ ապահովի: Բայց այն, ինչ ես տեսնում եմ իրականում, լրիվ հակառակն է: Բոլորովին նորմալ չէ, որ իմ եւ գործակալիս ուղարկած նամակները պարզապես արհամարհանքի են արժանանում: Չգիտեմ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Մի՞թե ժամանակ չունեք մեզ պատասխանելու համար»,- գրել է Սալահը: Վերջինիս դժգոհությունը հաստատել է նաեւ նրա գործակալ Ռամի Աբասը. «Մենք միայն երաշխիք ենք խնդրել Սալահի` ազգային թիմում բարեկեցության վերաբերյալ, ինչպես նաեւ հավաստիացում, որ նրա իմիջային իրավունքներն այլեւս չեն խախտվի: Դեռեւս մեզ չեն պատասխանել»,-գրել է գործակալը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Սալահը խնդիրներ ուներ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` կապված այն հանգամանքի հետ, որ ազգային թիմի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռի վրա պատկերվել էր ֆուտբոլիստի լուսանկարն ու հովանավորի տարբերանշանը: Այս կերպ կազմակերպությունը խախտել էր ֆուտբոլիստի իմիջային իրավունքները: