«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սեղմված բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր է, ինչ դժգոհություններ է ստանում վարորդներից այն մասին, որ իրենք նախկինի չափով իրենց մեքենաները լիցքավորում են, բայց քշում են ավելի քիչ: Նրանցից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց` նշելով, որ ինքը իր մեքենան սեղմված բնական գազ լիցքավորելու համար վճարում է 3500-3600 դրամ, բայց երկու օր է, ինչ լիցքավորածը արագ վերջանում է:
Ըստ որոշ տեղեկությունների` գազալցակայանների ղեկավարները, լսելով, որ սեպտեմբերի 24-ից մինչեւ 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է, նման քայլերի են դիմել: Չնայած այն բանին, որ հաշվիչը այլ բան է ցույց տվել, աշխատողը այլ քանակ է լիցքավորել: Տեղեկացնենք, որ ժամանակավորապես դադարեցնելու պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների իրականացումն էր, որոնք երեկ ավարտվեցին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: