Ի՞նչ քայլերի կդիմի Յուրի Խաչատուրովը գաղտնալսման գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է, սակայն իրավապահ համակարգը դեռես չի կարողանում գտնել բուն գաղտնալսողներին:

Ինչպես հայտնի է` 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Գաղտնալսման եւ դրա տարածման դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով), հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:

Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց` նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ` ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվեց նաեւ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորություններն անցնելը:

Հրապարակված գաղտնալսումից անցել է 15 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, երկու կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք: Պարզ է նաեւ, որ գաղտնալսումը չի արվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այսինքն՝ դավաճանը ներսից չէ:

Եվ ահա այդ թիմային աշխատանքի գործոնն էլ պատճառ է դարձել, որ նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ ներկայացնի դատարան` 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարեց:

Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին, որտեղ, սակայն, ոչինչ չհայտնաբերվեց: Եւ մտահոգիչ էր, որ թեական կասկածներով 1 օր լրատվամիջոցի խմբագրության աշխատանքը խաթարվեց: Իսկ թե որոնք են 5 մյուս տարբեր հասցեները, դեռեւս անհայտ է մնում: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները դեռես գործով ո՛չ կասկածյալ ունեն, ո՛չ մեղադրյալ: Ասել է, թե իրավապահ համակարգն այս օրերին կանգնել է լուրջ խնդրի առաջ, քանի որ կիբերհանցագործությունների բացահայտումն այդքան էլ հեշտ գործ չէ: Քանի որ նմանատիպ մյուս դեպքերում նախորդ իշխանությունների օրոք ծածկադմփոց է արվել, դրա համար էլ այսօր չկան նեղ մասնագետներ, որոնք կկարողանան գտնել ինտերնետային ծովահենների կատարած գործողությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ ՀՀ իրավապահ համակարգը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման մասով հարուցված քրեական գործի շրջանակներում տեխնիկական օգնության, ինչպես նաեւ մասնագիտական աջակցության հարցերով դիմի միջազգային իրավապահների օգնությանը: Իսկ թե ինչ կտա այդ քայլը, դժվար է ասել: Ամեն դպքում նախաքննությունը շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս