2019-ի բյուջեի նախագիծը հաստատվեց. կարձանագրվի 2,7 % գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ: Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Ըստ նրա՝ առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացելու միտում: «Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու որպես կանոն կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար»,-ասել է ֆինանսների նախարարը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ 2019 թ.-ից այլևս պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան: «Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացվել այդ արդյունքերին հասնելու համար»,-նշել է ֆինանսների նախարարը:

Նշվել է նաև, որ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս:

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» օրինագծին, նշել է. «Մենք նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում Հարկային, այդ թվում նաև տնտեսության վրա ազդեցություն գործող այլ օրենսդրություն, բարեփոխումներ ենք առաջարկում: Աշխատանքներ են տարվելու նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք հանգեցնելու են ծախսային արդյունավետության: Կարծում եմ՝ դրանք ազդեցություն են ունենալու 2019 թ. բյուջեի վրա, և մենք հընթացս որոշակի փոփոխություններ անելու ենք դեպի էլ ավելի լավը»:




Լրահոս