ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
Հանդիպումների ընթացքում համանախագահներին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և Իտալիայի կառավարությունում ԵԱՀԿ ներկայացուցչի հետ:
Նախարարները շարունակել են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Համանախագահներն ու նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը և պարզաբանում են խնդրել վերջին շրջանում հնչած մի շարք հայտարարությունների շուրջ:
Համանախագահները ցավալի են համարել շարունակական մարդկային զոհերի փաստը: Նրանք նախարարներին զգուշացրել են ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին, և կոչ են արել կողմերին` կառուցողական մոտենալ դրական մթնոլորտի ստեղծմանը ու խուսափել իրավիճակը բորբոքող հռետորաբանությունից:
Համանախագահներն ընդգծել են, որ ամբողջական կարգավորումը զիջումներ է պահանջելու` բոլոր կողմերից: Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացի ակտիվացման և լարված իրավիճակի հանդարտեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ:
Համանախագահները պլանավորում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կհայտնեն բանակցությունների ընթացքի մասին: