Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստան վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ կսկսի բանակցություններ Աժ-ն արձակելու հետ կապված: Հարկ է նշել, որ Երեւանի ավանագու նախընտրական քարոզարշավը կառավարության մաս կազմող ուժերի միջեւ սրեց հարաբերությունները, եւ սա գուցե հանգեցնի նրան, որ քաղաքական ուժերը կարող են կողմ չքվեարկել ԱԺ-ն ցրելուն: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական լարված հարաբերությունների հետագա ընթացքի, Աժ հնարավոր արտահերթ ընտրությունների, նոր ԱԺ-ում հայտնվելու շանսերի մասին խոսեց «Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ:
-Պարո՛ն Խաժակյան, քարոզարշավի վերջին օրերին պայքարը քաղաքական կուսակցությունների միջեւ սուր ընթացք ստացավ: «Լույս» դաշինքը եւս ներգրավված էր լարված պայքարում: Ո՞րն էր խնդիրը:
-Սեւ-սպիտակի բաժանված դաշտին բնորորշ բան է լարվածությունը: Սա շատ բնական էր:
-Ձեր կարծիքով` սեւ-սպիտակի բաժանումը հասարակությա՞նն էր վերաբերում:
-Դա քաղաքական, մասնակից ուժերի բաժանում էր: Իհարկե, դա հետո ավելի հստակեցվեց` որպես ընտրությունների վստահության քվե: Ուժերը մասնակցում էին ընտրություններին այն ակնկալիքով, որ սրանք քաղաքային ընտրություններ են. ավագանու թիմերի, քաղաքապետի թեկնածուների, ծրագրերի մրցություն է: Բայց ինչ-որ պահի քաղաքական ուժերը բախվեցին մի իրավիճակի, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա իրականում վստահության հանրաքվե է եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատ: Ի վերջո, ամբողջ քաղաքային տրամաբանությունը փոխվեց:
-Քարոզարշավի ընթացքում ստեղծված վիճակը իր հետքը կթողնի՞ հետագա քաղաքական եւ անձնական հարաբերությունների վրա` կապված «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների հետ:
-Ամեն ինչն էլ իր ազդեցությունը ունենում է, հետո անցում է: Սա նորմալ պրոցես է: Իսկ ինչ վերաբերում է անձնականին ու գործնականին, դրանք հստակ տարանջատված են: Անձնականը մնում է անձնական եւ կապ չունի գործնական հարաբերությունների հետ:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ Հայաստան գալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ-ն ցրելու խնդրի հետ կապված: «Լույս»-ը հիմա տեսնո՞ւմ է դրա անհրաժեշտությունը:
-Իհարկե անհրաժեշտ է: Հիմա քաղաքական ճգնաժամ է, իսկ ԱԺ-ն արձակելը այդ ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհն է: ՈՒրիշ տարբերակ այս պահին չեմ տեսնում:
-Ի՞նչ տարբերակով եք պատկերացնում Աժ-ի արձակումը:
-Այդ տարբերակները տեսնում է պարոն Փաշինյանը, որի մասին խոսում է իր ելույթներում: Մենք ընդամենը կփորձենք աջակցել իրականացնելու այն տարբերակը, որը ճիշտ կհամարի վարչապետը:
-«ԵԼՔ»-ը այժմ տարբեր քաղաքական թիմերի է բաժանված եւ, որպես այդպիսին, գոյություն չունի: Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին ընդհանուր ցուցակով մասնակցեք:
-Ոչ: Նման որոշում չի լինի: Տիկին Լենա Նազարյանն էլ հայտարարել է, որ իրենք առանձին ցուցակով կմասնակցեն:
-Ի վերջո, «Լույս» դաշինքը ընդդմիադի՞ր ուժ է:
-Պետք է ֆիքսենք, որ Երեւանի ավագանիում մենք իշխանություն չենք: Մեր հետագա հռետորաբանությունը կախված է լինելու իշխանության, քաղաքապետի վարգագծից: Այսինքն` եթե ցուցաբերվի պատրաստակամություն համագործկացելու ավագանու շրջանակներում եւ որոշումները կայացնելու համընդհանուր քննարկումներում, բնականաբար մենք կունենանք կոնստրուկտիվ տրամադրվածություն եւ կաշխատենք ըստ այդմ: Խոստովանեմ` ունենք էսպիսի ակնկալիք:
-Չունե՞ք մտավախություն, որ չեք կարողանա հաղթահարել անցողիկի շեմը եւ, հետեւաբար, խորհրդարանում մանդատներ չի ունենա:
-Իհարկե, նման մտավախություն չունենք: Մենք արդեն ֆիքսել ենք մեր տեղն ու դիրքը ընտրություններում` մեր ունեցած սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով ներկայություն ապահովելով Երեւանի ավագանիում: Նոր խորհրդարանում եւս ապահովելու ենք ավելի էական ներկայություն:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ստացել էր 5 տոկոս քվե եւ ավագանու կազմ անցել օրենքի ուժով, այլ ոչ թե հավաքած ձայներից ելնելով: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանու կազմում պետք է լինի առնվազն երեք ուժ:
Լուսինե Մինասյան