Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր հարցում է անցկացրել եւ պարզել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Վարդաբլուր, Վայոց ձորի մարզի Սարավան, Սերս համայնքներում ընդամենը մեկ առաջին դասարանցի է լինելու, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ երկուսը: Բայց նման տխուր պատկեր ոչ միայն այս համայնքներում է, այլեւ հայաստանյան մի շարք ուրիշ գյուղերում: ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ չի հրապարակել այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, սակայն դժվար չէ կռահել՝ այն նվազել է: Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2016թ. առաջին դասարան ընդունվածների թիվը 39 հազար 514 էր:
Ստեղծված իրավիճակի պատճառների մասին շատ է խոսվել. սա հետեւանք է վերջին տարիներին Հայաստանից տեղի ունեցած արտագաղթի, ծնելիության նվազման: ԵՒ այս առումով նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի: Այլապես նման տեմպերով շարունակվելու դեպքում հայաստանյան մի շարք դպրոցներում ինչ-որ մի օր այլեւս աշակերտ չի լինի:
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք աշխատավարձից բացի նաեւ հավելավճարներ են ստանում: Այս քայլին են գնացել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով: Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է պարգեւատրումներին ու հավելավճարներին, ապա ոչ միայն ՊԵԿ նախագահի տեղակալները, այլեւ ողջ աշխատակազմը հավելյալ վարձատրվում է ըստ կատարած աշխատանքի արդյունավետության, բայց ոչ այն չափով, որը նշված է Ձեր հարցմամբ. 2 միլիոն դրամ հավելավճարը խիստ չափազանցված է»:
Թավշյա հեղափոխությունից հետո ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ ոստիկանությունն աղմկահարույց բացահայտումներ արեցին, եւ հիմա Քննչական կոմիտեում ու Հատուկ քննչական ծառայությունում հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործեր են քննվում: Ու քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում՝ ՀՔԾ-ում, ՔԿ-ում, «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այն ժամանակ նման բացահայտումներ չկային, այդ մասին չգիտեի՞ն, թե՞ գիտեին, բայց հրահանգ են ունեցել ընթացք չտալու: «Որեւէ հրահանգ չենք ունեցել, քննչական մարմինը ինքնանպատակ չի կարող ունենալ, արթնանալ ու ասել` այսօր ուզում եմ ես հյուսիս-հարավի կամ մեկ այլ կազմակերպության գործը քննել, քննչական մարմինը դրա համար պետք է ստանա նյութեր»,- ասել է Հակոբյանը: Միաժամանակ նա պնդել է, որ իր ենթակայության տակ գտնվող վարչությունում կաշկանդվածություն եւ մտավախություններ չի ունեցել: «Ես իմ ենթակայության տակ եղած վարչության տերն եմ , հիմա կողքից ավել բաներ կան, քանի որ քննչական մարմիններ շատ կան, դատավորներ շատ կան, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել»,- ասել է նա:
Օրերս աշխատանքային 100 օրն ամփոփելիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնել էր, թե Մարտիրոս Սարյանի կտավները կեղծելու կապակցությամբ քրեական գործ կա հարուցված: Ըստ Մակունցի` մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակներն են, եւ այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը: «Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ ուրիշ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլ նաեւ իր ստորագրությունն է կեղծված»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը պատմել է, որ իր անունից ստեղծված կեղծ գրությունը եղել է Սարյանի տուն-թանգարանի՝ խորհրդային տարիների ձեւաթղթի վրա: Միաժամանակ, նրա խոսքերով` կեղծիքի թիկունքում եղել է նախարարությունը նախկին ղեկավարների օրոք. «Կեղծիքին ճանապարհ է տվել մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը: Եվ այդ կեղծիքը շատ գեղեցիկ ձեւով մինչեւ օրս ներկայացվում է ամերիկյան աճուրդներում»,- ասել է նա:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ. այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նա ունի բարոյական, իրավական եւ քաղաքական իրավունք քաղաքականությամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է»,- ասել է ՀՀԿ-ական գործիչը: Շարմազանովի այս հայտարարությունը միանգամայն սպասելի էր: ՀՀԿ-ի (ասել է թե` Սերժ Սարգսյանի) եւ Ռոբերտ Քոչարյանի շահերն այսօր կրկին համընկնում են: Այժմ նրանց միավորում է մարտի 1-ի քրեական գործը, որն ինչպես հայտնի է, հարուցվել է 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: ԵՒ այս իրավիճակում նրանք ինքնապաշտպանության բնազդից դրդված ստիպված են համագործակցել ու ճակատագրի բերումով միասին պայքարել: Միայն թե, նկատենք, ՀՀԿ-ի անունից Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարում է Շարմազանովը, երբ ոչ վաղ անցյալում ԱԺ փոխնախագահը ՀՀ երկրորդ նախագահի քննադատներից մեկն էր: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս իշխանության հասցեին քննադատություններով, ու Շարմազանովն առաջինն էր հակադարձում նրան հաճախ կոպիտ բառապաշարով:
Մի քանի հիշեցումը, թերեւս, չէր խանգարի: 2015թ. հոկտեմբերին Քոչարյանը քննադատել էր սահմանադրական փոփոխությունների գործընթացը` որակելով այն մեծ սխալ, արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Եւ Էդուարդ Շարմազանովը փորձել էր սարկազմով հակադարձել, թե «Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատեւ չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ եւ ոչինչ չփոխելու տեսլական։ Բայց հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար։ Չի կարելի փոխել Սահմանադրությունը, որովհետեւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք է։ …Հետաքրքիր է ի՞նչ խաղի կանոնների պայմաններում եւ ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը»։
Ավելի վաղ՝ 2012թ. նոյեմբերին, երբ Քոչարյանը, խոսելով ԸՕ նախագծի մասին, մատնանշել էր մեծամասնական ընտրական համակարգի թերություններն ու արատները, տարածքների ֆեոդալականացումը, նույն Շարմազանովը հակադարձել էր, թե նման դատողություններն իրատեսական չեն: 2013թ. հունվարին էլ արձագանքելով քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին Քոչարյանի հայտարարություններին` Շարմազանովն ասել էր. «Անկախ նրանից, ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար»: Ու հիմա, երբ այսքանից հետո այսօր ՀՀԿ-ական գործիչը խոսում է Քոչարյանի հետ համագործակցության հեռանկարի մասին, մեղմ ասած, զարմանալի է: Զարմանալի, բայց եւ միեւնույն ժամանակ, ամեն ինչ շատ պարզ է: