ԿԱՇԿԱՆԴՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մինչ այս պաշտոնին անցնելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում: Մասնավորապես, նա եղել է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, 2005-2008թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության` մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ, 2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը` ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ: «Ժողովուրդ օրաթերթը զրուցեց նախարարի հետ հասկանալու համար, թե այն, ինչ բացահայտում են իրավապահ մարմինները, ինքը իմացել, սակայն վախեցե՞լ է որեւէ մեկին պատասխանատվության կանչել:

-Պարո՛ն Հակոբյան, իրավապահ համակարգը շարունակում է բացահայտել դեպքեր, թե ինչպես են քաղաքացիները, օգտվելով տաքսի ծառայություններից, հայտնվում սարսափելի իրավիճակներում. նրանց նկատմամբ կա՛մ բռնություն են կիրառում` գումար պահանջելով, կա՛մ նրանց ենթարկում են սեռական բռնության: Ի՞նչ եք անում ոլորտը կարգավորելու համար:
-Մենք ոլորտում լիցենզավորում ենք իրականացնում, եւ հիմա շրջանառվում է այն, որ տաքսիստներին հավասար դաշտ բերենք, բայց մարդկային առումով ցանկացած բնագավառում էլ նույն հանցանքը կարող է բժիշկը կատարել իր կաբինետում, նույն հանցանքը կարող է ուսուցիչը կատարել իր կաբինետում աշակերտի նկատմամբ: Այնպես որ, այդ ոլորտում դնել, տաքսիստներին առանձնացնել եւ առանձին աշխատանք տանելը դա… Կարգավորելը նաեւ հնից գալիս է, նարկոլոգիական ստուգումներ են անցնում, հիմականում դա է, այլ բան չենք կարող անել:
– Դուք մինչ տրանսպորտի նախարար լինելը իրավապահ համակարգում լուրջ պաշտոններ եք զբաղեցրել: Եղել եք կարեւոր գործերի քննության վարչության պետ եւ այսպես շարունակ, հիմա թավշյա հեղափոխությունից հետո ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ Հատուկ քննչական ծառայությունը աղմկալի բացահայտումներ են իրականացնում, դուք այդ մասին չգիտեի՞ք, թե՞ գիտեիք, բայց վախեցել եք գործերին ընթացք տալ, թե՞ հրահանգել էին ընթացք չտալ:
-Որեւէ հրահանգ չենք ունեցել, քննչական մարմինը ինքնանպատակ չի կարող ունենալ, արթնանալ ու ասել` այսօր ուզում եմ ես հյուսիս-հարավի կամ մեկ այլ կազմակերպության գործը քննել, քննչական մարմինը դրա համար պետք է ստանա նյութեր…
-Բայց եղել են դեպքեր, որ նյութերը ստանում էիք, բայց էլի բան չէիք անում. գուցե վախենո՞ւմ էիք: Ավելին, եթե անգամ ընթացք էին տալիս, հիմնական դերակատարները չէին ենթարկվում պատասխանատվության, այլ շարքայիններն էին ամբաստանյալի աթոռին հայտնվում:
-Չէ, այդպես չի եղել, որ այլ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, ապօրինի հաստատ ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել, նայած գործով ինչ է ձեռք բերվել եւ ըստ այդմ էլ գնահատական է տրվել:
-Օրինակ` Դուք կոնկրետ եղե՞լ է, որ վախեցել եք մի քրեական գործին ընթացք տալ` իմանալով, թե ովքեր են կանգնած դրա հետեւում:
-Ոչ, բացարձակ:
-Այդ դեպքում վարչապե՞տն է սուտ խոսում, որ իրավապահ համակարգը, դատական համակարգը հրահանգվել է Բաղրամյան 26-ից: Այսինքն` Ձեզ Սերժ Սարգսյանը կամ Բաղրամյան 26-ից չե՞ն ասել` ինչպես վարվեք:
-Դուք խոսեցիք իմ ենթակայության տակ եղած վարչության մասին, ես իմ ենթակայության տակ եղած վարչության տերն եմ, հիմա կողքից ավել բաներ կան, քանի որ քննչականն մարմիններ շատ կան, դատավորներ շատ կան, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց ձեր հարցը ինձ է վերաբերում, ես նման կաշկանդվածություն կամ մտավախություն չեմ ունեցել:
-Հիմա իրավապահ համակարգը բավականին լայն թափով աշխատում է, չե՞ք փոշմանել, որ տեղափոխվել եք իրավապահ համակարգից միանգամայն այլ ոլորտ:
-Չէի ասի, որ փոշմանել եմ, ես հատուկ քննչական ծառայությունից դուրս եմ եկել նշանակվելուց 9 ամիս առաջ, այլ աշխատանքի եմ եկել, նոր եմ եկել տրանսպորտի վարչություն, այնպես որ նորմալ է:
-Ըստ Ձեզ` Ձեր ո՞ր արժանիքի համար են նախարար նշանակել:
– Չեմ կարող ասել, նշանակողներից հարցրեք, հասարակությունը պետք է տա գնահատականը, անհամեստություն կլինի` ես խոսեմ իմ արժանիքների մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Արմավիրի զինկոմին փորձել են գումար տալ, սական փողը այդպես էլ տեղ չի հասել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել է, որ Վարսենիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը իր ազգական Սպարտակ Հարությունյանի դրդմամբ վերջինիս տվել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 1 մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար` այդ կերպ փորձելով նրա միջնորդությամբ այն տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին` իր օգտին գործողություններ կատարելու, այն է` որդու` Սարգիս Ռուբենյանի ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ սահմաններում կազմակերպելու համար: Տպավորությունն այնպիսին էր, որ գործը գլուխ կգար, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սպարտակ Հարությունյանը խաբեությամբ հափշտակել է ստացած գումարը:
Եվ ահա նախաքննությունը իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ե՛ւ կաշառք տվողին, ե՛ւ կաշառքը տեղ չհասցնողին: Տեղեկացանք, որ Սպարտակ Հարությունյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա խոշոր չափերի` 1մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000ԱՄՆ դոլար գումար խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում բնակվող իր ազգական Վարսենիկ Խաչատրյանին դրդել է իր միջոցով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին Վ.Խաչատրյանի որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով եւ ստանալով այդ գումարը` հափշտակել է այն:
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Հետաքրքիր էր` ինչ կլիներ, եթե Սպարտակ Հարությունյանը տեղ հասցներ գումարը, արդյոք Արմավիրի զինկոմը այն կվերցներ, թե ձեռնպահ կմնար վերոնշյալ անձանց հետ գործարքի գնալուց:

 

 

12 ԴԱՏԱՎՈՐԻ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել դատավորների հայցը ընդդեմ Բարձրագույն դատական խորհուրդի: Հիշեցնենք, որ դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը ցանկացել էին դառնալ Սնանկության գործով դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել, եւ վերջիններս այդ որոշման մասով դիմել էին ՀՀ վարչական դատարան: Եվ ահա ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ընդունել է վարույթ: Ի դեպ, դատավորը որոշում է կայացրել սնանկության գործով ընտրված դատավորներին հրավիրել դատարան: Պարզեցինք, որ դատարան են հրավիրվել դատավորներ Արա Կուբանյանը, Արթուր Աթաբեկյանը, Արմեն Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արսեն Բաբայանը, Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գարիկ Ավագյանը, Գեւորգ Նարինյանը, Լիլիթ Կատվալյանը, Սամվել Թադեւոսյանը, Տիգրան Փոլադյանը:

 

 

ՏԵՂԱԿԱԼ ՉԿԱ
Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է: Այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Հորդորում եմ պաշտոնին համապատասխանող եւ հետաքրքրված բոլոր իրավաբաններին առաջադրել իրենց թեկնածությունը: Գործընթացը բաց ու թափանցիկ է»,- գրել է նախարարը:

 

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում: Այդ մասին երեկ Մինսկում` ԱՊՀ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հավաքում, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը: ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանը 2019թ. կփոխանցի Թուրքմենստանին: «Թուրքմենստանը շատ լուրջ է մոտենում նախագահությանն ԱՊՀ-ում, հաջորդ տարի կմշակվի նախագահության հայեցակարգը, կհաստատվի միջոցառումների ծրագիրը: Այդ ցանկում են ե՛ւ ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը, ե՛ւ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2019-ի մայիսին»,-ասել է Լեբեդեւը:

 

 

ՄԵՐԺԵԼ Է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս հանգել էր այն հետեւության, որ սույն գործով կալանավորումը թույլատրելի է, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել: Միհրան Պողոսյանի կարծիքով, սակայն, առաջին ատյանի դատարանի որոշումը վիճահարույց է:

 

 

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաղորդել է, որ հաջորդ ամիս Ռուսաստանում կանցկացվեն 1981թ. ի վեր ամենալայնածավալ զորավարժությունները, որոնց կոդային անունն է «Արեւելք-2018»: Դրանք կանցկացվեն Ռուսաստանի կենտրոնական եւ արեւելյան զինտարածքներում: Զորավարժություններին կմասնակցի 300 հազար զինծառայող, ավելի քան 1000 միավոր ավիացիա, Խաղաղօվկիանոսյան եւ Հյուսիսային նավատորմերը եւ դեսանտային ուժերը: «Դա կլինի ամենալայնամասշտաբ զորավարությունը 1981թ. հետո»,-ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:




Լրահոս