ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվեց եւ 68 կողմ, դեմ 1 ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն բուռն քննարկման եւ նաեւ քննադատության արժանացավ, սակայն վերջում ընդունվեց, իսկ միակ դեմն էլ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էր:

Ի դեպ, երեկվա նիստը գարնանային նստաշրջանի ավարտից հետո առաջինն էր եւ այս կիսաարձակուրդային վիճակը նպաստեց նաեւ շատ բացականերին թե՛ ՀՀԿ, թե՛ «Ծառուկյան» խմբակցություններից: Եվ չնայած օրակարգում միայն մեկ հարց էր ընդգրկված, սակայն նիստի սկզբում հենց Սամվել Ֆարմանյանը որոշեց հայտարարություն անել եւ անդրադառնալ քրոջը վերաբերող դեպքերին` պնդելով, որ քրեական գործն առնչվում է իրեն:
Եվ այս հայտարարությունը ստիպեց, որ ավելի ուշ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքի` ասելով. «Քրեական գործեր հարուցվում են ըստ փաստերի, ոչ թե որեւիցե մեկի նախասիրությամբ»:
Արդեն դրանից հետո սկսվեցին ըստ էության քննարկումները, եւ ընթացքը չանցավ առանց լարվածության: Նախ ներկայացնենք նախագծի էությունը: Խոսքը Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելուն է վերաբերում: Ամենաակտիվ քննադատողներն ու քննարկողներն էլ կառավարության մաս կազմող «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներն էին, ովքեր բոցաշունչ ելույթների շարանից հետո հլու-հնազանդ կերպով կողմ քվեարկեցին նախագծին: Օրինակ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, թե հիմնավորումներ չեն ներկայացվում, թե դրանից քանի գյուղացի է օգտվելու:
Ի պատասխան` Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը նշեց, թե խոսքը 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների ջրի մատակարարման մասին է, որոնք տեղակայված են Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում: Իսկ օրինակ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հորդորեց քաղաքական գնահատական տալ, թե տարիներ շարունակ Սեւանից ջրի բացթողնման անհրաժեշտությունը արդյոք կախվա՞ծ է նախորդ տարիների ոչ նպատակային ծախսերի հետ: Ինեսսա Գաբայանը պատասխանեց, որ նախկինում, երբ Սեւանից 170 մլն խմ ջրառ էին անում, դեռ Սեւջուր գետը կար, որը տարեկան տալիս էր մոտ 90 մլն խմ ջուր. «Այսինքն, մենք այդտեղ կորցրել ենք, այսօր Սեւջուր գետը գոյություն չունի, Սեւջուրում Մեծամորի եւ Արմավիրի կոյուղաջրերն են հոսում»:
Ընդ որում, պատգամավորները նշում էին, թե Սեւանում SOS է, փրկության խնդիր է առկա, իսկ իրենք բերել են 40 մլն խմ լրացուցիչ ջրառի հարց: Օրինակ` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի համար էլ զարմանալի էր, թե ինչու են ցանկանում այս հարցի քննարկումը 24-ժամյա ռեժիմով սահմանել եւ ինչու են շտապում: Գաբայանը պատասխանեց, որ պետք է հնարավորինս աշխատեն, որ հարցերն արագ կարգավորեն: Նա նշեց, որ իր համար էլ դժվար է Սեւանից լրացուցիչ ջրառի նախաձեռնությամբ հանդես գալ: Գաբայանն ասաց, որ հավելյալ ջրառի պահանջարկը մեկ օրում չի ձեւավորվել, տարվա բնակլիմայական պայմանների հրամայական է: Իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորին չէր խանգարի հիշել՝ ինչպես էին ՀՀԿ իշխանության տարիներին կառավարության նախաձեռնությամբ պարբերաբար արտահերթ նիստեր գումարվում, ինչպես էին 24-ժամյա ռեժիմով պարտադրում օրենքներն արագ-արագ ընդունել: Ընդ որում, խոսքը հաճախ ոչ թե տեխնիկական փոփոխությունների մասին էր, այլ կոնցեպտուալ առաջարկների: Բայց այսօր ՀՀԿ-ն իրեն ընդդիմադիր է հայտարարել` միաժամանակ պահպանելով օրենսդիր իշխանության ղեկավար պաշտոնները, ու փորձում է քննադատել Փաշինյանի կառավարությանը:
Ինչեւէ, երեկվա նիստում եղան պատգամավորներ, ովքեր չնայած նիստին գրանցվել եւ ներկա էին եղել, սակայն չմասնակցեցին քվեարկությանը: Օրինակ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Նաիրի Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը,. Այծեմնիկ Օհանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նապոլեոն Ազիզյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Գեւորգ Գորգիսյանը, Հրաչյա Հակոբյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎՐԱՑԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԻՑ ԿՏՈՒԺԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներմուծումն ու արտահանումը ավտոտրանսպորտային միջոցներով: Այս մասին նշված է Վրաստանի ֆինանսների նախարարի օրերս կայացրած հրամանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրամանում նշված է նաեւ, որ ցորեն հնարավոր է ներկրել եւ արտահանել երկաթուղային եւ ծովային տրանսպորտային միջոցներով: Բեռնափոխադրումները հնարավոր կլինի միայն Փոթիի նավահանգստով: Իսկ ահա ավտոմոբիլով ներկրում-արտահանում հնարավոր կլինի միայն հատուկ դեպքերում` միայն ֆինանսների նախարարության եկամտի ծառայության համաձայնությամբ: Այս հրամանի պատճառը վրաց-ռուսական սահմանին ավտոմեքենաների խցանումներն են: Բանն այն է, որ մաքսակետերին զբոսաշրջիկները հերթերի պատճառով չեն կարողացել մուտք ու ելք անել:

Ցորենի ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող գործարարները դեմ են դուրս եկել այս կարգի դեմ, քանի որ վստահ են, որ այս ամենի արդյունքում հացի գինը արագ կբարձրանա եւ հազարավոր մարդիկ կմնան առանց աշխատանքի: Ի դեպ, ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 1.3 մլրդ դոլարի ցորեն: Իսկ ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա նույն ժամանակահատվածում Վրաստան ներկրվել է 62.4 մլրդ դոլարի ցորեն:
Վրաստանի ֆինանսների նախարարի հրամանը իր բացասական ազդեցությունը թողնելու է նաեւ հայաստանցի ներկրողների գործունեության վրա: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն խիստ մտահոգություններ եւ դժգոհություններ է առաջացրել Հայաստան ցորեն ներկրողների մոտ: Ներմուծողները համոզված են, որ այս ամենի արդյունքում Հայաստանում ոչ միայն հացը կթանկանա, այլեւ հրուշակեղենը, մակարոնեղենը: «Մանչո Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանի պնդմամբ` այս հրամանի արդյունքում բազմաթիվ ներկրողներ ավելորդ քաշքշուկների մեջ են ընկնելու: «Մարդիկ այսօր բավարար գումար չունեն, որ նավով ապրանք ներկրեն Հայաստան: Բացի այս` մինչեւ ապրանքը Հայաստան մուտք գործելը ներկրողը պետք է նախապես ապրանքի համար գումարը վճարի: Բայց ցորենի համար նախապես վճարելու դեպքում բանկային տոկոսները բարձր են: Դա էլ է ծախս համարվում: Այս ամենի արդյունքում ես պետք է նախապես ցորենի համար վճարեմ առանց ստուգելու` լավ որակի ցորեն է, թե վատ: Իսկ եթե ապրանքը գա, հասնի այստեղ եւ պարզվի, որ վատ որակի՞ է: Բացի այս, նավի մասով բեռնաթափման խնդիր կա, երբ նավը կանգնում է մեկ օրից ավելի, այդ դեպքում բավականին լուրջ տուգանքներ են կիրառվում»,- նկատեց Ի. Մոսոյանը: Նա նաեւ նշեց, որ ընկերությունը այս պահին հաշվարկներ է անում: «Եթե երկաթուղային տրանսպորտի ծառայությունների արժեքը ավտոմոբիլայինին հավասար լինի, ապա չեմ կարծում, որ մեծ թանկացումներ կարձանագրվեն: Այնուամենայնիվ, սրանք ավելորդ քաշքշուկներ են, որոնցից մենք 4-5 տարի է` ազատ էինք»,- փոխանցեց գործարարը:
Իսկ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը: Փոխնախարար Արմեն Փամբուխչյանի խոսքերով` հայկական կողմը վրաց գործընկերների հետ բանակցություններ է անցկացնում, որպեսզի հայկական կողմի համար բեռնափոխադրման ձեւի փոփոխությունը չազդի սակագնի վրա:
Մեկ փաստ էլ. Վրաստանի իշխանությունների այս քայլը լրացուցիչ հիմնավորումն է այն բանի, որ Հայաստանն օր առաջ պետք է լուծի մյուս երկու հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները, հաստատի բարիդրացիական հարաբերություններ, որովհետեւ սահմանների փակ լինելու, այլընտրանքային ուղիների բացակայության հետեւանքները միշտ նման դեպքերում է զգացվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Օգոստոսի 27-ին Իջեւանում` Տավուշի մարզպետարանում, կայացած խորհրդակցությանը մասնակցում էր կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության մասնակից Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները նախարարին հարց տվեցին իրենց դպրոցներում առկա սուր հիմնախնդիրների վերաբերյալ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցի տարածքը վերանորոգման խիստ կարիք ունի, տարածքի մի մասը սեփական ուժերով նորոգել են, մնացած հատվածը հարկ է վերանորոգել: Սակայն դպրոցի տնօրենին առավել մտահոգում էր առաջիկա ձմռանը դպրոցը վառելափայտով ջեռուցելու խնդիրը: Նա ասաց, որ նախանցյալ տարի մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 15 հազար դրամ էր, անցյալ տարի` 20 հազար, իսկ այս տարի` 27 հազար դրամ: Ա. Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցում ձմռանը 30 վառարան է գործում, իրենք ստիպված կլինեն վառելափայտի համար մեծ գումար վճարել: Նախարար Ա. Հարությունյանը հարցրեց, թե Բերդավանը գազաֆիկացված է, ինչո՞ւ դպրոցը բնական գազով չի ջեռուցվում: Տնօրենն ասաց, որ դպրոցի տարածքը մեծ է, 4800 քառակուսի մետր տարածքը բնական գազով ջեռուցելու դեպքում մեծ գումարներ կծախսվեն: Նախարարը դպրոցի տնօրենից իմացավ, որ Բերդավանում գործում է վերանորոգված մշակույթի տուն, մանկապարտեզ, նախարարը խոսեց կրթամշակութային մոդելի մասին, երբ նույն հարկի տակ գործում են դպրոցը, գյուղի մշակույթի կենտրոնը, մանկապարտեզը: Ա. Ասատրյանը պարզաբանեց, որ իրենց դպրոցն ունի 360 աշակերտ, դպրոցը մեծ հաջողություններ ունի աշակերտների ուսման գործում: Նախարարն ընդունեց, որ այդ մոդելը չի կարող գործել Բերդավանի դպրոցի դեպքում: Սահմանամերձ դպրոցի վառելափայտի հարցը չլուծված մնաց:

 

 

ՄՈԼՈԿԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ
Օգոստոսի 27-ին Իջեւանում ուսուցիչների խորհրդակցության ժամանակ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանը նախարարին հայտնեց, որ իրենց դպրոցում կան ռուսական կրթությամբ դասարաններ, ուր հաճախում են Դիլիջանում բնակվող մոլոկանների երեխաները: Նա հայտնեց, որ այդ երեխաների համար արդեն 15 տարի ռուսական դասագրքեր չեն ստանում, իրենք դիմել են կրթության եւ գիտության նախարարություն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, սակայն խնդիրը չի լուծվել: Նախարարը հարցրեց, թե ռուսական կրթությամբ դասարաններում հայ երեխաներ սովորո՞ւմ են: Դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ բացի Ռուսաստանից վերադարձած մի հայ աշակերտի, այդ դասարաններում մոլոկանների երեխաներն են ուսանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՎՈՒՇ




Լրահոս