Օրերս աշխատանքային 100 օրն ամփոփելիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ ոլորտում չարաշահումների հետ կապված դատախազությունում գործեր կան: Նա մասնավորապես անդրադարձավ Մարտիրոս Սարյանի կտավների հետ կապված մի դրվագի. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն, համաձայն որի՝ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակներն են, եւ այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ ուրիշ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլ նաեւ իր ստորագրությունն է կեղծված»,-ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ փաստաթղթերի այդ փաթեթն ուղարկվել է դատախազություն, որպեսզի գործին ընթացք տրվի: Մշակույթի նախարարին տեղեկացրել են, որ գործի հետ կապված արդեն հարցաքննություններ են ընթանում: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ:
-Տիկի՛ն Սարյան, փաստորեն, Ձեր ստորագրությունը կեղծվե՞լ է, եւ շուկայում Սարյանի կեղծ կտավներ են հայտնվե՞լ:
-Այդ խնդիրը կա եւ շատ վաղուց: Պետք է կարողանանք այդ տգեղ երեւույթն արմատախիլ անել մեր հանրապետությունից: Հայաստանը պետք է լինի Սարյանի հեղինակությունը պաշտպանողը, ոչ թե զեղծարարություններ անի՝ աճուրդներում կեղծիքների դիմելով: Դրա առաջը պետք է առնել:
-Ինչպե՞ս է կատարվում այդ պրոցեսը, կբացատրե՞ք:
-Կեղծարարներին ես խանգարում եմ, քանի որ աճուրդների հեղինակավոր տները հաշվի են նստում իմ կարծիքի հետ, ուստի ստիպված են լինում դիմել նման միջոցների: Իմ անունից ստեղծել են մի կեղծ թուղթ՝ Սարյանի տուն-թանգարանի՝ խորհրդային տարիների ձեւաթուղթը, որն անհեթեթություն է, քանի որ երբ ես թանգարանի տնօրեն դարձա, Խորհրդային Հայաստանն արդեն տասը տարի էր՝ գոյություն չուներ: Բացի այդ՝ ես եզրակացություն գրելիս երբեւէ նման ձեւաթուղթ չեմ օգտագործել: Այդ թուղթը հաստատված է կեղծ կնիքով, որի ներքո իմ կեղծված ստորագրությունն է: Ինչպես որ կեղծում են Սարյանի կտավները, այնպես էլ՝ իմ ստորագրությունը` անճոռնի ձեւով:
-Ձեր պատկերացմամբ՝ ո՞վ կամ ո՞ր կառույցն է այս կեղծիքի հեղինակը:
-Դա արել է մի մասնավոր գործիչ, որը գուցե նույնիսկ Հայաստանում չէ:
-Իսկ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրո՞նը:
-Կեղծիքին ճանապարհ է տվել մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը: Եվ այդ կեղծիքը շատ գեղեցիկ ձեւով մինչեւ օրս ներկայացվում է ամերիկյան աճուրդներում:
-Այսինքն՝ փորձագիտական կենտրոնը այդ կեղծարարության մասնակի՞ցն է, թե՞ ինքն էլ խաբվողի դերում է եղել:
-Շատ կուզենայի, որ խաբվողի դերում լիներ…Դա իրավապահ մարմինները պետք է պարզեն: Ես իմ պարտքն եմ համարել այդ մասին տեղյակ պահել մշակույթի նախարարությանը: Գիտեմ, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ էր կռիվ տալ, բան փոխել, բայց դա նրան չհաջողվեց: Հետո իրավիճակ փոխվեց երկրում, եւ տիկին Մակունցը հեռացրեց փորձագիտական կենտրոնի տնօրենին, որի ստորագրությամբ կեղծիքներ էին դուրս գալիս կենտրոնից:
-Դուք փորձե՞լ եք դիմել աճուրդի տներին:
-Այո, ես եւ մեր ընտանիքի անդամները նամակով դիմել ենք՝ խնդրելով այդ կեղծիքի դեմն առնել, բայց մեզ չեն պատասխանել, նկարներն էլ աճուրդից չեն հանվել, դրանք շրջանառվում են ամբողջ աշխարհով մեկ:
-Որքանո՞վ են վաճառվում Սարյանի կեղծ կտավները:
-50-100 հազար ԱՄՆ դոլարով: Դա մաֆիա է, բիզնես, մարդիկ հարստանում են այդ ճանապարհով, բայց թե ով ինչ մասնաբաժնով է հարստանում, դեռ պետք է պարզել: Ամեն դեպքում, ինձ համար տհաճ է այս զազրելի թեմաներից խոսել: Ուզում եմ Սարյանի անունը զերծ պահել նման ոտնձգություններից: Նա մի նկարիչ է, որը Շագալից եւ Կանդինսկուց պակաս չէ… Չէի պատկերացնում, որ երբեւիցե ստիպված կլինեի Սարյանի արվեստը պաշտպանել հայերից:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԲԻԼԶԵՐՅԱՆԸ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՏՂԱՄԱՐԴ ՏԵՍԱԿՆ Է»
«Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը Քիմ Քարդաշյանի տղամարդ տեսակն է, ի՞նչ պետք է նրա այցը տա Հայաստանին: Գուցե իր համար Հայաստան գալը փիար քայլ էր, բայց մեզ համար լավ կլիներ, եթե Հայաստան հաճախակի այցելեր, ասենք, Սթիվ Վոզնյակը: Իսկ Բիլզերյանի այցը հերթական իրադարձությունն է, որը քննարկում են պարապ ֆեյսբուքցիները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը:
Մենք խոսեցինք նաեւ քաղաքական թեմաներից: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ այն սպասումները, որոնք ուներ Գլումովը թավշյա հեղափոխության օրերին, արդյոք իրականացա՞ն. «100 օրը դեռ քիչ է, որպեսզի սպասումների իրականացման մասին խոսենք: Մարդիկ պետք է աշխատեն, որ հասկանանք՝ ինչ է լինելու: Անգամ մեկ տարի անց վաղ կլինի դատողություններ անելու համար»,-պատասխանեց Գլումովը:
Իսկ հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում տեղի ունենա հակահեղափոխություն, հաղորդավարը հակադարձեց. «Ինձ չի թվում, որ Հայաստանում հակահեղափոխական ուժեր կան: Հուսով եմ, որ բոլորն էլ հայ ազգի, իրենց հայրենիքի մասին են մտածում, ոչ թե սեփական շահերի: Ի՞նչ հակահեղափոխություն պետք է լինի: Գուցե մարդիկ մտածում են իշխանափոխության մասին, բայց դա հակահեղափոխություն չէ, կամ գուցե ինչ-որ մեկը կամ մի քանիսը ուզում են վերադառնալ իշխանության, դա ուրիշ խնդիր է»:
Մեր զրուցակիցը խոստովանեց, որ ոչ մի կառավարության վրա հույս չի դնում՝ փորձելով հույսեր կապել միայն ինքն իր հետ. «Ամեն դեպքում, փորձում եմ վստահել ներկայիս կառավարությանը եւ հասկանալ, որ այս մարդիկ ճիշտ ուղու վրա են»,-ասաց նա: Մենք նաեւ հարցրինք՝ Հայաստանին մշակութային հեղափոխություն պե՞տք է, թե՞ ոչ. «Մշակութային հեղափոխություն վերջին անգամ եղել է Չինաստանում եւ ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Մշակույթի պարագայում պետք չէ հինը քանդել եւ նորը կառուցել, անհրաժեշտ է օգնել մշակույթին եւ ճիշտ ուղու վրա դնել»,-եզրափակեց Գլումովը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՈՐԴԻՆ ՄԱՐԶՎՈՒՄ Է
Թուրինի «Յուվենտուս»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել իտալական ակումբի ակադեմիայում: Կրիշտիանու կրտսերին նկատել են «Յուվենտուս»-ի մինչեւ 9 տարեկան խաղացողների մարզմանը: Մարզմանը ներկա է եղել նաեւ Ռոնալդուի ընկերուհին, իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը: Ավելի վաղ պորտուգալացի հարձակվողը խոստովանել էր, որ իր որդու մեջ տեսնում է ապագա ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալիայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր:
2-ՐԴ ՏԵՂԸ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավել է երկրորդ տեղը:
Grand Chess Tour-ի 4 փուլերի արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 34 միավոր եւ զիջել միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային: Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքել է 31 միավոր:
ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԵՏ
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացնելու է Ազգերի լիգայում ամենակարեւոր հանդիպումներից մեկը հիմնական մրցակցի` Մակեդոնիայի ընտրանու հետ: Մակեդոնիայում FAF-ին միանալու պատրաստակամություն են հայտնել հայ երկրպագուներ Հունաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: