Լուսանկարն արվել է Գյումրիում
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եռալեզու պատ է բացվել, որի վրա հայերենով, անգլերենով եւ ռուսերենով ներկայացված են գյումրվա անեկդոտները: Պատն էլ հենց կոչվում է Անեկդոտների: «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամներն են այս գաղափարը կյանքի կոչել:
ՀԱՐՑ. 1980 թվականին ընդունվել եմ Մերգելյան ինստիտուտ աշխատելու համար, իսկ 1995թ. ընդունվել եմ դպրոցում աշխատանքի: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարաժական թոշակ: Չեմ ցանկանում դիմել տարածքային սոցիալական բաժին, ուստի խնդրում եմ հստակ պատասխանել` կարո՞ղ եմ, թե՞ ոչ:
Սուսաննա Արզումանյան (ք. Երեւան, Դավիթաշեն 2-րդ թաղամաս)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Ըստ ներկայացված տեղեկատվության` Սուսաննա Արզումանյանը աշխատել է (Մերգելյան ինստիտուտում), իսկ 1995թ. աշխատում է դպրոցում: Վերը նշված ցանկում (Մերգելյան ինստիտուտ) կազմակերպությունը նշված չէ, հետեւաբար այդ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չի կարող:
Քանի որ Ս. Արզումանյանը դպրոցում աշխատել է 1995 թվականից, ապա մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նա չունի մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, հետեւաբար մասնակի կենսաթոշակի իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազում դիմումներ ու նամակներ է ստանում կապված մանկավարժական թոշակի հետ: Ու ցավալի է, որ ամեն մեկն ինչ-ինչ պաճառներով հնարավորություն չի ունենում ձեռք բերել մանկավարժական թոշակի հնարավորություն:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե մարդը ներքաշվել է որեւէ աղանդի մեջ, ապա ինչպե՞ս կարելի է փրկել նրան:
Սաթենիկ Հովհաննիսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աղանդում մարդիկ արտաքուստ գտնում են այն, ինչը չեն գտնում հարազատների հետ շփումների ժամանակ` բարություն, փոխըմբռնում, իրեն կարեւոր մարդ զգալու ցանկություն: Սակայն այդ ամենը միայն ձեւ է: Անհրաժեշտ է ստեղծել նոր հարաբերություններ ձեր մտերիմի հետ, եւ պետք չէ նրան համոզել, որ սխալվում է: Առավել եւս պետք չէ զգացմունքներով առաջնորդվել: Հիշեք, որ աղանդում նրա համար արդեն կան շատ «հոգատար ընկերներ», ովքեր իրեն հրաշալի հասկանում են: Նաեւ կարիք չկա գնալ այնտեղ եւ խնդրել, որ բաց թողնեն ձեր ընկերոջը, հարազատին: Դա անիմաստ է: Նույնիսկ հնարավոր է ձեզ էլ բաց չթողնեն: Ինչ-որ պահից սկսած աղանդի ազդեցությունը ձեր հարազատի վրա ավելի ուժեղ կլինի, քան ձերը: Դուք պետք է կիրառեք այնպիսի հոգեբանական մեթոդներ, որոնցով կկարողանաք ազդել ձեր մտերիմի վրա: Հիշեք, որ աղանդից դուրս եկողի համար շատ կարեւոր է իմանալ, որ նա կարող է հենվել իր հարազատի կամ ընկերոջ վրա:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աղանդից դուրս գալը դեռեւս բավարար չէ, պետք է նախկին աղանդավորի համար համապատասխան պայմաններ ստեղծել, հասկանալ այն բոլոր սխալները, որոնք նախկինում թույլ են տրվել նրա հանդեպ, եւ փորձել շտկել դրանք, որպեսզի վերջինս իրեն լիարժեք եւ բավարարված զգա ձեր կողքին եւ նորից չընկնի որեւէ աղանդի մեջ: