Օգոստոսի 28-ի երեկոյան ավազակային հարձակում է կատարվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուր գյուղի տան վրա: Ավազակային հարձակում կատարած անձինք եղել են երեքը, զինված: Մկրտումյանն ու որդին զինված խմբին դիմադրություն են ցուցաբերել, անգամ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը հրազենային թեթեւ վիրավորում է ստացել: Սակայն Մկրտումյանները կարողացել են վնասազերծել հանցագործներից մեկին, մյուս երկուսը փախուստի էին դիմել: Վնասազերծվածը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որը ձերբակալվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչեւ իրավապահների գալը նա տանտերերին ասել է, թե մեծ պարտքեր ունի, իր հետ եղած անձինք էլ առաջարկել են, որ նա կարող է միանալ խմբին, գողությանը մասնակցել եւ այդպես ունենալ պարտքերը մարելու համար անհրաժեշտ գումարը: Սակայն Մկրտումյանին ու ընտանիքի անդամներին շատ է հետաքրքրել մեկ հարց՝ ով է հանցագործության պատվիրատուն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա «ուղարկողը»: Սակայն Հ. Ռիժենկոն հրաժարվել է հայտնել պատվիրատուի անունը` պնդելով, որ հակառակ դեպքում իրեն կալանավայրում կսպանեն:
Ինչեւէ, երեկ տեղի ուենցածի պատճառների վերաբերյալ ամենատարբեր վարկածներն էին շրջանառվում: Ու պետք է նկատենք, որ սա հերթական դեպքն է, երբ ավազակային հարձակման թիրախ են դառնում նախկին ու ներկա պաշտոնյաները. ավելի վաղ՝ այս տարվա հունիսին, թալանել էին նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ամառանոցը: Հուլիսին թալանել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի տունը: Հիմա, փաստորեն, փորձել են թալանել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Մկրտումյանին: Դժվար է ասել՝ այս դեպքերը որքանո՞վ կապ ունեն իրար հետ, արդյո՞ք սա նույն հանցախումբն է, կամ նույն շրջանակներից են ուղղորդվում այդ ավազակային հարձակումները: Ամեն դեպքում, տեղի ունեցած դեպքերի բացահայտումն օրվա հրամայական է:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4 դաշինք եւ 9 կուսակցություն: Ամենամեծ անակնկալներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքն էր: Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ ՔՊ-ն մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում են «Առաքելություն» կուսակցությունը եւ տարբեր անհատներ, որոնք ակտիվ են եղել թավշյա հեղափոխության օրերին: Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ «Առաքելություն» կուսակցությունը 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դաշինք էր կազմել ԲՀԿ-ի հետ. այն «Ծառուկյան» դաշինքի մաս է, բայց ավագանու ընտրություններում մեկ այլ քաղաքական ուժի հետ է համագործակցում: ՔՊ-ն էլ, թեեւ ԱԺ ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ «Ելք» դաշինքն էր կազմել, հիմա նրանց հետ գործընկերային հարաբերություններ չունի: Եւ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություններն այս ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավելի քան 100 հոգանոց ցուցակ ներկայացրել է երեք ուժ՝ «Իմ քայլը», «Լույս» դաշինքները եւ ԲՀԿ-ն:
ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել: Նա մինչեւ թավշյա հեղափոխությունը որոշել է մշտական բնակություն հաստատելու համար տեղափոխվել Մոսկվա, սակայն հետո մտափոխվել է: «Հեղափոխությունից հետո մտափոխվեցի եւ մնացի հայրենիքում, քանի որ իմ մեջ արթնացավ հույսը, որ Հայաստանում հնարավոր է ապագա ունենալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իմ զավակներին, որոնք շուտով կանգնելու են մասնագիտական ընտրության առաջ: Հիմա ես վստահ եմ, որ նրանց ապագան ապահովված է Հայաստանում»,- ասել է երգիչը: Նա ասել է, թե վստահում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քանի որ տեսնում է կոռուպցիայի դեմ պայքար: «Համոզված եմ, որ հիմա արդեն իմ, Ձեր գրպանին դիպչող չի լինի: Սա ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որն արդեն համարում եմ լուծված: Կոռուպցիան աստիճանաբար կզիջի իր դիրքերը, արդեն նկատում եմ, որ խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումն էլ ակտուալ չէ»: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ քաղաքական փոփոխություններից հետո փոփոխություններ տեղի կունենան նաեւ երգարվեստում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի միջազգային պահուստներն այս տարվա հուլիսին կազմել են 2 մլրդ 55 մլն դոլար: Հատկանշական է փաստը, որ հունիսին միջազգային պահուստները կտրուկ նվազել էին՝ հասնելով 1 մլրդ 991.9 մլն դոլարի, որն այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն էր: Բայց հիմա միջազգային պահուստները կրկին ավելանալու միտումներ են ցուցաբերում: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը: Ըստ ԿԲ հրապարակած տեղեկագրի` մարտ ամսին միջազգային պահուստները եղել են 2 մլրդ 234.1 մլն դոլար, ապա մեկ ամսվա ընթացքում պակասել են 194.8 մլն դոլարով եւ կազմել 2 մլրդ 39.3 մլն: Մնում է ենթադրել, թե ինչն է եղել պատճառը. համենայն դեպս, վերջին տարիներին նման կտրուկ տեղաշարժեր չեն եղել:
ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ վերնախավի շատ ներկայացուցիչների մոտ հաճախակի են դարձել անկեղծության պոռթկումները: Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը խոստովանեց իրենց սխալները, մասնավորապես «իշխանության մենաշնորհումը», որն, ըստ նրա, բողոքի ցույցերի պատճառ դարձավ: Նման ուշագրավ հայտարարություն երեկ արել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից պետք է Հանրապետականը մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր, եւ դա նորից պետք է լիներ մեր իշխանությունը: Ցանկացած թեկնածուի դեպքում, ինձ թվում է, որ այս գործընթացը պետք է լիներ»,- ասել է Բաղդասարյանը:
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել Վահրամ Բաղդասարյանի պնդումների հետ: ՀՀԿ-ն իշխանավարման քսան տարիների ընթացքում ընտրակեղծիքների, բռնությունների ու անգամ մարտիմեկյան սպանդի գնով շարունակել է իր ձեռքում պահել իշխանությունը` երկիրը տանելով ձախողումների ու կորուստների ճանապարհով: Իսկ այդ ընթացքում հասարակության փորձերը՝ ընտրությունների ճանապարհով, հետո հանրահավաքներով ու ընդվզմամբ, հասնելու իշխանափոխության, մշտապես հանդիպել են ռեժիմի բիրտ ուժի դիմադրությանը` այդպես խորացնելով անջրպետը, ավելացնելով ատելությունն ու մերժողական վերաբերմունքը: Ուստի, բնական էր, նման իրավիճակում ՀՀԿ-ն ում էլ առաջադրեր վարչապետի պաշտոնում, արժանանալու էր հասարակության դիմադրությանը, մանավանդ, երբ ակնհայտ էր՝ նոր Սահմանադրությամբ նրանք հիմքեր էին ստեղծել ցմահ իշխանավարման համար: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներից շատերը մի քանի անգամ պնդել են՝ եթե Սերժ Սարգսյանը չփորձեր իր ձեռքում պահպանել իշխանությունը, հասարակությանը դժվար կլիներ մոբիլիզացնել, եւ թավշյա հեղափոխությունը տեղի չէր ունենա: Սակայն Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը պատահական չէ. լինելով իշխանության մեջ` նրանք նաեւ տիրապետել են հասարակական տրամադրություններին ու գիտեին, որ ՀՀԿ-ն մերժված է հասարակության կողմից, եւ վաղ, թե ուշ պանդորայի արկղը բացվելու է:
Միայն թե, այս ամենն իմանալով` նույն ՀՀԿ-ականները մինչեւ հեղափոխությունը փորձում էին հակառակը համոզել, թե իբր հասարակության «ուշքը գնում է» Սերժ Սարգսյանին վարչապետ տեսնելու հարցում, եւ, ընդհանրապես, ՀՀԿ-ից լավ իշխանություն չկա երկրագնդի վրա: Ինչպես ասում էր մեր ժամանակների դասականը՝ Գալուստ Սահակյանը. «Մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա»: Պարզվեց հակառակը: