Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են եւ հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա նշել է, որ մինչեւ տարվա վերջ Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան հանդիպելու սեպտեմբերի 27-28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովին, այնուհետեւ Աստանայում ՀԱՊԿ-ի նստաշրջանին, իսկ դեկտեմբերին` Մոսկվայում ԵԱՏՄ-ի գագաթաժողովին:
Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ռուսական կողմից պարզել, թե որն է եղել ժամկետների փոփոխության պատճառը:
«ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
-Պարո՛ն Կոլերով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի տարբեր ժամկետներ էին նշվում, այսօր էլ հայտնի դարձավ, թե այցը կլինի միայն 2019 թվականի սկզբին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նման փոփոխություններ տեղի ունեցան:
-Գոյություն ունեցող ավանդույթի համաձայն` Ռուսաստանի առաջին դեմքը, եթե այցելում է Ադրբեջան, ապա պետք է բալանսի համար այցելի նաեւ Հայաստան, եւ հակառակը, եթե նա այցելում է Հայաստան, ապա հետո պետք է հանդիպի նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը: Սկզբում Պուտինի ծրագրերում նախատեսված էր Ադրբեջան այցելել սեպտեմբերի 28-ին, ապա այն տեղափոխվեց 25-ին եւ ծրագրվում էր, որ սեպտեմբերի 26-ից հետո Պուտինը կգա նաեւ Երեւան, որպեսզի հանդիպի Նիկոլ Փաշինյանին: Սակայն, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ:
-Այսինքն` այցի չկայանալու պատճառը միայն դա՞ է: Հայաստանում որպես Պուտինի այցի հնարավոր ժամկետ նշվում էր տարեվերջը:
-Հայկական կողմն առաջարկել է հանդիպումը տեղափոխել դեկտեմբերին: Թե ռուսական կողմն ինչ է պատասխանել եւ ինչու են ժամկետները կրկին փոխվել, ես չեմ կարող ասել:
-Իսկ այս փոփոխությունները եւ, փաստորեն, հանդիպման չկայանալը կարո՞ղ են ինչ-որ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ ես չեմ կարծում, թե սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո եւս մեկ հանդիպումն արդեն սեպտեմբերի վերջին կարող էր ինչ-որ բան փոխել կամ ավելացնել, քանի որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բալանսի պահպանման համար արդեն պետք է անցնել հռետորաբանությունից կոնկրետ քայլերի: Հայտնի է, որ Պուտինի՝ Բաքու այցի ժամանակ բանակցությունների սեղանին եղել են մեծ թվով համաձայնագրեր, պայմանագրեր: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանն այդպիսի մեծ թվով նախագծեր կամ համաձայնագրեր չունի: Եվ այդ առումով միայն լոկ հանդիպումը շատ քիչ բան կարող է փոխել: Պետք է երկկողմանի հարաբերությունները լրացնել կոնկրետ բովանդակությամբ: Ես գիտեմ, որ կոնկրետ այժմ հայ-ռուսական հարաբերությունները բովանդակությունը միայն ռազմական բնույթի են: Սակայն դա քիչ է, քանի որ միայն այդպիսի հարաբերությունները չեն լրացնում ամբողջը:
-Իսկ ո՞րն է պատճառը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո քաղաքականության փոփոխությո՞ւն եք տեսնում:
-Նիկոլ Փաշինյանը մշտապես նշում է, թե ցանկանում է, որ դրանք դառնան ավելի լավը կամ արդեն լավն են: Սակայն ես կրկնում եմ, որպեսզի հարաբերությունները զարգանան և բալանսը պահպանվի, միայն հռետորիկան արդեն քիչ է: Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարվել եւ հանգստացել է այն հանգամանքով, որ ռազմական հարաբերությունները շարունակվում են: Նա չի անհանգստանում, որպեսզի զարգանան նաեւ տնտեսական հարաբերությունները: Նա մտածում է, թե Ռուսաստանից միայն ռազմական հարաբերությունները բավարար են:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը