Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։ Քննարկման որոշ մանրամասների եւ ակնկալվող արդյունքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։
-Պարո՛ն Քլոյան, Ձեզ գոհացրե՞ց վարչապետի հետ հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան։
-Կարող եմ ասել, որ շատ լավ տպավորություն ստացա այն իմաստով, որ գործընթացը գնում է նորմալ հունով։ Մենք չենք շտապում։ ՀՔԾ-ին մենք վստահում ենք այն առումով, որ նա լիարժեք կբացահայտի Մարտի 1-ը։ Փաշինյանը մեզ ասաց. համբերությամբ սպասեք, գործը երկար է տեւելու։ Այս գործով մի մարդ չի հարցաքննվելու, տասը մարդ չի հարցաքննվելու, այլ հարյուրից ավելի մարդիկ։ Վարչապետն ասաց՝ գործընթացը շարունակվելու է, տասը տարի սպասել եք, մի քիչ էլ սպասեք, ամեն ինչ լավ կլինի։
-Այսինքն` վստահո՞ւմ եք վարչապետին։
-Այո՛, այո՛, միանշանակ։
-Այն, որ 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, հետո ազատ արձակվեց, Ձեր դիտարկմամբ՝ ճի՞շտ որոշում էր։
-Արդեն գործը մտել է Վճռաբեկ դատարան։ Եվ հիմա մենք՝ զոհերի իրավահաջորդներս՝ փաստաբան Վահե Գրիգորյանի գլխավորությամբ, փորձելու է շաբաթվա վերջին մտնել Վճռաբեկ դատարան։ Մենք առանձին ենք մտնելու, դատախազությունն՝ առանձին։ Եվ տեսնենք, թե ինչ շարունակություն կունենա։
-Քաղաքական մասով, ըստ Ձեզ՝ ովքեր պետք է պատասխանատվություն կրեն։
-Դե, բնական է՝ առաջին հերթին 2008-ին պաշտոնավարած գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռոբերտ Քոչարյանը, նա առաջին պատասխանատուն է, բնական է՝ Սերժ Սարգսյանը, գլխավոր դատախազը, Պաշտպանության նախարարը, Ներքին զորքերի հրամանատարը, ոստիկանապետը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, շտաբի պետերը եւ, իհարկե, վերջում ձգան քաշողը։ Բոլորը պատասխանատվության պետք է ենթարկվեն։
-Սպասո՞ւմ էիք, որ գործը կվերաբացվի։
-Եղել է իշխանափոխություն։ Մենք երկար տարիներ սպասել ենք իշխանափոխությանը։ Եկավ թավշյա հեղափոխությունը, մեր չարչարանքը ջուրը չընկավ եւ արդարությունը, ճշմարտությունը ճիշտ են ասում՝ հիվանդանում է, բայց չի մահանում։ 2008-ին տուժածներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։ Վստահ ենք, որ ամեն ինչ նորմալ կընթանա, որովհետեւ իշխանությունը մերն է։
-Ի՞նչ եք կարծում՝ 2008-ին կարիք կա՞ր արտակարգ դրություն հայտարարելու երկրում։
-Ես մասնագետներից տեղեկացել եմ, որ արտակարգ դրություն հայտարարում են այն ժամանակ, երբ աղետ է լինում, ջրհեղեղ, երկրաշարժ, անտառներ են այրվում եւ այլն։ Բայց եթե զորք է մտնում Երեւան քաղաք, դա անվանում են ռազմական դրություն։ Իսկ մեզ մոտ ռազմական դրություն չի եղել. արտակարգ դրություն է եղել։ Իսկ այդ ժամանակ չի կարելի զինված զորքը մտնի Երեւանի կենտրոն։ Իսկ ցուցարարները խաղաղ են եղել։ Ազգային ժողովում փետրվարի 23-ի լսումների ժամանակ Սամվել Նիկոյանը հայտնեց, որ ոչ մի ոստիկան, ոչ մի զինվոր հրազենային վնասվածք չի ստացել։ Իսկ եթե չի ստացել, ուրեմն ընդդիմության ձեռքին զենք չի եղել։
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՈՒՍՈՎ Է
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնելու այն որոշումը, ըստ որի` Վրաստանից Հայաստան հացահատիկի ներկրումը վերգետնյա տրանսպորտով կարգելվի։ Մասնագետներն արդեն իսկ նշում են, որ սա կազդի գների վրա։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ։
-Պարո՛ն Վարդապետյան, Վրաստանից Հայաստան հացահատիկի ներկրման առումով ծագած խնդրի շուրջ ի՞նչ եք մտածում եւ արդյո՞ք Դուք անձամբ քայլեր ձեռնարկելու եք այս շրջանակում։
-Իհարկե, դա համընդհանուր մտահոգություն է եւ մասնավորապես Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում հաց ներկրելու համար։ Վերգետնյա տրանսպորտով արգելվել է հացահատիկի տեղափոխումը, այսինքն` դա պետք է միայն ծովային տրանսպորտով՝ Փոթիով կատարվի, եւ դա ակնհայտ խոչընդոտ է ստեղծում մեզ համար։ Ես կապվել եմ Վրաստանում հայազգի իմ գործընկերների հետ եւ առաջիկա խորհրդարանական նիստի ժամանակ այդ հարցը բարձրացվելու է։ Եվ ոչ միայն այդ ձեւով, այլ ընդհանուր առմամբ ավելի լայն կոնտեքստում այդ մտահոգության մասին պետք է բարձրաձայնել։ Ես ակնկալում եմ եւ լիահույս եմ, որ եղբայրական Վրաստանը մեզ ուղղված նման ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի։ Պետք է նշել, որ նորանշանակ վարչապետի այցը Վրաստան ամենայն ջերմությամբ ուղենշվեց եւ հայտարարություններ եղան, որ Վրաստանի հետ մենք ունենք զրո խնդիր։ Մեր հարաբերությունները պետք է վեր լինեն ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացներից։ Մենք պետք է հարաբերվենք որպես երկու դրացի, եղբայրական ժողովուրդներ։ Այնպես որ, սպասում ենք դրական լուծումների։
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԴԱՌԸ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Շիրակի մարզի Մարմաշեն ու Ախուրյան գյուղերը, որ ամիսներ առաջ խոշորացվել էին, այսօր բողոքում են այդ գործընթացից: Բասեն գյուղական բնակավայրը նախկինում լավագույն համայնքների ցանկում էր, հիմա ըստ գյուղացիների` ամիսների ընթացքում անգամ մի դրոշ չի փոխվել. «Նախկինում, երբ մենք մեր առանձին բյուջեն ունեինք, շատ խնդիրներ էինք կարողանում լուծել: Տարիներ շարունակ դրամաշնորհներ եմ բերել, գյուղում մի շարք ծրագրեր եմ իրականացրել: Իսկ ի՞նչ է կատարվել խոշորացումից հետո»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Բասենի նախկին ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա ստորագրահավաք է անցկացրել: Գյուղացիների 90 տոկոսից ավելին կողմ է, որ Բասենը դուրս գա Ախուրյան համայնքի կազմից: Գյուղացիներն հատկապես Ախուրյան համայնքի ՀՅԴ-ական ղեկավար Արծրունի Իգիթյանից են դժգոհում եւ ասում, որ նրա ուշադրության կենտրոնում միայն Ախուրյանի խնդիրներն են, իսկ այն, որ Կամոյի ճանապարհներն անանցանելի են, չի հուզում գյուղապետին: Խոշորացմանը կողմ ու դեմ. Շիրակի բնակիչները երկու խմբի են բաժանվել: Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ գյուղացիների հետ հանդիպումներից հետո ասել է. «Գյուղի առանձնացումը իմ լիազությունների մեջ չի մտնում: Խոշարացումը կառավարության որոշում է»:
Շ. ՕՀԱՆՅԱՆ
ԱԶԱՏ Է
Հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը` Վստրեչի Ապերը, ազատ է արձակվել, այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք, որ նրա ձերբակալման մասին լուրը տարածվել էր դեռեւս հուլիսի 30-ին:
ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետ առաջադրել ու անցկացնել իր թեկնածուին, նշել է. «Ես առաջին անգամ այդ նոր մոտեցումը լսեցի հանրահավաքում. նախկինում բազմաթիվ հանդիպումների ժամանակ նման մտավախություն չի եղել:
Ինձ թվում է` իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որովհետեւ աշխատում է եւ պետք է հնարավորություն ունենա իր աշխատանքով ապացուցել ամեն ինչ: Երբ տեսնենք` կան խանգարող հանգամանքներ, կարող ենք այդ մասին մտածել, առայժմ նրան խանգարող որեւէ հանգամանք չկա: Մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին եւ պետք է աջակցենք»,-ասել է նա: Նշենք, որ խոսակցություններն այն մասին, թե Սերժ Սարգսյանը ընտանիքով հանդերձ պատրաստվում է հեռանալ Հայաստանից եւ բնակություն հաստատել Հռոմում, Վ. Բաղդասարյանը ֆանտաստիկայի ժանրից է որակել:
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող` Թբիլիսյան խճուղու եւ Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչեւ Քանաքեռի 13-րդ փողոց` միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:
ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐԸ
Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործը մտել է դատարան, եւ հիմա այն քննելու է կին դատավոր: Ինչպես հայտնի է` նախաքննությունն իրականացնող մարմինը Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին իր տան նկուղում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող ատրճանակով կրակել է Դավիթ Սիմոնյանի որովայնին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Նշենք, որ Աննա Դանիբեկյանը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ քննեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործը, որը մինչ օրս անցնում է բավականին մեծ աղմուկով:
ԱՄԱՌՆ ԱՌԱՆՑ ՕԴՈՐԱԿԻՉԻ
ՀՀ սահմանադրական դատարանը դիմել է կառավարությանը գումար ստանալու խնդրանքով: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի եւ տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ: Ինչի արդյունքում ՍԴ-ն անհրաժեշտություն ունի ձեռք բերել 40 հատ օդորակիչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ-ն կառավարությունից խնդրում է իրեն հատկացնել 5 մլն 600 հազար դրամ: Այս դեպքում հարց է առաջանում` ինչպես են անցկացրել այս ամռան ամիսներն առանց օդորակիչների: Գուցե չե՞ն աշխատել: Բացի այդ` նշված գումարով ՍԴ-ն նախատեսում է ձեռք բերել վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքի հսկողության համակարգ:
ԱՆՑԱՎ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում 81 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման ու օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցման ժամանակ կրկին դեմ ձայների քանակը 1-ն էր եղել: Սակայն այս անգամ դեմ քվեարկողը նույն պատգավորը չէր: Առաջին ընթերցման ժամանակ նախագծին դեմ էր քվեարկել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, իսկ ահա երկրորդ ընթերցման ժամանակ դեմ էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, իսկ Ֆարմանյանը բացակա էր: Այս անգամ եւս եղան պատգամավորներ, ովքեր գրանցվել էին, սակայն չէին մասնակցել քվեարկությանը: Օրինակ` Անդրանիկ Հարությունյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: