ԴԱՇԻՆՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԴԱՇԻՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, եւ ըստ այդմ սեպտեմբերի 23-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու է 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 9 կուսակցություն:

Դրանք են՝ «Իմ քայլը» դաշինք, «Ժառանգություն» կուսակցություն, «Լույս» դաշինք, «Երեւանի հանրություն» դաշինք, ԲՀԿ, «Հայկազունիներ» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, ՕԵԿ, ՀՅԴ կուսակցություններ եւ «Երեւանցիներ» դաշինք:
Թերեւս ամենամեծ անակնկալներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ այլ դաշինքով այդ ընտրություններին մասնակցելու հանգամանքն էր: Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ այդ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում են «Առաքելություն» կուսակցությունը եւ տարբեր անհատներ, ովքեր բոլորն էլ ակտիվ են եղել թավշյա հեղափոխության օրերին, այլ կերպ ասած` քայլել են նրա հետ: Դեռեւս շաբաթներ առաջ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ չի բացառվում՝ ՔՊ-ն ընտրություններին մասնակցի դաշինքով, սակայն դա չլինի «Ելք» դաշինքը: Սակայն դրանից հետո այս թեման կարծես երկրորդ պլան մղվեց: Հիմա, փաստորեն, պարզվում է՝ ՔՊ-ն դաշինք է կազմել միայն մեկ կուսակցության հետ: Հետաքրքիր է փաստը, որ «Առաքելություն» կուսակցությունը 2017թ. ԱԺ ընտրություններում էլ ԲՀԿ-ի հետ էր համագործակցում, «Ծառուկյան» դաշինքի անդամներից էր, ավելին` այդ կուսակցության քաղխորհրդի անդամներից Մանուկ Սուքիասյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր: Թավշյա հեղափոխության ժամանակ, սակայն, «Առաքելություն»-ը Փաշինյանի կողքին էր, եւ այդ կուսակցության հիմնադիրներից տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը հիմա վարչապետի խորհրդականն է:
Նկատենք, որ ՔՊ-ի եւ «Առաքելություն» կուսակցությունների դաշինքն անակնկալ չէ այն ուժերի համար, որոնց հետ ՔՊ-ն ԱԺ-ում դեռ դաշինքային հարաբերությունների մեջ է: «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նշեց, թե այդպիսի նախանշաններ եղել են քննարկումների ժամանակ, եւ այս որոշումն անակնկալ չէր: Իսկ, օրինակ, ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը, ով այժմ նորաստեղծ «Լույս» դաշինքի ավագանու թեկնածուների թվում է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց ՝ ասելով, թե անարդար է առաջնորդվել միայն «ով մեզ հետ քայլել է» սկզբունքով՝ կարծիք հայտնելով, որ դա հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ հենց վարչապետի համար:
Ինչեւէ, ներկայացնենք, թե ուժերից մի քանիսն ինչ ցուցակներով կմասնակցեն ընտրություններին: Նախ նշենք, որ, օրինակ, «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքների, ինչպես նաեւ ԲՀԿ-ի ցուցակն անցնում է 100-ից:
Երեկ հրապարակվեց «Իմ քայլը» դաշինքի առաջին 50 հոգու անուննեւրը: Ինչպես եւ սպասելի էր, այս ցուցակում ընդգրկված են հեղափոխության օրերին ամենաակտիվ երիտասարդները: Առաջին հորիզոնականում, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, երկրորդը՝ ՔՊ անդամ Սրբուհի Ղազարյանը, ով վարչությունում առաջադրված էր եղել որպես քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրության օրն ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ ահա եռյակը եզրափակում է Սերգեյ Սարգսյանը, ով մանկաբույժ է: Այս դաշինքի ցանկում կան թե՛ ՔՊ-ականներ, թե՛ «Առաքելություն» կուսակցության անդամներ, թե՛ ՀԱԿ համակիրներ (հիշեցնենք՝ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցի ավագանու ընտրություններին եւ կսատարի Փաշինյանի ղեկավարած ուժին), անկուսակցականներ: Օրինակ` ցուցակի վեցերորդ համարում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն, ով նախկինում մշտապես աչքի էր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, 9-րդ հորիզոնականում փաստաբան Իզաբելա Աբգարյանն է, 13-րդը՝ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, 38-ում երգահան Արթուր Իսպիրյանն է, 24-ում՝ օպերային երգչուհի Լիլիթ Պիպոյանը, մեծ թվով ակտիվիստ երիտասարդներ, ՀԱԿ-ի համակիրներ՝ Եվա Թովմասյան, Սոնա Ղազարյան: Այսինքն` այս ցանկը կազմված է զուտ թավշյա հեղափոխության մոտիվներով, եւ հենց այդպես բացատրեցին ՔՊ անդամները ոչ «Ելք» դաշինքով մասնակցելը:
Քաղաքապետի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով: Ինչպես հայտնի է` ցուցակը գլխավորում է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդում «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն է, երրորդում՝ քաղաքագետ Արման Աբովյանը: ԲՀԿ-ի ցանկը բազմազան է, օրինակ` վեցերորդում ծանրորդ Նազիկ Ավդալյանն է, 8-ում` պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական Արմեն Այվազյանը, 9-ում` Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը, 11-ում` ՎՍԴՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այս ցանկում բոլորը հիմնականում այս կամ այն վարչական շրջանի կուսակցության ղեկավարներն են:
Բոլորին ծանոթ ցանկ թերեւս ներկայացրել է միայն «Լույս» դաշինքը: Առաջին տասնյակում բոլորը գործող ավագանիներ են, օրինակ՝ Դավիթ Խաժակյան, Անի Խաչատրյան, Անի Սամսոնյան, Թեհմինա Վարդանյան, Անահիտ Բախշյան, Տիգրան Տեր-Մարգարյան: Ընդ որում, առաջին 20-ում միայն երկուսն են անկուսակցական՝ Անդրանիկ Հակոբյանն ու Վարդան Մառաշլյան, մյուսները հանդիսանում են կամ ԼՀ, կամ «Հանրապետություն» կուսակցության անդամներ:
Ինչպես արդեն նշեցինք` ընտրություններին կմասնակցի 13 ուժ. դաշինքներին «Լույս»-ի եւ «Իմ քայլ»-ի ընդգրկվածությունը պարզ է, իսկ ահա մյուս երկուսն անծանոթ են. օրինակ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում հանդես են գալու «Երեւանցիներ» դաշինքով: Դաշինքի ցուցակը գլխավորում է ՀՀՇ կուսակցության նախագահ, պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականում են նրա կուսակից, Կենտրոնի նախկին փոխթաղապետ Դավիթ Առաքելյանը եւ Գագիկ Գյանջումյանը: Ցուցակի չորրորդ տեղում «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանն է:
Իսկ ահա «Երեւանի հանրություն» դաշինքը ստեղծվել է «Երեւանի հանրություն», նախաձեռնության հիման վրա, որի ստեղծման որոշումն ընդունվել է 2018 թվականի հուլիսի 21-ին։ Հուլիսի 29-ին նախաձեռնությանն է միացել նաեւ Գյումրիում գործող «Գաղափարակից լիբերալների ալյանս – ԳԱԼԱ» կուսակցությունը», իսկ օգոստոսի 21-ին նախաձեռնությանն է միացել նաեւ Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը, եւ «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը վերափոխվել է «Երեւանի հանրություն» դաշինքի։ Այս դաշինքի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Եվ չնայած քարոզարշավը տեւելու է 11 օր, սակայն իրավմամբ հետաքրքիր պայքար է սպասվում, բայց եւ շատ կանխատեսելի ելքով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՀԿ-Ն ԿԻՍՎԵԼ Է
Քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած եւ այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու: Սակայն ՀՀԿ-ն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու եւ փորձելու է ներքին կարգով սատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել: Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, եւ մեծ հաշվով կարեւոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում: Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա այն իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասեցին լռելը` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն:

 

 

ԿՐԿՆԱԿԻ ԿՍՏՈՒԳՎԵՆ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն ավարտել է մարզերում գտնվող գազալցակայանների ստուգումները: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կկատարվի կրկնակի ստուգայց` պարզելու` արդյո՞ք վերացվել են թերությունները, թե՞ ոչ: Այս պահին կարգադրագրերի ժամկետները դեռ չեն լրացել: Տեղեկացնենք, որ մինչ այդ ԱԻՆ-ը ստուգել է Երեւանում գործող գազալցակայանները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ստուգումների արդյունքում դադարեցվել էր 12 գազալցակայանների շահագործումը: Ի դեպ, այդ գազալցակայանների մի մասն էլ պատկանում է հայտնի մարդկանց` Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Սադոյան, Հովիկ Աբրահամյանի ընտանիք, Երվանդ Զախարյան, Դավիթ Սեդրակյան եւ այլք:

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀԷՑ-ը 2018 թվականի օգոստոսի 28-ին` դիմելով դատարան, պահանջել է «Ախթամար» ՓԲԸ-ից գումար գանձել: Իսկ ահա գանձվող գումարի չափը կազմում է 787 հազար 250 հազար դրամ: Այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը: Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությունից գումար բռնագանձելու պահանջով նախկինում այլ ընկերություններ եւս դիմել էին դատարան եւ հաղթել:

 

 

ԲՈԼՈՐՆ ԱՆԽՏԻՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: «Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել է, ուղղակի ես ցանկացել եմ, որ հանդիպենք մի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կունենանք Մարտի 1-ի գործի բացահայտման առումով»,- ասել է նա եւ հավելել, որ հիմա այդ գործն ընդհանուր առմամբ բացահայտված է համարում: «Մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին եւ վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաեւ կոնկրետ սպանություններ իրականացնողներին եւ կոնկրետ հանգամանքներին,- հայտարարել է Փաշինյանն ու հավելել, – բնականաբար, ես նախաքննության ողջ ընթացքին եւ ծավալներին տեղյակ չեմ եւ կարող եմ հետեւություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը եւ այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են: Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք»: Ըստ նրա, Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից եւ ունեցած կարգավիճակից:

 

 

ՈՐ ԷԺԱՆԱՆԱ
Նոյեմբերին մեկնարկելու են հայ-ռուսական բանակցությունները գազի ձեռքբերման նոր պայմանագրի շուրջ, եւ դրանց ընթացքում Հայաստանը փորձելու է իջեցնել սակագինը: Ամփոփելով պաշտոնավարման 100 օրը` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նաեւ վստահեցրել է. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք գազի ավելի ցածր գին, քան այսօր ունենք: Մենք դա չենք համարում վերջնական, քարացած ինչ-որ որոշում, եւ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գազի ավելի էժան տարբերակ ունենանք»:

 

 

ԶՐՈ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության մասնակիցներին հղած ուղերձը միանշանակ էր. քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է զրոյական լինի: «Նոր իշխանության ձեւավորման առաջին իսկ օրվանից մենք հայտարարեցինք դպրոցների ապաքաղաքականացման մասին: Եվ մենք գտնում ենք, որ դպրոցում հանրակրթության նահանջի կարեւորագույն պատճառներից մեկը եղել է դպրոցների քաղաքականացվածությունը: Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է լինի զրո դպրոցներում: Զրո՛: Էն դպրոցներում, որտեղ սա չի լինի, որտեղ տեղի իշխանությունները, նախկին եւ ներկա, դեռ իրենց դիրքերը պահպանող օլիգարխները կփորձեն որեւէ կերպ միջամտել դպրոցի գործերին, Կրթության եւ գիտության նախարարությունը, կարծում եմ նաեւ Երեւանի քաղաքապետարանը կմիանան սրան, կմիջամտեն եւ էդ ազդեցությունը նորից կիջեցնեն մինչեւ զրո»,- ասել է նա:

 

 

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Ես կարծում եմ` Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով նաեւ խորհրդարանական հարթակով, որովհետեւ ժամանակը շատ կարճ է»,- ասել է նա: Նա առաջարկել է, որ փորձեն հարցը կարգավորել նաեւ դիվանագիտական խողովակով: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարը ինքն է. «Մենք սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ` մինչեւ ամսի 15-ը, պաշտոնական այց կունենանք Վրաստան: Խորհրդարանն ամեն ինչ կանի, բայց կարծում եմ` այստեղ նախ եւ առաջ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»,-ասել է նա:




Լրահոս