ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՊԿ-Ո՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել ՀԱՊԿ-ին անդամակցելու Ադրբեջանի նկրտումների մասին: Հարցը լայնորեն արծարծվեց նախ ադրբեջանական մամուլում, ապա գործին միացան ռուսական քաղաքագիտական շրջանակները: Իրավիճակը թերեւս այնքան լրջացավ, որ Հայաստանը պաշտոնապես սպառնաց վետո կիրառել, եթե Ադրբեջանը գործնական քայլ կատարի այս ուղղությամբ:

Ադրբեջանի համար ՀԱՊԿ-ի դերակատարությունը, որպես միջազգային կազմակերպության, երբեք նշանակալից չի եղել: Դա վկայող փաստ է այն, որ 1994-1999թթ. անդամությունից հետո Ադրբեջանը դուրս եկավ կազմակերպությունից` մասնակցելով ՎՈՒԱՄ-ի հիմնադրմանը: Այսօր Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ունի անսասան բարեկամներ, հանձին Բելառուսի ու Ղազախստանի, ուստի կարծես կարիք չունի ուղղակիորեն ներկա գտնվելու ՆԱՏՕ-ին հակակշիռ ինքնահորջորջվող կառույցում: Ըստ էության, Ադրբեջանը ՀԱՊԿ-ում լիուլի կարողանում է երաշխավորել իր շահերի անձեռնմխելիությունը` հաջողությամբ չեզոքացնելով Հայաստանից եկող հնարավոր վտանգները եւ նույնիսկ նշյալ պետությունների միջոցով խնդիրներ հարուցելով Հայաստանի համար: Ադրբեջանի հետաքրքրությունները ՀԱՊԿ-ում միաժամանակ այնքան էլ հստակ չեն` հաշվի առնելով գոնե այն հանգամանքը, որ Թուրքիան` որպես Ադրեբջանի եղբայրական պետություն, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Ի վերջո, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները, զարմանալի չէ, որ Ադրբեջանը չի ցանկանա ավելորդ անգամ հայտնվել այդ հակասությունների կենտրոնում: Այս տեսանկյունից Ադրբեջանը կարծես շահագրգռվածություն չպետք է ունենա ՀԱՊԿ-ին միանալու հարցում: Սակայն հատկանշական է, որ անդամակցության մասին լուրերը տարածվեցին առաջին հերթին ադրբեջանական մամուլում, եւ դրանից հետո` ռուսական պալատական վերլուծաբաններն ու լրատվականները:
Ուշագրավ է, որ ռուսական պաշտոնական շրջանակներն առայժմ լռություն են պահպանում այս հարցում, թեեւ Ռուսաստանն է ամենից շահագրգռվածը, որպեսզի Ադրբեջանը միանա ռուսական նախաձեռնություններին: Ադրբեջանի ներկայությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի բնական ցանկությունն է անընդհատ ընդլայնվելու, տարածաշրջանային խոշոր խաղացողներին սեփական ազդեցության գոտում տեղավորելու ձգտումով: Այդպես Խորհրդային Ռուսաստանը 1920թ. ներխուժեց Անդրկովկաս, եւ զարմանալի չէ, որ առաջինը խորհրդայնացվեց հենց Ադրբեջանը: Վերջինիս աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական դերակատարությունը հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում այդ երկիրն ինքնաբերաբար դարձնում են Ռուսաստանի համար ամենագրավիչ գործընկերը տարածաշրջանում: Եվ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ փորձել է Ադրբեջանին դարձնել իր անառարկելի գերակայությամբ ստեղծված կազմակերպությունների անդամ: Սակայն դա նրան չի հաջողվել նախ եւ առաջ ադրբեջանական վերնախավի ինքնուրույնության շնորհիվ: Օրինակ` 2013թ., երբ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Ադրբեջանը հեշտությամբ խուսափեց թակարդից հենց առաջին հերթին ՌԴ քաղաքական վերանախավից կախվածություն չունենալու պատճառով: Այսօր, թվում է, նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է Ադրբեջանին, իսկ ռուսական պալատական շրջանակներն ընդամենը վերցրել եւ ինքնամոռաց շրջանառում են այդ թեզը:
Հիմնավոր է կարծել, որ դա արվում է Հայաստանի դեմ: Նման կարծիքի հիմքում, ըստ էության, երկու խիստ էական հանգամանք կա: Նախ` հայ-ռուսական հարաբերություններն այլեւս նախկինի նման վասալային մակարդակի վրա չեն, ապա` ԼՂ-ի հարցով բանակցություններ, որպես այդպիսին, չկան: Մի դեպքում շահառուն Ռուսաստանն է, մյուս դեպքում` Ադրբեջանը: Հաշվարկն էլ բարդ չէր` ՀԱՊԿ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկության խաղաքարտի օգտագործումը կարող էր որոշակիորեն ճնշիչ գործոն լինել Հայաստանի իշխանությունների համար, որպեսզի վերջիններս ամբողջության մեջ ընկալեին Ռուսաստանի անփոխարինելիությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Միաժամանակ, այդպիսի հայտի եւ անդամ-պետությունների դրական վերաբերմունքի առկայությամբ Հայաստանի իշխանություններին կարելի էր հակել ԼՂ բանակցությունները շուտափույթ սկսելուն, ինչն էլ արդեն պայմանավորված էր ադրբեջանական շահով:
Այս ամենի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի անդամակցության հայտը չեզոքացվելու է վետոյի միջոցով: Այս քայլով ՀՀ իշխանությունները թերեւս բաց տեքստով հրաժարվեցին շարունակել ռուս-ադրբեջանական խաղը: Սակայն որքանո՞վ էր արդարացված այդպիսի շտապողականությունը: Անշուշտ, հայտարարությունը զերծ էր անորոշություններից ու բնույթով խիստ էր, սակայն միջազգային հարաբերություններում այդ զենքից կարող են օգտվել գերտերությունները` այն էլ հազվադեպ: Արդյո՞ք Հայաստանի համար ավելի ձեռնատու չէր լինի վետոյի իրավունքը կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ Ռուսաստանի հետ բանակցային բոլոր ուղիները փակված կլինեին: Կարելի է ենթադրել, որ սա ՀՀ իշխանությունների` արդեն երրորդ վրիպումն էր միջազգային ասպարեզում բրյուսելյան չհասկացվածությունից ու Յ. Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու ոչ պրոֆեսիոնալ գործելակերպից հետո: Հայաստանի իշխանությունները կարծես մտադիր չեն հաշվի նստելու այն անառարկելի իրողության հետ, որ Ռուսաստանը թշնամաբար է ընդունում ցանկացած հատու գործողություն եւ առավել եւս այդպես պիտի ընկալի շուրջ 20 տարի իր ֆորպոստը համարված պետության նմանօրինակ պահվածքը: Ի վերջո, Հայաստանն արդյո՞ք իր համար հստակեցրել է, թե ո՞ր Ադրբեջանն է ավելի ցանկալի հակառակորդ` ՀԱՊԿ-ից դուրս եւ ըստ այդմ` ռուս-թուրքական խաղի շահառո՞ւ, թե՞ ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանից էականորեն կախված:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՄԱՍՏԱՐԱՅՈՒՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՎԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչները պայքարում են հավերի, ճտերի անկման դեպքերի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թալինի տարածաշրջանի գյուղերում արդեն տեւական ժամանակ է` հավերի, ճտերի, հնդկահավերի մասսայական անկման դեպքեր են գրանցվել: Ըստ ֆերմերների` նախնական տվյալներով հավերը անկում են ժանտախտ հիվանդությունից:

ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանի խոսքերով` իրենց գյուղում այս օրերին գրանցվել է շուրջ 300 հավի, ճտի անկման դեպք: «Մի քանի ընտանիքի ունեցած հավերն ու ճտերն են սատկել: Նախնական տվյալներով` հավերը սատկում են ինչ-որ կոկորդային, շնչառական օրգանների հետ կապված հիվանդությունից: Հիմա գյուղում մեր անասնաբույժը ժանտախտի դեմ սրսկումներ է անում»,- տեղեկացրեց Մաստարայի գյուղապետը: Զրույցի ընթացքում գյուղապետը փոխանցեց նաեւ, որ անասնաբույժը երեք անկած հավ է տարել լաբորատորիա` փորձաքննության: «Հինգ աշխատանքային օր հետո միայն մեզ կասեն, թե ինչն է հավերի սատկելու պատճառը: Այս պահի դրությամբ վիճակը հանգիստ է: Մենք երբեւէ ուրիշ հիվանդությունների դեմ հավերին չենք սրսկել, իսկ ժանտախտի դեմ հավերը պատվաստվել են միայն պետական աջակցության ծրագրի շրջանակներում: Ախր, մեր գյուղ տարբեր տեղերից բերում են հավ, ճուտ են վաճառում, իսկ մարդիկ էլ թուղթ չեն պահանջում, որ իմանան` հավը հիվանդ է, թե ոչ, բայց մեծ քանակությամբ գնում են: Ինչ իմանաս` ում բերածից հիվանդությունը մտավ գյուղ»,- նկատեց Սարգիս Ավետիսյանը: Նա ափսոսանքով նշեց, որ Մաստարայի բնակիչներից մեկը այս տարի մեծ թվով հավ է գնել, որ ձուն վաճառի, բայց հիվանդությունից 200 հատ հավ սատկել է:
Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից պնդում են, որ ՍԱՊԾ-ում ՀՀ մարզերում հավերի զանգվածային անկման դեպքերի հետ կապված ահազանգ չի եղել: Ըստ ՍԱՊԾ-ի` հինգ օր առաջ անկման դեպք է գրանցվել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Մաստարա համայնքում: ՍԱՊԾ տեսուչներն այցելել են, նմուշառում կատարել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության: Պատասխաններն առաջիկա մի քանի օրվա մեջ պատրաստ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՍԱՊԾ-ից տեղեկացավ նաեւ, որ այս պահին թռչունների կեղծ ժանտախտի դեմ պետպատվերի շրջանակներում ՀՀ մի քանի մարզերում պատվաստումներն ավարտվել են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԴԱՀԼԻՃՆԵՐԸ ՝ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ
Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Էրիկա Սեւանյանը կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ասաց, որ 1988 թվականի երկրաշարժից իրենց դպրոցի շենքը վնասվել է: Դրանից հետո դպրոցի շենքը կառուցապատվել է, սակայն դպրոցի մարզադահլիճը եւ հանդիսությունների սրահը չեն վերականգնել: Դպրոցի տնօրենի խոսքերով` դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դպրոցի միջանցքում, սալիկապատ հատակի վրա, ինչի պատճառով աշակերտները կարող են մարմնական վնասվածքներ ստանալ, տուժել: Ըստ նրա` դպրոցի մարզադահլիճը վերականգնելու համար ծրագիր են ներկայացրել, 25 միլիոն դրամ է պահանջվում այն հիմնանորոգելու համար: Նախարար Հարությունյանը կասկած հայտնեց, որ 25 միլիոն դրամով հնարավոր է այդ աշխատանքներն իրականացնել: Նախարարը խորհրդակցության մասնակից Տավուշի մարզի դպրոցների տնօրեններին ասաց՝ թող ձեռք բարձրացնեն այն դպրոցների տնօրենները, որոնց ղեկավարած դպրոցների մարզադահլիճը վատ վիճակում է: Ավելի քան երկու տասնյակ դպրոցների տնօրեններ բարձրացրին ձեռքերը:

 

 

12 ՏԱՐԻ
1988թ. ծնված Հրանտ Անանյանը մեղադրվում է այն բանում, որ 2017թ. հուլիսի 5-ին` ժամը 22.20-ի սահմաններում, Բերդ քաղաքի Հայ Նահապետի փողոցում, «Միջի Աղբյուր» պուրակի դիմացի հատվածում կայանած, Դավիթ Բադալյանին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քննությամբ չպարզված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Դավիթ Բադալյանի որովայնի շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը կարող էր լինել նրանց միջեւ գումարային չլուծված խնդիրը: Դ. Բադալյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է: Հ. Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Նախկինում 2 անգամ՝ ավազակային հարձակման եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով դատված Հ. Անանյանը կալանավորված է. գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: 2018թ. օգոստոսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Հ. Անանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՎՈՒՇ




Լրահոս