Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին ջրի սակագնի բարձրացման որոշման դիմաց «Վեոլիա ջուր» ընկերության կողմից կաշառելու կապակցությամբ:
Հիմա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձեր է անում հերքել ՀՀ ոստիկանության հայտարարությունը` ջրի սակագնի բարձրացման համար «Վեոլիա ջուրը» որպես կաշառք ՀԾԿՀ նախագահի (խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի մասին է) ու պաշտոնատար անձանց համար ավիատոմսեր է գնել, փոխանցել է հյուրանոցի ծախսը:
Մինչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտացածին է համարում ՀԾԿՀ ներկայացուցիչների` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը, այս ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, թե այդ կառույցների անդամները առհասարակ որքան աշխատավարձ են ստանում եւ ինչ ունեցվածք ունեն:
Հայաստանում սովորաբար պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման պատճառ բերվում է կոռուպցիայի կանխման եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ջանքերը: Մինչդեռ այլ երկրներում տեսակետ կա, որ բարձր աշխատավարձը կաշառակերության գինը մեծացնում է, իսկ աշխատավարձի չափը սահմանվում է ըստ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության: Եթե աշխատանքի արդյունավետությունը ցածր է, ապա կստանա ցածր աշխատավարձ: Բայց մեզ մոտ հակառակ երեույթն է. ՀԾԿՀ անդամների ամսական աշխատավարձը մինչեւ 1 մլն դրամ է կազմում: Ու չնայած այդ հանգամանքին, նրանց անունը, միեւնույն է, շրջանառվում է կոռուպցիոն գործարքների համատեքստում:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Հանձնաժողովի անդամների դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը: Սկսենք հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանից, ով այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա մայիսին: 46-ամյա Սողոմոնյանը պետական պաշտոն զբաղեցրել է 1999 թվականից սկսած, առաջատար մասնագետից: Ըստ պաշտոնական հայտարարագրի` ունի «NISSAN PATHFINDER 3.5» մակնիշի ավտոմեքենա, տուն չունի: Համենայնդեպս այդպես նշված է հայտարարագրում: Այս պաշտոնյայի դրամական միջոցը անցած տարեվերջին կազմել է 150 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 902 հազար դրամ, ստացած միանվագ վճարը` 1 մլն դրամի եւ փոխառությունը` 2 մլն 349 հազար դրամի չափով: Նրա կնոջ` Տաթեւիկ Խաչատրյանի դրամական միջոցը կազմել է 145 հազար դոլար: Եւ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը` ամսական 52 հազար դրամ: Թե ինչպես եւ որքան ժամկետում են հասցրել այսքան դոլարներ կուտակել, մեղմ ասած, պարզ չէ:
Հանձնաժողովի մյուս անդամի` Արմեն Բաղդասարյանի հայտարարագիրը եւս ուշագրավ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա անցած տարում 28 մլն դրամով բնակարան է գնել եւ այն ձեւակերպել որպես նվիրատվություն: Բաղդասարյանն ունի 700 հազար դրամի չափով դրամական միջոց եւ 20 հազար եվրո: Նրա փոխառությունը անցած տարեվերջին կազմել է 23 հազար դոլար, որից 804 դոլարի չափով տոկոս է ստացել: Որպես եկամուտ Բաղդասարյանը հայտարարագրել է աշխատավարձը` ամսական 740 հազար դրամ:
Նրա կնոջ` Ադելաիդա Բաղդասարյանի փոխառությունը անցած տարվա վերջին կազմել է 10 հազար դոլար, 3 մլն դրամ: Դրամական միջոցների մասով եւս խեղճ չէ. ունի 12.8 մլն դրամի, 25 հազար դոլարի չափով դրամական միջոց: Պարզվում է` Բաղդասարյանի կինը ավելի աշխատասեր է, քան ամուսինը: Այսպես` Ադելաիդա Բաղդասարյանը որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը, որն ամսական կազմում է 1 մլն 255 հազար դրամ եւ 450 դոլար: Բացի այս` նա մեկ ընկերությունից ստացել է մոտ 9 մլն դրամի չափով շահաբաժին եւ 1 մլն 810 հազար դրամի «այլ եկամուտ»:
ՀԾԿՀ մյուս` բարձր աշխատավարձով անդամներից Մուշեղ Կոշեցյանն ընդամենը ունի 25 հազար դոլարի չափով դրամական միջոց: Ամսական աշխատավարձը կազմել է 867 հազար դրամ: Նրա կնոջ` Քաղցրիկ Կոշեցյանի դրամական միջոցը 10 հազար դոլար է կազմել, իսկ ամսական աշխատավարձը` 41 հազար դրամ:
Երկար տարիներ պետական պաշտոն զբաղեցրած ՀԾԿՀ մյուս անդամը` Արթուր Վարդանյանը, ամսական ստանում է 940 հազար դրամ աշխատավարձ: Նրա դրամական միջոցը անցած տարեվերջին կազմել է 24 հազար դոլար: Վարդանյանի կինը` Իրինա Դարբինյանը, ունի 9500 դոլարի չափով դրամական միջոց: Բացի այս` ամսական ստանում է 213 հազար դրամ աշխատավարձ:
Տեղեկացնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության` «Վեոլիա Ջուր» ընկերությունը իբր կաշառել է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Տեղեկացնենք, որ 2018-ի հուլիսի 1-ին լրացել է Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը, նա վայր է դրել իր լիազորությունները: Բայց հաշվի առնելով ոստիկանության հայտարարությունը` «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի նաեւ նրա դրամական միջոցներն ու ունեցվածքը: Այսպես` Ռոբերտ Նազարյանը պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նշել է, որ ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, անհատական բնակելի մեկ տուն, «Infiniti EX 35» մակնիշի մեկ ավտոմեքենա: Բացի այս` նրա փոխառությունը կազմել է 146 հազար 500 դոլար, իսկ դրամական միջոցը` 8.2 մլն դրամ: Նազարյանը որպես եկամուտ հայտարարագրել էր աշխատավարձը` ամսական 707 հազար դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը` 3809 դոլարը: Բայց ոչ մի խոսք Չեխիայում բիզնես եւ սեփականություն ունենալու մասին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՆԱՑԵԼ Է
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքով` անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավականին բացասական է ընկալվել, սակայն դա այդպես չէ: Ըստ նրա` դա լավ առաջարկ է, բայց մի պայմանով. «Այդ դատարանները պետք է գործեն իրավական պետության շրջանակներում` օրենքի գերակայություն նույնիսկ պետության նկատմամբ, իշխանության երեք ճյուղերի տարանջատում: Սրանք իրավական պետության հիմնական ցուցիչներն են, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,-պարզաբանել է Շիրինյանը` հավելելով, որ բոլոր երեք նախագահներն այդ սկզբունքի ներքո են եղել, սակայն դրա հետ մեկտեղ պայքարել են դրա իրականացման դեմ:
Քաղաքագետը նշել է նաեւ, որ ՀՀ ներկա իշխանությունները պետք է այդ դատարաններում ապահովեն բարձրորակ կադրեր, քանի որ ՀՀ իրավական համակարգը շատ է հնացել: «Դուք գիտեք գոնե մեկ ներկայացուցիչ ՀՀ իրավական մարմնում, որն աղքատ է եւ ապրում է միայն աշխատավարձով: Դատավորը մինչեւ թոշակի գնալն այնպիսի աշխատավարձ է ստանում, որի մասին կարող են երազել նույնիսկ ակադեմիկոսները»,-նշել է Շիրինյանը: