Տեւական ժամանակ է՝ ազգային, ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանն էկրաններին չի երեւում: Նա նաեւ խուսափում է տալ հարցազրուցներ, սակայն մեր դեպքում բացառություն է արել: Համլետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է իր «անհետանալու» պատճառին, խոսել է թավշյա հեղափոխության արդյունքում իր կայացրած կարեւոր որոշման եւ ներկայիս կառավարությանը վստահության քվե տալու մասին: Նա նշել է նաեւ, թե երգարվեստի ոլորտում ինչին պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի ներկայիս իշխանությունը:
-Համլե՛տ, հատկապես հեռուստադիտողներին հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք անհետացել էկրաններից: Նախկինում Ձեզ հաճախ էինք հանդիպում եթերում, հիմա՝ ոչ:
-Էկրաններին երեւալու համար պետք է առնվազն երկու ամիսը մեկ անգամ նոր տեսահոլովակ թողարկել, իսկ ես դրա հնարավորությունը չունեմ: Սա արդեն իսկ խոչընդոտ է: Ներդրումներ են պետք, որոնք, ի դեպ, իմ դեպքում մշտապես արդարացնում են իրենց, հնարավոր է լինում ետ բերել այդ գումարները: Ասեմ, որ ամեն դեպքում կենդանի կատարումներ ունենում եմ, համերգային ծրագրերով հանդես եմ գալիս սփյուռքի համար, մասնակցում եմ կոորպորատիվների եւ այլն:
-Հետեւու՞մ եք հայաստանյան ներքին քաղաքական կյանքին: Թավշյա հեղափոխությունից ի՞նչ տպավորություններ, ի՞նչ սպասելիքներ ունեք, դրանք արդարանո՞ւմ են:
-Իհարկե, հետեւում եմ մեր երկրում ծավալվող իրադարձություններին եւ մի ուշագրավ բան ասեմ: Նախքան հեղափոխությունը որոշել էի այս ամառ ընտանիքով մշտական բնակություն հաստատելու համար տեղափոխվել Մոսկվա, սակայն հեղափոխությունից հետո մտափոխվեցի եւ մնացի հայրենիքում, քանի որ իմ մեջ արթնացավ հույսը, որ Հայաստանում հնարավոր է ապագա ունենալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իմ զավակներին, որոնք շուտով կանգնելու են մասնագիտական ընտրության առաջ: Հիմա ես վստահ եմ, որ նրանց ապագան ապահովված է Հայաստանում:
-Այսինքն՝ վստահո՞ւմ եք ներկայիս կառավարությանը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
-Իհարկե, վստահում եմ եւ համոզված եմ, որ հիմա արդեն իմ, Ձեր գրպանին դիպչող չի լինի: Սա ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որն արդեն համարում եմ լուծված: Կոռուպցիան աստիճանաբար կզիջի իր դիրքերը, արդեն նկատում եմ, որ խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումն էլ ակտուալ չէ: Շատ խնդիրներ հնարավոր է լուծել առանց զանգի: Ժողովրդի եւ իշխանության միջեւ հաստատված է պարզից էլ պարզ մի կապ: Նախկինում մենք կերազեինք ունենալ վարչապետ, որն անձամբ կմտներ շուկա, որպեսզի ծանոթանար մթերքների գներին: Եվ սա բնավ շոու չէ: Վարչապետն անձամբ մտահոգված է եւ տեղյակ է ոլորտի խնդիրներից, նրան չեն կարող այս կամ այն հարցում թյուրիմացաբար խաբել:
-Համլե՛տ, իսկ երգարվեստի ոլորտն ի՞նչ փոփոխությունների կարիք ունի: Այստեղ ինչի՞ն պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել:
-Երգարվեստում ինչ փոխվում է՝ փոխվում է, ինչ ոչ՝ ոչ: Ես կուզենամ ամեն բան իր տեղն ընկնի՝ բեմը մնա բեմ, քեֆը՝ քեֆ, ռեստորանը՝ ռեստորան: Կողմ եմ, որ ռեստորաններում հնչի 6/8, բայց այն չպետք է անընդհատ պրոպագանդվի եթերում: Հարկավոր է զարկ տալ ազգային, ժողովրդական երգի պրոպագանդմանը, եւ սա կարող է անել միայն պետականամետ իշխանությունը, իսկ այսօրվա իշխանությունն, ըստ իս, հենց այդպիսին է: Այն, ինչ վարչապետն անում է, հենց այդպիսի մոտեցման արդյունք է: Այնպես որ, հույսով սպասում ենք փոփոխությունների նաեւ այս ոլորտում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԴԵ ԹՈՂ «ԱԲԻԺՆԻԿՆԵՐԸ» ՄԻ ԼԱՎ ԳՈՐԾ ԱՆԵՆ»
«Մինչեւ դեկտեմբեր երկրպագուներիս կներկայացնեմ նոր տեսահոլովակ, նաեւ հանդես կգամ ակումբային համերգով, բացի այդ՝ կփորձեմ ելույթ ունենալ ավելի մեծ դահլիճում: Ունեմ նաեւ համերգներ արտերկրում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ խոսելով իր գործնական նորությունների մասին:
Մենք երգչուհու հետ շոշափեցինք նաեւ քաղաքական թեմաներ: Նա, ամփոփելով կառավարության գործունեության 100 օրը, տեսակետ հայտնեց, որ ամեն բան մեր երկրում դեպի լավն է գնում. «Սա միայն իմ կարծիքը չէ, այլեւ իմ շրջապատի: Եթե վստահել ենք այս կառավարությանը, պետք է մինչեւ վերջ նրա կողքին լինենք: Ուրախ եմ, որ սպասելիքներս աստիճանաբար իրականանում են: Ես լավատես մարդ եմ եւ կարծում եմ, որ ամեն լավ բան դեռ առջեւում է»,-ասաց Սոնան:
Նա անդրադարձավ այն մարդկանց, որոնք ասում են, թե Փաշինյանի վարչապետության օրոք ոչ մի դրական տեղաշարժ չի եղել. «Դրանք «աբիժնիկներ են», դե, եթե կարող են, թող իրենք մի լավ գործ անեն»,-մեկնաբանեց երգչուհին:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն, Սոնան պատասխանեց. «Կուզենամ՝ լավ մարդիկ վերադառնան քաղաքականություն: Ես քաղաքագետ չեմ, որ Ձեզ հետ նման հարցեր քննարկեմ, բայց որպես քաղաքացի` կողմնակից եմ ազնիվ եւ իրենց քրտինքով հաց վստակած գործիչների վերադարձին, որպեսզի Հայաստանը ծաղկի, ոչ թե հակառակը»:
Սոնան նկատեց, որ 100 օրում 20 տարվա խնդիրները հնարավոր չէ լուծել, բայց այն, որ մարդկանց դեմքերին վերադարձել է ժպիտը, արդեն իսկ մեծ ձեռքբերում է. «Բնականաբար, իմ ուզածն այն է, որ ժողովուրդս լավ ապրի, այլ ակնկալիքներ ես չունեմ»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի երգչուհին Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին. «Հայկին որպես լավ, համեստ ու լուրջ մարդ հարգում եւ սիրում եմ, կարծում եմ՝ արդար մարդ է եւ կմտածի մեր քաղաքի մասին, իսկ նրա դերասան լինելն ամենեւին էլ խոչընդոտ չէ, որպեսզի մուտք գործի քաղաքականություն»,-եզրափակեց Սոնան:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է հեռացվել, եթե իր թիմը պարտվի ԱՊԼ-ի 4-րդ տուրի` «Բարնլի»-ի հետ խաղում: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշրջանի մեկնարկում անցկացրած երեք խաղից երկուսում պարտվել է: ԱՊԼ-ի 2-րդ տուրում մանկունիացիները հյուրընկալվելիս զիջել են «Բրայթոն»-ին, իսկ հետո ջախջախիչ հաշվով պարտվել «Տոտենհեմ»-ին: Մոուրինյուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ուժի մեջ է մինչեւ 2019 թվականին: Աղբյուրի փոխանցմամբ` պաշտոնանկության դեպքում ակումբը պորտուգալացի մասնագետին 13 մլն եվրո կվճարի` պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:
75-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Իտալական Լիդո կղզում բացվել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցել է 21 ֆիլմ, իսկ միջազգային ժյուրին գլխավորել է մեքսիկացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Գիլյերմո Դել Տորոն: Փառատոնը բացել է ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» ֆիլմը: Բացի Գիլյերմո Դել Տորոյից` մրցույթի ժյուրիի կազմում եղել են դերասանուհի Նաոմի Ուոթսը, դերասան եւ ռեժիսոր Կրիստոֆ Վալցը, ռեժիսոր, դերասան եւ սցենարիստ Տայկա Վայտիտին, ռեժիսոր եւ սցենարիստ Պաոլո Ջենովեզեն, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Մալգոժատա Շումովսկայան եւ այլք:
Նշենք, որ կինոփառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Վենետիկի կինոփառատոնն աշխարհի ամենահին միջազգային կինոփառատոնն է, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին` Լիդո կղզում: Առաջին անգամ այն անցկացվել է 1932թ. օգոստոսի 6-21-ը: