ԱՆՈՒՆ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ՄՐՑԱՎԱԶՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է, որ իրավապահ համակարգը մրցավազքի մեջ է մտել, թե հարուցված այս կամ այն քրեական գործի շրջանակներում իրենցից ո՞վ ավելի հնչեղ անուն կտա` կասկածի սլաքներն ուղղելով այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմը: Օրինակ` Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել առեւտրային բանկերից մեկի՝ առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին` տեղեկացնելով, որ գործարարի գույքն առանց նրա իմացության օտարելուն առնչություն ունեցած անձանց թվում նշվել է նաեւ Սերժ Սարգսյանի անունը: Նախօրեին էլ նրանք հաղորդագրություն էին տարածել, թե վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձ մատնանշվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ: «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանն ապօրինաբար խոչընդոտելու, խարդախության կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին հաղորդագրության մեջ էլ նշված էր, թե ՍՊԸ ընկերության հիմնադիրը եւ այլ վկաներ իրենց ցուցմունքներում չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները։ Այսկերպ վարվել են նաեւ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը: Ու կարելի է ենթադրել՝ նախկին պաշտոնյաների անունները հրապարակվում են` ցույց տալու համար, որ իրենք աշխատում են: Միայն թե, նկատենք, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների արարքները դեռ չեն հիմնավորվել, նրանց նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել, բայց արդեն անունները մատնանշված են քրեական գործի մասին հաղորդագրություններում: Սա, թերեւս, անթույլատրելի է, եւ իրենց շահերից չի բխում: Այլ բան, եթե բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրված լիներ, այդ դեպքում նախաքննական մարմնի քայլը կարելի էր հասկանալ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ: Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»: Սարգսյանից հետաքրքրվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի անդամների ձերբակալությունների կապակցությամբ, նաեւ իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, եւ որ իբր ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից:

 

 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանն պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները լրացնելիս` ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»: Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, եւ նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր: Նշենք, որ Ասատրյանն անկուսակցական է: Մինչեւ փոխնախարար դառնալը նա եղել է Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի դասընթացավար, «Արմէկտիվ» երիտասարդական կենտրոնի գործադիր տնօրեն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներն այս օրերին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներից պահանջում են տրամադրել այն բոլոր կալանավորների եւ դատապարտյալների ցանկը, որոնք դիմումներ են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը՝ պահանջելով հանդիպում իրենց գործով դատախազների կամ ՔԿ հիմնարկում համապատասխան վերահսկողություն իրականացնող դատախազների հետ` իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերով լուծում տալու համար: Դատախազությունն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ երկու դատապարտյալ բազմաթիվ բողոքներից հետո ինքնասպանություն գործեց: Եւ հիմա նրանք նպատակ ունեն կանխելու ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձերը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում պարբերաբար պահվող անձանց ընդունելություն է կազմակերպվում նրանց բարձրացրած իրավական բնույթի հարցերին, խնդիրներին ծանոթանալու եւ հնարավորության դեպքում դատախազության իրավասությունների սահմաններում լուծումներ գտնելու նպատակով:

 

 

 

ԱԴԱՊՏԱՑԻԱՅԻ ԱՎԱՐՏԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների համար այլեւս խաղի նոր պայմաններ է սահմանում: Այդպես կարելի է գնահատել կառավարության երեկվա նիստում նրա հնչեցրած հայտարարությունները ադապտացիոն շրջանի ավարտի ու այլեւս բարեփոխումների լայնածավալ գործողություններով զբաղվելու մասին: «Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, եւ առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական եւ քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք եւ ալիք կբերեն Հայաստան: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները»,- ասել է Փաշինյանը:
Եթե հիշում եք` վարչապետը հուլիսի 20-ի ասուլիսի ժամանակ խոսել էր իր վարած կադրային քաղաքականության մասին` ընդգծելով, որ ե՛ւ հին, ե՛ւ նոր պաշտոնյաների մոտ ադապտացիայի շրջան է: «Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, ընդ որում, սա վերաբերում է բոլորին: Այս ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այլ գործելակերպի, աշխատաոճի, նպատակի, ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն»,- նշել էր Փաշինյանը:
Հիմա, փաստորեն, կառավարության նիստում ազդարարելով ադապտացիոն շրջանն ավարտված, Փաշինյանը հատկապես կադրային քաղաքականության հարցերում իրավունք է ստանում դիմելու կտրուկ գործողությունների: Ակնհայտ է, որ իշխանության ներսում շատերը դեռ չեն ադապտացվել նոր իրողություններին` այդպես փորձելով խոչընդոտ հանդիսանալ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Խոսքը ե՛ւ հին, ե՛ւ հատկապես նորանշանակ կադրերի մասին է: Այնպես որ, երեկվա հայտարարություններից հետո Փաշինյանին իսկապես լուրջ գործ է սպասվում` նախ եւ առաջ թիմը կարգի բերելու առումով: Հակառակ դեպքում կառավարությունը կհայտնվի աննախանձելի վիճակում: Ի վերջո, հասարակությանը չես կարող երկար պահել հեղափոխական ալիքի վրա բարձրացած էյֆորիայով: Ոչ էլ հասարակությունը երկար ժամանակ կհանդուրժի համացանցում իշխանության նոր ներկայացուցիչների PR ակցիաները: Ինչ-որ պահից պետք են լինելու շոշափելի արդյունքներ: Իսկ շոշափելի արդյունքներ ունենալու համար պետք է նաեւ լուրջ, պատրաստված թիմ:




Լրահոս