ԿՊԱՏԺՎԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՏՎՈՂԸ, ԱՅԼԵՎ ՍՏԱՑՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը քրեականացնում է ե՛ւ ընտրակաշառք տալը, ե՛ւ վերցնելը: Կառավարության երեկվա նիստում ՀՀ քրեական օրենսգրքում այդ նպատակով առաջարկված փոփոխությունները բավական մանրամասն քննարկվեցին, եւ առաջիկայում այն կներկայացվի խորհրդարանի դատին:

Այս փոփոխությամբ մասնավորապես նախատեսվում է խստացնել ընտրակաշառքի համար պատասխանատվությունը, եւ դրա համար արդեն կնախատեսվի ոչ միայն տուգանքի ձեւով պատիժ, այլեւ որոշակի ժամկետով ազատազրկում:
Ընտրակաշառք չի դիտվի նախընտրական շրջանակում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ, կրակայրիչներ եւ այլն: Նույնիսկ առաջարկվում էր այդ նպատակով սահմանել տրվող քարոզչական նյութի որոշակի արժեքային շեմ՝ 3 հազար դրամ: Սակայն այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու եւ կուսակցության նշանով բաժանելու համար: Ձեւակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը»:
Այս հարցը երկար քննարկվեց կառավարությունում, մի շարք անհամաձայնություններ եղան, որի վերաբերյալ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, թե կուսումնասիրեն եւ այնպես կներկայացնեն խորհրդարանին, որ տարընթերցումների տեղիք չտա: Հատկանշական է, որ այս փոփոխությունները կատարվում են Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ եւ շատ կարեւոր կլինեն նաեւ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին:
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Մասնավորապես խմբագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածը եւ առաջարկվում է այն ձեւակերպել հետեւյալ կերպ. «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»։ Դեռեւս գործող Քրեական օրենսգրքում ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մասին խոսք չկա, եւ այս առումով խորհրդարանում երկար ժամանակ բուռն քննարկումներ տիրեց, երբ ԲՀԿ-ն դա համարում էր քայլ` ուղղված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Գործող օրենսդրական կարգավորումներով բարեգործության անվան տակ ընտրողներին ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ տալու համար ընդամենը վարչական պատասխանատվության էին ենթարկում։
Այսպես, ըստ նախագծի` թեկնածուներից, կուսակցություններից կամ դաշինքներից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ կամ լինելու է տուգանք 500-700 հազար դրամի սահմաններում, կամ կալանք:
Հոդվածը նաեւ առաջարկվում է ընդլայնել, եւ եթե գործող Քրեական օրենսգրքում այն ունի 3 մաս, ապա առաջարկվում է դրանք դարձնել 5-ը։
Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով:
Առաջարկվում է նաեւ մեկ այլ բան, որը նորություն է. մասնավորապես. ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքների կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների տալը, ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-ից 6 տարի ժամկետով:
Ինչպես գործող Քրեական օրենսգրքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններով՝ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Նկատենք, սակայն, մեկ կարեւոր փաստ. անկախ օրենսդրական այս խստացումներից, եթե իշխանություններն ուզեն անցկացնել իրապես ազատ եւ արդար ընտրություններ, եթե ուզեն բացառել ընտրակաշառքը, ապա այդպես կլինի, որովհետեւ ՀՀԿ օրոք գումարը բաժանողն ու այդ արատավոր երեւույթի դեմ պայքարողը նույն իշխանությունն էր, որը չուներ հասարակության աջակցությունը եւ վախենում էր՝ քվեարկության արդյունքում ստիպված լինի հեռանալ պետական լծակներից: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, Փաշինյանի կառավարությունը վայելում է ժողովրդի վստահությունը եւ իրապես պատրաստվում է վերջ դնել ընտրակեղծիքներին` անցկացնելով ազատ եւ արդար ընտրություններ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԱԿՈՒՆՑՆ ԷԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ավելի վաղ ՔՊ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հետաքրքիր է, սակայն, որ Մշակույթի նախարարության կայքում Լիլիթ Մակունցի կենսագրական տվյալների դիմաց արդեն իսկ մատնանշված է նրա կուսակցական պատկանելիության մասին, իսկ կառավարության կայքում նա շարունակում է անկուսակցական համարվել: Ի դեպ, եթե հիշում եք` ժամանակին նման տենդենց նկատվում էր նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ նրա հետ պատշոն ստացած անկուսակցականները դարձան ՀՀԿ-ականներ:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՓՈԽՎԵՑ
Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց փոխել Երեւանի հիմնադրման 2800-ամյակը նշելու օրը: Նախապես այն որոշված էր նշել սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Ինչպես հայտնի է` մշտապես այս տոնը նշվում էր հոկտեմբերին, սակայն այս անգամ փոփոխվել էր` հաշվի առնելով հոկտեմբերին սպասվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Սակայն երեկ կրկին որոշում կայացվեց օրը փոխել եւ այն նշել արդեն հոկտեմբերի 20-21-ին՝ գագաթնաժողովից հետո: «Ժողովուրդ» օրաթեթի աղբյուրները, սակայն, համոզված են, որ Երեւանի տոնը հոկտեմբերին նշելու պատճառներն ավելի խորն են. նոր իշխանությունները չեն ցանկանում Երեւանի հիմնադրման 2800-ամյակը նշել առանց քաղաքապետ: Սեպտեմբերի 23-ին անցկացվող ընտրությունները հնարավորություն չեն տալիս սեպտեմբերի վերջին ունենալ քաղաքապետ, քանի որ ավագանին կարող է իր կազմից քաղաքապետ ընտրել միայն ընտրություններից տասն օր անց: Մինչդեռ հիմա, երբ Երեւանի օրը նշվի հոկտեմբերի վերջին, այդ խնդիրը կարգավորված կլինի:

 

 

ԽՈՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՃԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը գյուղապետերից պահանջել էր հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները եւ վերջնաժամկետ էր սահմանել մինչեւ օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում սպառնացել էր սկսել անվստահության գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոխմարզպետից հետաքրքրվեց` արդյոք իր հանձնարարականը կատարվել է: «Աշխատանքային գործընթացի մեջ է: Եղել է նախարարի հանձնարարական` միջոցներ ձեռնարկել, թե որ համայնքներում կան սեփական եկամուտների հավաքագրման ցածր տեմպեր, զրուցել համայնքապետերի հետ, որպեսզի իրավիճակը շտկվի: Բնականաբար, եթե վերաբերում է հավաքագրմանը, ապա դա մեկ օրվա գործ չէ, բայց ունեցել ենք փաստացի աճի տեմպ»,- ասաց նա: Ի դեպ, տեղեկացնենք, որ փոխմարզպետի եւ գյուղապետերի միջեւ տեղի ունեցած խորհրդակցությունից առաջ սեփական եկամուտների հավաքագրման խնդիր ունեցել է մոտավոր 25 համայնք, իսկ հիմա մեկ-երկու համայնք է մնացել, որ թերակատարել է բյուջեն:

 

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է
Սահմանադրական կարգը տապալելու համար մեղարդվող Ռոբերտ Քոչարյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ձեւակերպմամբ, իրեն նույնացնում է պետության հետ: Դիտարկմանը, թե Ռ. Քոչարյանի հիմնական հակափաստարկն այն է, որ, լինելով երկրի նախագահն ու Սահմանադրության երաշխավորը, ինքը չէր կարող տապալել սեփական կարգը, ՀՔԾ-ի պետը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ այս դեպքում, որը, կարծում եմ, ճիշտ չէ»: Իսկ այն դիտարկմանը, թե Քոչարյանի մյուս հակափաստարկն այն է, որ քննչական մարմինը այդպես էլ չի բացահայտում սպանությունները, եւ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հարուցված գործը որեւէ կապ չունի 10 զոհերի հետ, Խաչատրյանն արձագանքել է. «Դա թողնում եմ ձեր գնահատմանը` մեր գործը տասը զոհերի հետ կապ ունի, թե չունի: Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, վարույթը մեկ միասնական վարույթ է: Ես ասում եմ` ամեն ինչ արվել է եւ արվելու է, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով, բացահայտվի»,-ամփոփոլ է ՀՔԾ պետը:

 

 

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԳՈՐԾԵՐ
Մեր կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է: Հիմա պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործերով: Կառավարության նիստի սկզբին նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը` հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նոր կառավարման համակարգ ունենք, որը պատմականորեն կոչվում է ուղիղ-ժողովրդավարություն եւ այս տրամաբանությունից պետք է բխի քայլերը: «Մյուս շաբաթվանից կարող ենք հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկխոսությունը սկսել հանրության հետ, եւ մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, ընկալում ձեւավորելը: Եվ բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն եւ հաջողություն»,-ասել է նա:




Լրահոս