Նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Բայց եւ անորոշ է` ընտրություններից հետո այն կշարունակվի, թե ոչ: Մինչդեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը համայնքների խոշորացումը մտադիր էր ավարտել 2018 թվականին:
Անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով խոշորացվեց համայնքների կեսից ավելին. 465 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 52 համայնք: Այս պահին հանրապետության համայնքների ընդհանուր թիվը 502 է: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ավարտվել էր համայնքների խոշորացումը: Սակայն ըստ մասնագետների` նոր ձեւավորված գյուղերը անհամաչափ են եղել: Եթե Վայոց ձորի 44 համայնքի միավորումից ձեւավորվել է 8 համայնք, ապա Սյունիքի մարզի 113 համայնքի միավորումից կազմավորվել է դարձյալ 8-ը: Ի դեպ, Մալիշկան չի ենթարկվել խոշորացման, այլ կերպ ասած` չի միավորվել որեւէ այլ գյուղի հետ: ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում եւս նոյեմբերի 5-ի ընտրություններով խոշորացման գործընթացն ավարտվել է, 48 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 4 համայնք: Վերականգնվել է նախկին Ապարանի շրջանը` 21 գյուղերով, Թալինի շրջանի գյուղերն առանձին միավորում են կազմել: Մարզի եզդիաբնակ 11 գյուղերը միավորվել են Ալագյազ համայնքային կենտրոնի շուրջ: Իսկ ահա հայաբնակ Մելիք գյուղը ոչ մի համայնքի հետ այդպես էլ չմիավորվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից տեղեկացավ, որ մեր երկրում չխոշորացված համայնքների թիվը 450-ն է: Ըստ պլանավորվածի` խոշորացման գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականին: Բայց ըստ որոշ տեղեկությունների` խորհրդարանական ընտրությունների ֆոնին համայնքների խոշորացման ծրագիրը անորոշ ժամկետով կասեցվել է, որպեսզի մեղմեն բնակիչների դժգոհությունը: Չէ որ այս ծրագիրը մարզի բնակիչների կողմից այդքան էլ ոգեւորությամբ չի ընդունվել: Ավելին` համայնքների խոշորացման ծրագրի երկրորդ փուլը քննադատեցին բոլոր նրանք, ովքեր կողմ էին գաղափարին, բայց մեկ վերապահումներ ունեին իրականացման մեթոդների հետ կապված: Կհիշեք` սկզբնական շրջանում անգամ բողոքի ակցիաներ իրականացվեցին ընդդեմ այս ծրագրի: Բայց մյուս կողմից` գործադիրը միջազգային պարտավորություններ ունի այդ ծրագրերի շարունակականության հարցում: Այս պահին դեռ հստակ չէ, թե կոնկրետ երբ կշարունակվի այս ծրագիրը:
ՀՀ տարածքային կառվարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառվարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի համոզմամբ` ծրագիրը, այնուամենայնիվ, կշարունակվի խորհրդարանական ընտրություններից հետո: «Քանի որ բնակչության կողմից առկա են դժգոհություններ, այս պատճառով պետք է վերլուծվի, հասկանանք, որպեսզի սխալներ չգործենք: Որեւէ վարչատարածքային բարեփոխումներ, կարծում եմ, տեղի չի ունենա, քանի դեռ խորհրդարանական ընտրությունները չեն կայացել, նոր խորհրդարան չունենք: Վստահ եմ, որ այս ռեֆորմը կիսատ չի մնա, որովհետեւ համայնքների վարչատարաքծային միավորումները ինքնանպատակ չէ: Համայնքների միավորումը ենթադրում է նաեւ լիազորությունների ապակենտրոնացում»,- նկատեց Աշոտ Գիլոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` համայնքների խոշորացման այս ձեւը արդյո՞ք նպաստավոր պայմաններ ստեղծել է ՏԻՄ-երի տնտեսական զարգացման համար, Գիլոյանն արձագանքեց. «Համայնքների խոշորացումը տվեց կառավարման արդյունավետության բարձրացում, մրցակցային ավագանի, համայնքների ֆինանսական անկախություն, բացի այդ` խոշորացված համայնքների սեփական եկամուտները աճեցին»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՄԻԼԼԵՐԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ
Երեւանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները, նրանք, ովքեր բնակվում են «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից կառուցվող ուսումնամարզական կոմպլեքսի հարեւանությամբ, պատրաստվում են բողոքի նամակ հղել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Նշենք, որ Երեւան համայնքի ավագանու` 2015 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի 55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունները ուղղակի վաճառքի ձեւով օտարվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Ընկերությունը կառուցում է կրթական համալիր: Միայն թե այդ տարածքն օտարվել էր շատ ցածր գնով: Այն ժամանակ քաղաքապետարանը մեկնաբանում էր, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեծ ներդրումային ծրագիր է իրականացնելու: Ըստ այդմ, համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Այն կունենա նաեւ փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ: Նրանք պարտավորվել էին ստեղծել ավելի քան 236 աշխատատեղ: Ի դեպ, ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն դոլարին համարժեք դրամ:
«Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստումների համաձայն` այս տարածքում քաղաքապետարանի կողմից պետք է համայնքի բնակիչների համար պուրակ կառուցվեր: Ինչեւէ, մենք` համայնքի բնակիչներս, այդպես էլ պուրակի կառուցմանը ականատես չեղանք: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ թաղամասին ամենամոտ դպրոցը եւ մանկապարտեզը տեղակայված են այնքան հեռու, որ հաճախել պետք է միայն տրանսպորտային միջոցի օգնությամբ, որպես սփոփանք ստացանք նոր խոստում` ապահովել թաղամասի երեխաների անվճար ուսումը «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում եւ մանկապարտեզում: Առաջին հայացքից թվում էր հիանալի գաղափար, թաղամասի երեխաները հնարավորություն կստանային անվճար հաճախել բարձրակարգ դպրոց եւ մանկապարտեզ: Միակ անհանգստացնող փաստն այն էր, որ եւս 3 տարի բնակիչները պետք է շարունակեն ապրել շինարարական փոշու մեջ»,- նշված է բնակիչների` Միլլերին ուղղված նամակում:
Սակայն բնակիչները «Ուսումնական-սպորտային համալիրի» կառուցման ընթացքի, ինչպես նաեւ դպրոցի ու մանկապարտեզի ընդունելության կարգին ծանոթանալու ժամանակ պարզել են, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից հանրությանը որպես սոցիալական եւ բարեգործական ներկայացված ծրագիրը ընդամենը նոր բիզնես նախագիծ է: Ավելին` դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ, մանկապարտեզի դեպքում` մի քիչ պակաս:
Ըստ բնակիչների` իրենք հանդիսանում են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուներ եւ իրենց բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով: Բացի այդ` Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ, ստացվում է, որ այն հասանելի չի լինելու թաղամասի միջին աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքի համար: Նրանց կարծիքով` նախագծից կօգտվեն հասարակության այն խավի մարդիկ, ովքեր ունեն միջինից զգալի բարձր եկամուտ. «Հետեւաբար այս նախագիծը լինելու է հասարակության որոշ շերտերի համար ընդամենը վճարովի լավ կրթության այլընտրանքային հնարավորություն, որը չունի որեւէ սոցիալական բաղադրիչ: Արդյո՞ք դա է ենթադրում վերոնշյալ սոցիալական ծրագիրը,- ասում են բնակիչները եւ հավելում,-քանի դեռ ընկերության կողմից պաշտոնապես չի հրապարակվել ուսումնական հաստատությունների վճարովի լինելու փաստը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագիրը ի սկզբանե բնորոշված է եղել որպես սոցիալական, ինչպես նաեւ այն, որ համալիրի մերձակայքում առկա չէ որեւէ դպրոց եւ անվճար մանկապարտեզ, խնդրում ենք հնարավորություն ընձեռել թաղամասի երեխաներին անվճար հաճախել իրենց կողմից այսքան սպասված ուսումնական հաստատությունները: Ի վերջո, չինական դպրոցը բացվեց անվճար ի նշան հայ-չինական բարեկամության, գուցե փոխվեն վարձավճարի հանդեպ մոտեցումները ի նշան հայ-ռուսական բարեկամության»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞Վ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
Շիրակի պետական համալսարանում ձեւավորված Հոգաբարձուների նոր խորհուրդը գործի է անցել: Դեռ նախորդ շաբաթ խորհուրդը ձեւավորվեց, նախագահ ընտրվեց Լեւոն Բարսեղյանը: Այժմ Բարսեղյանն անցել է իր ծրագրերի իրականացմանը, որոնք, ըստ վերջինիս, միտված են ՇՊՀ-ի բարի համբավի վերակագնմանը:
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային հարցերից առաջնայինը ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունների առաջարկների քննարկումն ու հաստատումն էր: Ըստ գործող կանոնակարգի` ՇՊՀ ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան եւ առնվազն 10 տարվա կառավարման ոլորտի փորձ: Սակայն Բարսեղյանն առաջարկում է փոփոխություն կատարել. «Առաջարկում եմ դրույթը փոփոխել եւ սահմանել այսպես` ով ունի գիտական աստիճան ու վերջին 10-ը տարում 5 տարվա կառավարման ոլորտի կամ վարչական աշխատողի ստաժ ունի», -ասաց Լեւոն Բարսեղյանը:
Ռեկտորը պետք է ունենա գիտական աստիճան, բուհում դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա կառավարման ստաժ կամ 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ: Այս նախնական ձեւակերպման վրա ծավալվեցին քննարկումներ: Ոմանց կարծիքով` 10 տարվա կառավարման փորձի պահանջը սերնդափոխություն ապահովել չի կարող: Բացի դրանից` որքան խիստ լինեն ցենզերը, այդքան քիչ մարդիկ կդիմեն, հետեւաբար ընտրություն կատարելու լայն հնարավորություն չի լինի:
Քննարկումների եւ քվեարկությունների արդյունքում ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ ռեկտոր կարող է լինել այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 7 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:
Թե ովքեր են հավակնում զբաղեցնելու ՇՊՀ ռեկտորի աթոռը, տարակարծություններ կան: Օրինակ` շրջանառվում է նախկին ռեկտեր Սահակ Մինասյանի անունը: Լուրեր են տարածվել, որ վերջինս ուղիներ է որոնում բուհ վերադառնալու համար, այն պարագայում, երբ նրա հեռանալը ուսանողության պահանջն էր, ու այժմ նրա անվան հետ քրեական գործեր են կապված: Սահակ Մինասյանն այն հարցին` արդյո՞ք ծրագրում է բուհ վերադառնալ, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց. «Ես նման բան ո՛չ լսել եմ, ո՛չ կարդացել եմ, ո՛չ էլ հայտարարել եմ»:
ՇՊՀ ռեկտորը աթոռը զբաղեցնելու հեռահար ծրագրեր ուներ նաեւ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի դեմ հիմա քրեական գործ է հարուցվել յուրացումների համար, հայտարարվել է հետախուզում:
Այժմ ՇՊՀ ռեկտորի աթոռը ժամանակավոր պաշտոնակատարն է զբաղեցնում, առաջիկայում մրցույթ կհայտարարվի, դրան զուգահեռ էլ ընթացքի մեջ են հարուցված մի շարք քրեական գործերի քննությունները:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ