Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո բոլորն ուշադրության կենտրոնում էին պահում հնարավոր տնտեսական զարգացումները` բարձրաձայնելով ներդրողներ ներգրավելու, դրական սպասումներ ցույց տալու կարեւորությունը: Նոր կառավարության քննադատների կողմից մշտապես բարձրաձայնվում է, թե Նիկոլ Փաշինյանի թիմն այնքան էլ գլուխ չի հանում տնտեսությունից եւ չունի ծրագիր, ինչի պատճառով էլ հետընթաց է լինելու:
Նախ նկատենք, որ տնտեսության մեջ կարճաժամկետ էֆեկտներ չեն լինում, եւ տնտեսագիտական աքսիոմա է, որ տնտեսության մեջ արդյունքներն ամփոփվում են վեց եւ իննը ամիսների կտրվածքով, ինչը հնարավորություն է տալիս ամփոփել եւ գնահատել այդքան ամիսների կատարած աշխատանքը: Այլ կերպ ասած` նոր կառավարության գործունեությունը, որքան էլ լավ կամ վատ լինի, միանգամից չի ազդելու տնտեսության վրա, եւ դրանց իրական արդյունքները մենք կզգանք միան դեկտեմբերից սկսած: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ այս ամիսների ընթացքում նոր կառավարությունը դրական դաշտ ստեղծի, հուսալիության մթնոլորտ, քանի որ մշտապես բարձրաձայնվել է, որ ներդրողների համար ամենակարեւորն իրենց ներդրումների հուսալիությունն ու պաշտպանությունն է:
Սակայն միեւնույն ժամանակ չենք կարող միանշանակ ասել, թե նոր կառավարության աշխատանքը ներկայումս շատ քիչ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Ամեն դեպքում թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների: Այս հեղափոխությունը նաեւ ամեն դեպքում արագացրել է բազմաթիվ դրական զարգացումները` ավելացնելով վստահությունը նոր կառավարության հանդեպ: Եւ մասնագետների վկայությամբ թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի կասեցրել Հայաստանի տնտեսության աճի միտումը, այլեւ մեծապես բարձրացրել է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը: Այդ ամենն էլ տեսանելի եւ շոշափելի կլինի վերը նշված ժամկետներում:
Իհարկե, պետք է հասկանալ, թե երբ ՀՀ քաղաքացին կզգա տնտեսական աճի դրական հետեւանքը: Տնտեսագետներն ու մասնագետները ոչ մեկ անգամ ուշադրություն են դարձրել այն հանգամանքների վրա, որ տնտեսության` առայժմ գործող մոդելը թույլ չի տալիս երկրի քաղաքացիներին զգալու տնտեսական աճի դրական հետեւանքները: Ուստի պետք է փոխել, կատարելագործել տնտեսական մոդելը:
Շատ կարեւոր է հատկապես նոր կառավարության լուրջ պայքարը կոռուպցիայի դեմ, որի արդյունքներն արդեն իսկ նկատելի են: Սակայն տնտեսագետները նշում են նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարն է’լ ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ընդունել հակակոռուպցիոն կոկրետ ծրագիր եւ այն կենսագործել տարիներ շարունակ: Մասնագետները մշտապես խոսում են նաեւ հակամենաշնորհային պայքարի մասին եւ այդ առումով տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքն այն մասին, թե նա որոշ մենաշնորհներ վերացրեց 45 րոպեի ընթացքում:
Իսկ ինչ իրական սպասելիքներ կարող ենք ունենալ. ինչպես հիշում ենք` անցալ տարվա վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսում էին ՀՆԱ-ի` 3,5%-ի չափով, եւ գրեթե նույն կանխատեսումն էին անում Համաշխարհային բանկի աղբյուրները: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում այդ ցուցանիշները վերանայվել են, եւ Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 4,1%-ով, իսկ Հայաստանի կառավարությունը` 4,5%-ի չափով:
Եւ տարբեր վերլուծությունները նաեւ համոզվածություն են սերմանել, թե 2018 թ. բարենպաստ միտումների խորացման պայմաններում հնարավոր է ակնկալել ոչ միայն մինչեւ 6%, այլեւ նույնիսկ 7-8% ՀՆԱ աճ: Եվ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ստացած ժառանգությունն ու իրողությունները` նրան ու իր թիմին բարդ աշխատանք է սպասվում:
Նաիրա Հովհաննիսյան