Երբ հեղափոխությունը ամբողջանա, վստահ եմ՝ շատերը կգան. ֆրանսահայ գործարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը 2011թ.-ի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից: Պատճառն այն էր, որ նրա ընկերությունը դատարանի որոշմամբ անցավ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին: Գործունյանը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ չի վերադառնալու, մինչեւ գործող իշխանությունները չփոխվեն: «Ես ներդրեցի իմ ժամանակը, էներգիան, առողջությունն ու գումարները, որպեսզի Աբովյան փողոցում լուսավորվի փարիզյան փոքրիկ սրճարանը, որ եղել է գործարար, ընկերական ու հանգստի հանդիպումների վայր: Սակայն փոքրիկ երազանքս ինձ համար վերածվել է անվերջանալի մղձավանջի»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը ֆրանսահայ գործարարի հետ զրուցեց վերջինիս հայտնի պատմության եւ նոր իրավիճակի հետ կապված նրա ակնկալիքների մասին:

-Տիկի՛ն Գործունյան, մի փոքր պատմեք՝ ի՞նչ տեղի ունեցավ տարիներ առաջ եւ ո՞վքեր էին կանգնած դրա հետեւում:

-Ինձ հետ շատ անարդարացի են վարվել Հայաստանում տարիներ առաջ: Երբ ես ու ամուսինս բաժանվեցինք, ես բիզնես ունեի եւ կարծում էի, որ որեւէ տարբերակ չկա դա ինձնից խլելու: Սա կարգավորվել է պայմանագրով, որը կնքվել էր Ֆրանսիայում: Սակայն Հայաստանում դատական գործընթացների ժամանակ ասացին, որ այդ թուղթը այդեղ չի անցնում: Նաեւ իբր հաշվապահության հետ կապված խնդիրներ կային, որոնք շինծու էին: Եվ դրանով էլ ինձ ստիպեցին 150.000 դոլար հարկ վճարել: Այդպես եղավ, որովհետեւ Սերժի Վաչոն նախկին ամուսնուս ամենամոտ ընկերն է: Եվ նրանք արեցին այն, ինչ ուզեցին: Նամակ գրեցի այդ ժամնակավա վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով, որ թույլ տան գոնե քիչ-քիչ վճարել դրանք: Չնայած ասեմ, որ միեւնույնն է, հանաձայն չէի դրանց հետ: Նամակս անպատասխան մնաց: Պարզապես ստիպված էի: Ինձ հետ կատարվածի մեջ Հայաստանի նախկին իշխանություններն են մեղավոր: Այդ դեպքերից հետո շատ հիասթափված վերադարձա Փարիզ:

-Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Ի՞նչ եք կարծում, որը դարձավ ժողովրդի ամենակարեւոր մոտիվացիան:

-Ես անկեղծորեն զարմացել էի այդ ամենի վրա: Չէի պատկերացնում, որ կլիներ նման բան: Բայց երեւի թե ճիշտ ժամանակին եղավ այն, ինչ պիտի լիներ: Շատ փորձեր են եղել, որոնք ձախողվել են, բայց պարոն Փաշինյանը հաջողեց: Ուրեմն երեւի այսպես պիտի լիներ: Սա իրոք ժողովրդի վերջին հույսն էր:

-Բազմիցս նշել եք, որ կվերադառնաք Հայաստան միայն այն դեպքում, երբ իշխանափոխություն լինի: Հիմա ի՞նչ եք մտածում վերադարձի մասին:

-Ես ամբողջությամբ հետեւել եմ հեղափոխության գործընթացին եւ ապրել դրանով: Հիմա էլ Հայաստանով եմ ապրում : Ամեն մի նորություն Հայաստանի մասին անչափ կարեւոր է ինձ համար: Տեսնում եմ՝ արդեն իսկ շատ բան է փոխվել: Բայց կարծում եմ՝ դեռ շատ բաներ կան, որ պիտի ուղղվեն: Օրինակ՝ արդարություն լիովին հաստատված չէ գոնե դատական համակարգում, եւ այն դատավորները, որոնք հիմա դեռ համակարգում են, 10-20 տարի եղել են ուղղակի կատարողներ եւ դժվար թե փոխվեն: Իհարկե, բոլորի մասին չէ խոսքս: Երբ ամբողջովին փոխվի, եւ իրապես արդարություն հաստատվի, անշուշտ, որդիներիս հետ կվերդառնամ:

-Ասացիք, որ Ձեզ հետ անարդարացի են վարվել: Հիմա, երբ շատ բաներ այլ են երկրում, հնարավո՞ր է, որ վերսկսեք դատական պրոցեսները:

-Լրջորեն մտածում եմ այդ մասին: Մեծ հավանականություն կա, որ կվերսկսեմ:

-Մտադրություն ո՞ւնեք Հայաստանում բիզնեսով զբաղվել:

-Այո, իհարկե: Նման մտքեր ունեմ: Բնական է, որ սեփական երկրում ինչ-որ լավ բան անել շատ եմ ուզում: Որդիներս շտապեցնում են: Ասում են՝ անհապաղ գնանք Հայաստան: Բայց ես համբերատար սպասում եմ, մինչեւ ամեն ինչ իրապես հրաշալի կլինի: Շատ զգուշավոր եմ դարձել: Պիտի 100 տոկոսով վստահ լինեմ, որ սեփական երկրում ինձ ամբողջովին պաշտպանված եմ զգալու:

-Ի՞նչ եք կարծում, կա՞ն ֆրանսիահայ գործարարներ, որոնք եւս կցանկանան Հայաստանում ներդրումներ անել:

-Կարծում եմ` կան: Երբ հեղափոխությունը ամբողջանա, վստահ եմ՝ շատերը կգան: Իսկ դա կլինի, երբ կազմակերվեն խորհրդարանական ընտրություններ: Դրա անհրաժեշտությունը շատ մեծ է: Ամբողջովին վստահում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին: Գիտեմ՝ հայ ժողովուրդը չի սխալվի, որովհետեւ վստահ եմ, որ Հայաստանում արդեն գիտակցում են՝ վաճառելով իրենց ձայնը` վաճառում են իրենց երեխաների ապագան: Իշխանությունները պետք է սկսեն մտածել այնպիսի պայմաններ ստեղծելու մասին, որը կգրավի նաեւ օտարերկրացի բիզնեսմեններին: Եվ եթե ստացվի նման բան անել, կտեսնենք, թե որքան մարդ է հետաքրքրված մեր երկրով:

Լուսինե Մինասյան




Լրահոս